Անցնել բովանդակությանը

Հոդված 5. Պետական կամ համայնքային սեփականության հողամասերի վրա ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների նկատմամբ սեփականության իրավունքի ճանաչման հիմքերը

գործել է մինչև 2005-02-22Բացել ARLIS-ում

Հոդված 5. Պետական կամ համայնքային սեփականության հողամասերի վրա ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների նկատմամբ սեփականության իրավունքի ճանաչման հիմքերը

1. Պետական կամ համայնքային սեփականություն համարվող հողամասերի վրա ինքնակամ կառուցված բնակելի նշանակության շենքերի, շինությունների նկատմամբ կարող է ճանաչվել կառուցապատողի սեփականության իրավունքը, եթե դրանք գտնվում են բնակավայրի սահմաններում, կառուցված չեն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չեն սահմանափակում այլ անձանց իրավունքները, չեն առաջացնում սերվիտուտ և չեն հակասում քաղաքաշինական նորմերին:

Սույն մասով նախատեսված դեպքերում ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների նկատմամբ կարող է ճանաչվել կառուցապատողի սեփականության իրավունքը` դրանց պահպանման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասերը կադաստրային արժեքով և ուղղակի վաճառքի ձևով ձեռք բերելու պայմանով: Այդպիսի հողամասերի չափերը որոշվում են Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքով սահմանված կարգով:

2. Պետական կամ համայնքային սեփականության հողամասերի վրա ինքնակամ կառուցված հասարակական, արտադրական նշանակության շենքերի, շինությունների նկատմամբ ճանաչվում է կառուցապատողի սեփականության իրավունքը, եթե դրանք կառուցված չեն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չեն սահմանափակում այլ անձանց իրավունքները, չեն առաջացնում սերվիտուտ և չեն հակասում քաղաքաշինական նորմերին:

Սույն մասով նախատեսված դեպքերում շենքերի, շինությունների նկատմամբ կառուցապատողի սեփականության իրավունքը ճանաչվում է, եթե շենքերի, շինությունների պահպանման և սպասարկման համար անհրաժեշտ հողամասերը դրանց կադաստրային արժեքով ձեռք են բերվում սեփականության իրավունքով կամ վարձակալվում են մինչև 10 տարի ժամկետով` հողի հարկի տարեկան դրույքաչափին հավասարեցված վարձավճարով:

Սույն մասով նախատեսված դեպքերում հողամասերի չափերը կարող են լինել ոչ ավելի, քան բոլոր շենքերի, շինությունների կառուցապատման ընդհանուր մակերեսի հնգապատիկը:

3. Պետական կամ համայնքային սեփականության հողամասերում ինքնակամ կառուցված անհատական օգտագործման տնտեսական-կենցաղային նշանակության շենքերի, շինությունների (ավտոտնակների, անասնաշենքերի, հացատների և այլն) նկատմամբ ճանաչվում է կառուցապատողի սեփականության իրավունքը, եթե դրանք համապատասխանում են սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պայմաններին, ընդ որում` այդ շենքերի, շինությունների տակ գտնվող հողամասերը՝

ա) քաղաքային համայնքներում կարող են տրամադրվել միայն վարձակալության հիմունքներով, հողի հարկի տարեկան դրույքաչափին հավասարեցված վարձավճարով` մինչև 10 տարի ժամկետով.

բ) գյուղական համայնքներում կարող են օտարվել ուղղակի վաճառքի ձևով` հողամասի կադաստրային արժեքով, կամ տրամադրվել վարձակալության իրավունքով` հողի հարկի տարեկան դրույքաչափին հավասարեցված վարձավճարով:

4. Հողամասերը գնելուց կամ վարձակալելուց հրաժարվելու դեպքում ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների նկատմամբ չի ճանաչվում սեփականության իրավունքը, և դրանց հետագա կարգավիճակը որոշվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով:

5. Սույն հոդվածով նախատեսված դեպքերում ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների նկատմամբ սեփականության իրավունքը կարող է ճանաչվել, իսկ հողամասերը` օտարվել կամ վարձակալությամբ տրամադրվել համայնքի ղեկավարի (Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետի), իսկ համայնքի վարչական տարածքից դուրս գտնվող հողամասերի վրա ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների նկատմամբ` համապատասխան մարզպետի որոշման հիման վրա:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։