Հոդված 8. Տեղական հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անձանց ստորագրությունները պաշտոնաթերթիկում հավաքելու կարգը
Հոդված 8. Տեղական հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անձանց ստորագրությունները պաշտոնաթերթիկում հավաքելու կարգը
1. Պաշտոնաթերթիկը տեղական հանրաքվե անցկացնելու նախաձեռնության պաշտպանության նպատակով այդ հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անձանց ստորագրությունները հավաքելու համար նախատեսված համարակալված գրքույկ է, որի յուրաքանչյուր էջը պատրաստվում է սույն օրենքի հավելվածում նշված ձևով:
2. Մինչև ստորագրություններ հավաքելու գործընթացն սկսելը, պաշտոնաթերթիկում նշվում են համայնքի անվանումը և տեղական հանրաքվեի դնելու համար առաջարկվող որոշման նախագծի անվանումը: Պաշտոնաթերթիկում ստորագրություններ հավաքող անձը պարտավոր է ստորագրող քաղաքացու առաջին իսկ պահանջով նրան ներկայացնել տեղական հանրաքվեի դնելու համար առաջարկվող որոշման նախագիծը: Պաշտոնաթերթիկում հանրաքվեի յուրաքանչյուր մասնակից ստորագրում է անձամբ:
3. Նախաձեռնող խումբն ինքն է որոշում պաշտոնաթերթիկում ստորագրություններ հավաքող անձանց՝ նրանց տալով վկայագրեր: Նշված անձինք ստորագրություններ հավաքելիս պարտավոր չեն ներկայացնել որևէ այլ փաստաթուղթ, բացի վկայագրից, պաշտոնաթերթիկից, հանրաքվեի դնելու համար առաջարկվող որոշման նախագծից, ինչպես նաև այն նորմատիվ-իրավական ակտից, որի հիման վրա անցկացվում է տեղական հանրաքվեն:
4. Նախաձեռնող խումբն ստորագրություններ հավաքելու գործընթացը կազմակերպում է հանրաքվեի ընտրատարածքային հանձնաժողովից պաշտոնաթերթիկն ստանալուց հետո՝ 30 օրվա ընթացքում: Եթե պաշտոնաթերթիկը տեղական հանրաքվե անցկացնելու համար անհրաժեշտ թվով ստորագրություններով սահմանված ժամկետում չի հանձնվում հանրաքվեի ընտրատարածքային հանձնաժողով, ապա ստորագրություններ հավաքելու գործընթացը դադարում է, իսկ տեղական հանրաքվե անցկացնելու նախաձեռնությունը համարվում է ավարտված: Ստորագրությունների հավաքման հետ կապված ծախսերը փոխհատուցման ենթակա չեն:
5. Տեղական հանրաքվե նշանակելու համար անհրաժեշտ ստորագրությունների նվազագույն քանակը տվյալ տեղական հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անձանց ընդհանուր թվի 5 տոկոսից պակաս չպետք է լինի:
6. Պաշտոնաթերթիկում ստորագրություններ կարող են հավաքվել միայն տվյալ համայնքի ամբողջ տարածքում՝ առանց որևէ համամասնության սահմանման: Պաշտոնաթերթիկում ստորագրություններ հավաքելու գործընթացն իրականացվում է այն վայրերում, որտեղ օրենքով արգելված չէ քարոզչություն անելը և ստորագրություններ հավաքելը:
7. Պաշտոնաթերթիկում ստորագրություններ հավաքելու նպատակով արգելվում է անձամբ կամ որևէ այլ եղանակով հանրաքվեի մասնակիցներին դրամ, արժեթղթեր, սննդամթերք, ապրանքներ տալը (խոստանալը) կամ անհատույց ծառայություններ մատուցելը (խոստանալը): Արգելվում է պաշտոնաթերթիկում ստորագրություններ հավաքել աշխատավարձի, թոշակի և նպաստի վճարման ընթացքում և վայրում:
(8-րդ հոդվածը փոփ., խմբ. 28.11.06 ՀՕ-244-Ն)