Հոդված 33. Հայտարարագրման ժամկետները և հայտարարագրում փոփոխություն կատարելը
Հոդված 33. Հայտարարագրման ժամկետները և հայտարարագրում փոփոխություն կատարելը
(վերնագիրը խմբ. 09.06.17 ՀՕ-98-Ն)
1. Հայտարարատու պաշտոնատար անձինք պաշտոնեական պարտականություններն ստանձնելու կամ դադարեցնելու օրվա դրությամբ հայտարարագրերը այդ օրերին հաջորդող 30 օրվա ընթացքում ներկայացնում են Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով: Նշված անձինք պաշտոնավարման ընթացքում հայտարարագրեր են ներկայացնում նաև յուրաքանչյուր տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ` ոչ ուշ, քան տվյալ տարվան հաջորդող տարվա մարտի 30-ը։
2. Եթե հայտարարատու պաշտոնատար անձն իր լիազորությունների դադարումից (դադարեցումից) հետո՝ 15 օրվա ընթացքում, նշանակվում (ընտրվում) է սույն օրենքին համապատասխան հայտարարագրման պարտականություն նախատեսող պաշտոնում, ապա նա պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու և ստանձնելու օրվա դրությամբ հայտարարագիր չի ներկայացնում:
3. Հայտարարատու պաշտոնատար անձը, նրա ընտանիքի կազմի մեջ մտնող անձը կարող են մինչև հայտարարագրերի հրապարակման համար օրենքով սահմանված ժամկետը լրանալը դիմել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով՝ հայտարարագրերում իրենց հայտնաբերած վրիպակներն ուղղելու նպատակով: Վրիպակներն ուղղելու նպատակով տրամադրվող ժամկետը չի կարող գերազանցել հինգ աշխատանքային օրը: Հայտարարագրերը նշված ժամկետում չներկայացվելու դեպքում հանձնաժողովը հիմք է ընդունում սկզբնապես ներկայացված հայտարարագրերը:
4. Հայտարարատու պաշտոնատար անձը, նրա ընտանիքի կազմի մեջ մտնող անձը Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով նախատեսված պատասխանատվության ենթարկվելուց հետո նշված օրենսգրքով սահմանված ժամկետում դիմում են Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով՝ հայտարարագրերում նշված տվյալներն ուղղելու նպատակով:
5. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դիմումն ստանալու և վրիպակները սահմանված ժամկետում վերացնելու դեպքում հանձնաժողովը վարույթ չի հարուցում:
(33-րդ հոդվածը խմբ. 09.06.17 ՀՕ-98-Ն)