Հոդված 4
Հոդված 4.
Սույն օրենքի 2-րդ հոդվածով սահմանված հարկային արտոնություններից օգտվելու համար օրենքի 3-րդ հոդվածով սահմանված պայմանները բավարարող ինքնազբաղված անձինք իրենց հաշվառման վայրի հարկային մարմին են ներկայացնում դիմում` հարկերից ազատման արտոնագիր ստանալու և հարկային արտոնությունից օգտվելու վերաբերյալ (այսուհետ` դիմում): Դիմումի ձևը և դրա լրացման կարգը սահմանում է հարկային մարմինը:
Ինքնազբաղված անձինք դիմումը ներկայացնում են գործունեության իրականացման որևէ ժամանակահատվածի (օրացուցային տարվա ընթացքում ընտրված ցանկացած ամսվա կամ մեկից ավելի ամիսների կամ օրացուցային տարվա կամ օրացուցային տարիների) համար մինչև տվյալ գործունեության տեսակն իրականացնելը կամ տվյալ գործունեության տեսակը շարունակելը: Դիմումում պարտադիր լրացվում են`
1) ինքնազբաղված անձի անունը, ազգանունը, անձնագրի սերիան և համարը, սոցիալական քարտի համարը (առկայության դեպքում), անհատ ձեռնարկատեր համարվող ֆիզիկական անձի հարկ վճարողի հաշվառման համարը (այսուհետ` ՀՎՀՀ).
2) գործունեություն իրականացնելու ժամանակահատվածը.
3) գործունեության իրականացման տեսակը (տեսակները), վայրը (բացառությամբ իր բնույթով պայմանավորված՝ իրականացման մշտական վայր չունեցող գործունեության տեսակների):
Դիմում ներկայացնելու օրը անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձը հաշվառվում է հարկային մարմնի կողմից, և օրենքով սահմանված կարգով ու ժամկետում նրան տրամադրվում է ՀՎՀՀ:
Դիմում ներկայացնելու օրվան հաջորդող մեկ աշխատանքային օրվա ընթացքում հարկային մարմինն ինքնազբաղված անձին տրամադրում է հարկերից ազատման արտոնագիր` իրականացվող գործունեության տեսակների մասով սույն օրենքով սահմանված հարկային արտոնության կիրառման վերաբերյալ, եթե բավարարում է սույն օրենքի 3-րդ հոդվածով սահմանված պահանջները: Սույն օրենքով սահմանված հարկային արտոնությունը կիրառվում է ինքնազբաղված անձի կողմից դիմումի ներկայացման օրը ներառող ամսվանից սկսած: