Հոդված 35. Տեղական հանրաքվեի արդյունքների ամփոփումը
Հոդված 35. Տեղական հանրաքվեի արդյունքների ամփոփումը
1. Ընտրատարածքային հանձնաժողովը, սույն օրենքի 35-րդ հոդվածով սահմանված կարգով ամփոփելով հանրաքվեի արդյունքները, ընդունում է հետևյալ որոշումներից մեկը.
ա) տեղական հանրաքվեի դրված հարցն ընդունելու մասին.
բ) տեղական հանրաքվեի դրված հարցը չընդունելու մասին.
գ) տեղական հանրաքվեի արդյունքներն անվավեր ճանաչելու մասին:
2. Տեղական հանրաքվեի դրված հարցը կամ որոշման նախագիծը համարվում է ընդունված, եթե կողմ է քվեարկել քվեարկության մասնակիցների կեսից ավելին, բայց ոչ պակաս, քան ցուցակներում ընդգրկված քաղաքացիների մեկ երրորդը:
3. Տեղական հանրաքվեի դրված հարցը կամ որոշման նախագիծը համարվում է չընդունված, եթե ապահովված չեն սույն հոդվածի 2-րդ կետի պահանջները:
4. Տեղական հանրաքվեի արդյունքները համարվում են անվավեր, եթե անճշտությունների չափը կամ տեղական հանրաքվեի կազմակերպման և անցկացման ընթացքում տեղի ունեցած խախտումներն ազդում են կամ կարող էին ազդել տեղական հանրաքվեի արդյունքների վրա:
5. Տեղական հանրաքվեի արդյունքներն անվավեր ճանաչվելու դեպքում, այդ մասին որոշումն ուժի մեջ մտնելուց ոչ շուտ, քան տասը և ոչ ուշ, քան քսան օր հետո, սույն օրենքով սահմանված կարգով անցկացվում է նոր քվեարկություն:
(35-րդ հոդվածը փոփ. 28.11.06 ՀՕ-244-Ն)