Հոդված 8. Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և հողամասերի նկատմամբ իրավունքների ճանաչման և գրանցման կարգը
Հոդված 8. Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և հողամասերի նկատմամբ իրավունքների ճանաչման և գրանցման կարգը
1. Սույն օրենքի 4-րդ հոդվածի 2-4-րդ մասերով, 5-րդ հոդվածի 1-3-րդ մասերով, 6-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով և 7-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետով սահմանված դեպքերում քաղաքացիները կամ իրավաբանական անձինք ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցված հողամասերի նկատմամբ իրավունքների ճանաչման նպատակով, ըստ դրանց գտնվելու վայրի, պետք է դիմեն անշարժ գույքի կադաստր վարող պետական մարմնի տարածքային ստորաբաժանումներ:
2. Անշարժ գույքի կադաստր վարող պետական մարմնի տարածքային ստորաբաժանումները դիմումն ստանալու օրվանից հինգ օրացուցային օրվա ընթացքում համայնքի վարչական սահմաններում՝ համայնքի ղեկավարին (Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետին), իսկ համայնքի վարչական սահմաններից դուրս՝ համապատասխան մարզպետին են ներկայացնում ինքնակամ կառուցված շենքի, շինության կամ հողամասի հատակագիծը:
Համայնքի ղեկավարը (Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետը), իսկ համայնքի վարչական տարածքից դուրս՝ համապատասխան մարզպետը 30 օրացուցային օրվա ընթացքում կայացնում է դիմումի մերժման կամ ինքնակամ կառուցված շենքի, շինության կամ ինքնակամ զբաղեցված հողամասի օրինականացման մասին որոշում: Ընդ որում, օրինականացման մասին որոշում կայացնելու և սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-3-րդ մասերով սահմանված պայմաններին բավարարելու դեպքում որոշման մեջ նշվում են հողամասի օտարման պայմանները՝ առանց օտարման պայմանագիր կնքելու, իսկ հողամասի վարձակալության դեպքում կնքվում է նաև համապատասխան պայմանագիր: Նշված ժամկետում որևէ որոշում չկայացվելու դեպքում ինքնակամ կառուցված շենքերը, շինությունները համարվում են օրինական, իսկ հողամասերը համարվում են տրամադրված վարձակալության իրավունքով, հողի հարկի տարեկան դրույքաչափին հավասարեցված վարձավճարով, գնելու նախապատվության իրավունքով, դրանց կադաստրային արժեքը վճարելու պայմանով, իսկ դրանց նկատմամբ իրավունքները ենթակա են պետական գրանցման` սահմանված կարգով:
3. Համայնքի ղեկավարի (Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետի), իսկ համայնքի վարչական սահմաններից դուրս՝ համապատասխան մարզպետի կողմից ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և (կամ) ինքնակամ զբաղեցված հողամասերի օրինականացման մասին որոշման հիման վրա քաղաքացիները կամ իրավաբանական անձինք, իրավունքների պետական գրանցման նպատակով, կրկին դիմում են անշարժ գույքի կադաստր վարող պետական մարմնի տարածքային ստորաբաժանում՝ դիմումին կցելով՝
ա) սույն օրենքի 4-րդ հոդվածի 2-4-րդ մասերով սահմանված դեպքերում՝ համայնքի ղեկավարի (Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետի), իսկ համայնքի վարչական տարածքից դուրս` համապատասխան մարզպետի որոշումը.
բ) սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-3-րդ մասերով սահմանված դեպքերում՝ համայնքի ղեկավարի (Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետի), իսկ համայնքի վարչական սահմաններից դուրս՝ համապատասխան մարզպետի որոշումը, հողամասի վարձակալության դեպքում` նաև վարձակալության պայմանագիրը և հողամասի հատակագիծը.
գ) սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով սահմանված դեպքերում՝ համայնքի ղեկավարի (Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետի)` օրինականացման մասին որոշումը` կայացված շենքի ամրության ցուցանիշների վերաբերյալ տեխնիկական եզրակացության հիման վրա.
դ) սույն օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված դեպքերում՝ նախկինում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կամ սեփականաշնորհման հանձնաժողովների կողմից կայացված որոշումները.
ե) սույն օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետով սահմանված դեպքերում՝ նախկինում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կամ սեփականաշնորհման հանձնաժողովների կողմից կայացված որոշումները, հողամասերի վրա կառուցված բնակելի նշանակության շենքերի, շինությունների օրինականացման և սեփականության իրավունքի ճանաչման մասին համայնքի ղեկավարի (Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետի) որոշումը.
զ) սույն օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքերում՝ հողամասերի վրա կառուցված բնակելի նշանակության շենքերի, շինությունների օրինականացման և սեփականության իրավունքի ճանաչման մասին համայնքի ղեկավարի (Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետի) որոշումը, նախկինում օտարման կամ աճուրդի արդյունքների հիման վրա կնքված հողամասի առուվաճառքի պայմանագիրը կամ աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը (եթե դրանք պահպանվել են), հողամասի ձեռքբերման գնի վճարման անդորրագիրը:
4. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված փաստաթղթերն անշարժ գույքի կադաստր վարող պետական մարմնի տարածքային ստորաբաժանում ներկայացնելու ընթացքում դիմողները համապատասխան բյուջե պետք է մուծեն վճարներ հետևյալ դրույքաչափերով՝
ա) ինքնակամ կառուցված բնակելի տների և այգետնակների յուրաքանչյուր 1 քառակուսի մետրի համար` 1000 դրամ.
բ) հասարակական նշանակության շենքերի, շինությունների յուրաքանչյուր 1 քառակուսի մետրի համար` 2000 դրամ.
գ) բնակելի տներին և այգետնակներին կից ինքնակամ կառուցված տնտեսական և օժանդակ, արտադրական նշանակության շենքերի, շինությունների յուրաքանչյուր 1 քառակուսի մետրի համար` 500 դրամ.
դ) բազմաբնակարան շենքերում ինքնակամ տեղափոխված դռների հաշվին առաջացած տարածքների, ինչպես նաև ինքնակամ կառուցված պատշգամբների, նկուղների, տանիքներում կառուցված ձեղնահարկերի, վերնասրահների և այլ կցակառույցների յուրաքանչյուր 1 քառակուսի մետրի համար` 1000 դրամ.
ե) ինքնակամ ձևափոխված յուրաքանչյուր դռան և պատուհանի համար՝ 1000 դրամ:
Դիմողները, սույն մասով սահմանված ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների համար, սահմանված կարգով համապատասխան բյուջե մուծված վճարների անդորրագրերը սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված փաստաթղթերի հետ պետք է ներկայացնեն անշարժ գույքի կադաստր վարող պետական մարմնի տարածքային ստորաբաժանումներ:
5. Ընդհանուր համատեղ կամ ընդհանուր բաժնային սեփականություն համարվող գյուղատնտեսական նշանակության, տնամերձ, այգեգործական, ինչպես նաև անհատական բնակելի տան կառուցման և սպասարկման համար հատկացված հողամասերում ինքնակամ կառուցված բնակելի նշանակության շենքերի, շինությունների նկատմամբ ճանաչվում է հողամասի սեփականատերերի սեփականության իրավունքը կամ այդ սեփականատերերից որևիցե մեկի իրավունքը` նրանց համաձայնության հիման վրա: Համաձայնության բացակայության դեպքում իրավունքների պետական գրանցումը մերժվում է, իսկ հարցը կարող է լուծվել դատական կարգով: