Հոդված 7. Տեղական հանրաքվե անցկացնելու նախաձեռնությունը
Հոդված 7. Տեղական հանրաքվե անցկացնելու նախաձեռնությունը
1. Տեղական հանրաքվե անցկացնելու նախաձեռնության իրավունք ունեն այդ հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անձինք, ինչպես նաև տվյալ համայնքի ավագանին և ղեկավարը:
Համայնքները միացնելու կամ առանձնացնելու հարցով Հայաստանի Հանրապետության կառավարությունն օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալուց առաջ համապատասխան համայնքներում նշանակում է տեղական հանրաքվեներ:
2. Տեղական հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող առնվազն 5 քաղաքացի կարող են ձևավորել տեղական հանրաքվեի անցկացման նախաձեռնող խումբ (այսուհետ՝ նախաձեռնող խումբ):
3. Նախաձեռնող խումբը դիմում է տվյալ համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները կազմակերպող ընտրատարածքային ընտրական հանձնաժողով (այսուհետ` ընտրատարածքային ընտրական հանձնաժողով)` գրանցվելու խնդրանքով, որի համար իր բոլոր անդամների ստորագրած դիմումին կից ներկայացնում է`
ա) տեղական հանրաքվեի դնելու համար առաջարկվող տեղական ինքնակառավարման մարմնի որոշման նախագիծը.
բ) իր անդամների և լիազոր ներկայացուցիչների ազգանունը, անունը, ծննդյան թիվը, բնակության և աշխատանքի վայրը (պաշտոնը), կուսակցական պատկանելությունը, անձնագրային տվյալները.
գ) տեղական հանրաքվե անցկացնելու նախաձեռնությամբ հանդես գալու մասին իր ժողովի որոշման արձանագրությունը:
4. Նախաձեռնող խմբի դիմումն ստանալու օրվանից 15-օրյա ժամկետում հանրաքվեի ընտրատարածքային հանձնաժողովն ստուգում է այդ դիմումի ու դրան կից ներկայացված փաստաթղթերի օրինականությունը և որոշում է ընդունում նախաձեռնող խումբը գրանցելու կամ նախաձեռնող խմբի գրանցումը մերժելու մասին:
5. Եթե տեղական հանրաքվեի դնելու համար առաջարկվող որոշման նախագիծը չի համապատասխանում սույն օրենքի պահանջներին, ապա նախաձեռնող խմբի առաջարկությամբ կամ համաձայնությամբ հանրաքվեի ընտրատարածքային հանձնաժողովը, մինչև նախաձեռնող խմբին գրանցելու վերաբերյալ որոշում ընդունելը, կարող է փոփոխել այդ նախագծի ձևակերպումը՝ պահպանելով դրա հիմնական բովանդակությունը:
6. Եթե հանրաքվեի ընտրատարածքային հանձնաժողովը որոշում է ընդունում նախաձեռնող խմբին գրանցելու մասին, ապա նա վերջինիս լիազոր ներկայացուցչին հանձնում է տեղական հանրաքվեի դնելու համար առաջարկվող որոշման նախագծի գրանցման վկայականը և հանրաքվեի անցկացման նախաձեռնությունը պաշտպանելու համար ստորագրահավաքի պաշտոնաթերթիկները (այսուհետ՝ պաշտոնաթերթիկներ)՝ այդ մասին տեղեկացնելով համապատասխան մարզպետին (Երևանի քաղաքապետին), համայնքի ավագանուն, ղեկավարին և զանգվածային լրատվության միջոցներին:
7. Եթե հանրաքվեի ընտրատարածքային հանձնաժողովը որոշում է ընդունում նախաձեռնող խմբի գրանցումը մերժելու մասին, ապա նա այդ որոշման մեջ նշում է մերժման հիմքերը և երկու աշխատանքային օրվա ընթացքում դա պաշտոնապես հանձնում է նախաձեռնող խմբին:
8. Նախաձեռնող խմբի գրանցումը մերժելու համար հիմք կարող է լինել միայն նախաձեռնող խմբի կողմից սույն օրենքի պահանջների խախտումը: Նախաձեռնող խմբի գրանցումը մերժելու մասին որոշումը կարող է օրենքով սահմանված կարգով բողոքարկվել դատարանում:
(7-րդ հոդվածը լրաց., խմբ., փոփ. 28.11.06 ՀՕ-244-Ն)