Հոդված 7. Համայնքի բնակչության նախաձեռնությամբ հարցը տեղական հանրաքվեի դնելու կարգը
Հոդված 7. Համայնքի բնակչության նախաձեռնությամբ հարցը տեղական հանրաքվեի դնելու կարգը
1. «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով համայնքի բնակիչների ներկայացրած հարցը համայնքի ավագանու կողմից չընդունվելու դեպքում հարցի ընդունման նախաձեռնությանը տվյալ համայնքում տեղական հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անձանց ևս 10 տոկոսի միանալու դեպքում սույն օրենքի 9-րդ հոդվածով սահմանված կարգով գրանցված նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցիչը դիմում է Կենտրոնական ընտրական հանձնաժողով կամ համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողով՝ ստորագրությունների վավերականությունը հաստատելու համար: Համայնքի բնակիչների ներկայացրած հարցը համարվում է համայնքի ավագանու կողմից չընդունված նաև «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետում համայնքի ավագանու կողմից հարցը չքննարկվելու կամ հարցի վերաբերյալ որոշում չընդունվելու դեպքում:
2. Տեղական հանրաքվեով ընդունված ակտը փոփոխելու նպատակով կամ առանց հարցը համայնքի ավագանուն ներկայացնելու հարցի ընդունման նախաձեռնությանը «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված թվից առնվազն 10 տոկոս ավել թվով տվյալ համայնքում տեղական հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անձանց միանալու դեպքում նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցիչը դիմում է Կենտրոնական ընտրական հանձնաժողով կամ համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողով՝ ստորագրությունների վավերականությունը հաստատելու համար:
3. Սույն օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված ժամկետում համապատասխան ընտրական հանձնաժողովի կողմից ստորագրությունների վավերականությունը հաստատվելուց հետո՝ հինգ օրվա ընթացքում, նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցիչը տեղական հանրաքվեի դրվող հարցը ներկայացնում է համայնքի ղեկավարին:
(հոդվածը 05.12.24 ՀՕ-513-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում 2025 թվականի ապրիլի 1-ից)