Անցնել բովանդակությանը

Հոդված 7. Օրենսդրության խախտումներով օտարված, տրամադրված (ձեռք բերված), ինչպես նաև ինքնակամ զբաղեցված հողամասերի նկատմամբ սեփականության իրավունքի ճանաչման հիմքերը

գործել է մինչև 2005-02-22Բացել ARLIS-ում

Հոդված 7. Օրենսդրության խախտումներով օտարված, տրամադրված (ձեռք բերված), ինչպես նաև ինքնակամ զբաղեցված հողամասերի նկատմամբ սեփականության իրավունքի ճանաչման հիմքերը

1. Առաջին պետական գրանցման աշխատանքների իրականացման ընթացքում կադաստրային քարտեզագրման արդյունքում, ինչպես նաև հաշվառված` օրենսդրության խախտումներով սեփականաշնորհված գյուղատնտեսական նշանակության, ինչպես նաև այգեգործական (ամառանոցային) հողամասերի նկատմամբ սույն օրենքի ուժով ճանաչվում է դրանք զբաղեցնողների սեփականության իրավունքը, եթե սեփականաշնորհված հողամասերը համարվել են գյուղատնտեսական կամ պետական պահուստային ֆոնդի հողատեսքեր, ընդ որում` սեփականության իրավունքը ճանաչվում է փաստացի օգտագործվող հողամասերի նկատմամբ:

2. Առաջին պետական գրանցման աշխատանքների իրականացման ընթացքում կադաստրային քարտեզագրման արդյունքում, ինչպես նաև հաշվառված` օրենսդրության խախտումներով սեփականաշնորհված (տրամադրված) տնամերձ, անհատական բնակելի տան կառուցման համար նախատեսված հողամասերի նկատմամբ սույն օրենքի ուժով՝

ա) գյուղական համայնքներում ճանաչվում է սեփականության իրավունքը փաստացի օգտագործվող հողամասերի նկատմամբ, եթե այդ հողամասերը չեն գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, և եթե այդ իրավունքի ճանաչումը չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, և (կամ) չի առաջացնում սերվիտուտ:

Սույն ենթակետով սահմանված հողամասերի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչվում է համայնքի ղեկավարի, իսկ համայնքի վարչական տարածքներից դուրս` համապատասխան մարզպետի կողմից տրված տեղեկանքի հիման վրա այն մասին, որ այդ հողամասերը չեն գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում.

բ) քաղաքային համայնքներում կարող է ճանաչվել սեփականության իրավունքը, եթե այդ հողամասերը չեն գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, և եթե այդ իրավունքի ճանաչումը չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, չի առաջացնում սերվիտուտ և չի հակասում քաղաքաշինական նորմերին:

Սույն ենթակետով սահմանված հողամասերի փաստացի օգտագործվող չափերը չպետք է գերազանցեն փաստաթղթերով ունեցած (տրամադրված) չափերի կրկնապատիկը: Սահմանված չափից ինքնակամ մինչև 20 տոկոս ավելի օգտագործվող հողամասերը փոխանցվում են անհատույց սեփականության իրավունքով:

Փաստաթղթերով ունեցած (տրամադրված) չափից 20 տոկոսից ավելի ինքնակամ օգտագործվող հողամասն օգտագործողի կողմից պետք է ձեռք բերվի դրա կադաստրային արժեքի 30 տոկոսի չափով: Նշված հողամասերը ձեռք չբերելու դեպքում, ինչպես նաև օրենսդրությամբ սահմանվածի կրկնապատիկից ավելի օգտագործվող հողամասերի դեպքում, ամբողջ ավելի օգտագործվող հողամասը հետ է վերցվում և ճանաչվում է համայնքների սեփականություն, իսկ Երևան քաղաքում` պետական սեփականություն:

3. Մինչև Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի ուժի մեջ մտնելը ոչ պատշաճ ձևով անցկացված աճուրդով կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրության խախտումներով օտարված (վաճառված, ձեռք բերված) և չկառուցապատված տնամերձ կամ բնակելի տան կառուցման և սպասարկման համար նախատեսված, ինչպես նաև գյուղատնտեսական նշանակության պետական սեփականություն համարվող հողամասերի նկատմամբ սույն օրենքի ուժով ճանաչվում է ձեռք բերողի սեփականության իրավունքը:

4. Սույն հոդվածի 3-րդ մասում նշված հողամասերի վրա կառուցված բնակելի նշանակության շենքերի, շինությունների նկատմամբ համայնքի ղեկավարի (Երևան քաղաքում` Երևանի քաղաքապետի), իսկ համայնքի վարչական տարածքից դուրս` համապատասխան մարզպետի որոշման հիման վրա կարող է ճանաչվել սեփականության իրավունքը, ընդ որում` քաղաքային համայնքներում կառուցված շենքերի, շինությունների նկատմամբ սեփականության իրավունքը կարող է ճանաչվել, եթե այդ շենքերը, շինությունները բավարարում են սույն օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված պայմանները:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։