Հոդված 4. Քաղաքացիների կամ իրավաբանական անձանց սեփականություն համարվող հողամասերի վրա ինքնակամ կառուցված շենքերի (շինությունների) նկատմամբ սեփականության իրավունքի ճանաչման հիմքերը
Հոդված 4. Քաղաքացիների կամ իրավաբանական անձանց սեփականություն համարվող հողամասերի վրա ինքնակամ կառուցված շենքերի (շինությունների) նկատմամբ սեփականության իրավունքի ճանաչման հիմքերը
1. Քաղաքացիների կամ իրավաբանական անձանց սեփականություն համարվող տնամերձ, այգեգործական, ինչպես նաև անհատական բնակելի տան կառուցման և սպասարկման համար հատկացված հողամասերում ինքնակամ կառուցված բնակելի նշանակության շենքերի, շինությունների նկատմամբ ճանաչվում է այդ անձանց սեփականության իրավունքը:
2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված հողամասերում, ինչպես նաև սեփականության իրավունքով ձեռք բերված հասարակական կամ արտադրական նշանակության հողամասերում ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների նկատմամբ կարող է ճանաչվել սեփականության իրավունքը, եթե այդ իրավունքի ճանաչումը չի հակասում քաղաքաշինական նորմերին:
3. Քաղաքացիների կամ իրավաբանական անձանց սեփականաշնորհված գյուղատնտեսական և այլ նշանակության հողամասերի վրա ինքնակամ կառուցված, գյուղատնտեսական արտադրության կազմակերպման համար նախատեսված շենքերի, շինությունների նկատմամբ կարող է ճանաչվել հողամասի սեփականատերերի սեփականության իրավունքը, եթե`
ա) դրանք չեն տեղադրված ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում.
բ) դրանք չեն հակասում քաղաքաշինական նորմերին.
գ) դրանով չեն սահմանափակվում այլ անձանց իրավունքները:
4. Սույն հոդվածի 3-րդ մասում նշված հողամասերում ինքնակամ կառուցված բնակելի, հասարակական, ոչ գյուղատնտեսական արտադրական նշանակության շենքերի, շինությունների նկատմամբ հողամասի սեփականատերերի սեփականության իրավունքը կարող է ճանաչվել, եթե դրանք`
ա) բավարարում են սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված պայմանները.
բ) չեն առաջացնում սերվիտուտ:
5. Քաղաքացիների կամ իրավաբանական անձանց սեփականություն համարվող հողամասերում այլ անձանց կողմից ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչվում է հողի սեփականատիրոջ համաձայնությամբ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով՝ սույն հոդվածի 2-րդ, 3-րդ և 4-րդ մասերով նախատեսված պայմանները բավարարելու դեպքերում:
6. Սույն հոդվածի 2-րդ, 3-րդ և 4-րդ մասերով սահմանված դեպքերում սեփականության իրավունքը ճանաչվում է համայնքի ղեկավարի (Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետի), իսկ համայնքի վարչական սահմաններից դուրս գտնվող հողամասերի և դրանց վրա ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների նկատմամբ` համապատասխան մարզպետի որոշման հիման վրա: