Հոդված 43.1. Հայտարարագրերի վերլուծությունը
Հոդված 43.1. Հայտարարագրերի վերլուծությունը
1. Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովն իրականացնում է՝
1) հայտարարագրի լրացման և ներկայացման պահանջների պահպանման ստուգում.
2) հայտարարագրված տվյալների արժանահավատության և ամբողջականության ստուգում:
2. Հայտարարագրերի վերլուծության մեթոդաբանությունը և կարգը սահմանում է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը:
3. Հայտարարագրերի վերլուծության գործընթացում Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովն իրավասու է պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, Կենտրոնական դեպոզիտարիայից և արժեթղթերի սեփականատերերի (անվանատերերի) ռեեստրի վարման իրավունք ունեցող այլ անձանցից, վարկային բյուրոներից պահանջելու (այդ թվում՝ էլեկտրոնային հարցման եղանակով) հայտարարատու պաշտոնատար անձի և նրա ընտանիքի կազմի մեջ գտնվող անձանց առնչվող տեղեկություններ, փաստաթղթեր և ստանալու դրանք, բացառությամբ «Բանկային գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերի:
Տեղեկությունները և փաստաթղթերը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին տրամադրվում են անվճար՝ հնարավորինս սեղմ ժամկետում, բայց ոչ ուշ, քան հարցումն ստանալուց հետո՝ 10 օրվա ընթացքում, եթե հարցման մեջ այլ ժամկետ նշված չէ, կամ հարցման հասցեատերը պահանջը կատարելու համար այլ ողջամիտ ժամկետ չի առաջարկում, որը չի կարող գերազանցել 30 օրը։ Կենտրոնական դեպոզիտարիան և արժեթղթերի սեփականատերերի (անվանատերերի) ռեեստրի վարման իրավունք ունեցող այլ անձինք, ինչպես նաև վարկային բյուրոները տեղեկություններն ու փաստաթղթերը տրամադրում են անվճար՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կողմից յուրաքանչյուր հայտարարատու պաշտոնատար անձի և նրա ընտանիքի կազմի մեջ մտնող անձի ներկայացրած հայտարարագրերի թվին հավասար թվով հարցումներ ներկայացվելու դեպքում:
4. Հայտարարագրերի վերլուծության գործընթացում ապահովվում է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի տեղեկատվական բազայի փոխգործարկելիությունը պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, սույն հոդվածի 3-րդ մասում նշված կազմակերպությունների՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով մշակված տեղեկատվական բազաների հետ և հայտարարագրման ենթակա տվյալներին հանձնաժողովի առցանց հասանելիությունը:
5. Եթե հայտարարագրերի վերլուծության արդյունքում բավարար հիմքեր կան եզրակացնելու, որ հայտարարագիրն օրենքով սահմանված ժամկետում ներկայացված չէ կամ ներկայացված է համապատասխան պահանջների և կարգի խախտմամբ, կամ հայտարարագրված տվյալը սխալ է կամ ոչ ամբողջական, ապա Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովն իրականացնում է վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննության վարույթ:
(43.1-ին հոդվածը լրաց. 09.06.17 ՀՕ-98-Ն)