Հոդված 32. Գույքի, եկամուտների, շահերի և փոխկապակցված անձանց մասին հայտարարագրման պարտականությունը
Հոդված 32. Գույքի, եկամուտների, շահերի և փոխկապակցված անձանց մասին հայտարարագրման պարտականությունը
(վերնագիրը խմբ. 09.06.17 ՀՕ-98-Ն)
1. Սույն օրենքի իմաստով՝ հայտարարատու պաշտոնատար անձինք են բարձրաստիճան պաշտոնատար անձինք, ինչպես նաև բարձրաստիճան պաշտոնատար անձ չհանդիսացող քաղաքացիական ծառայության բարձրագույն պաշտոններ զբաղեցնող անձինք, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության բարձրագույն պաշտոններ զբաղեցնող անձինք, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարը և աշխատակազմի առանձնացված ստորաբաժանման ղեկավարը, Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում ծառայության, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտի պետական ծառայության բարձրագույն խմբի պաշտոններ զբաղեցնող անձինք, Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության աշխատակազմի ղեկավարը և նրա տեղակալը, Հայաստանի Հանրապետության նախարարությունների կառավարման ոլորտում գործող պետական մարմինների ղեկավարները և նրանց տեղակալները, դատական ծառայության բարձրագույն խմբի պաշտոններ զբաղեցնող անձինք, հատուկ ծառայությունների բարձրագույն և գլխավոր պաշտոններ զբաղեցնող անձինք, բացառությամբ պաշտպանության, ազգային անվտանգության հանրապետական գործադիր մարմիններում և փրկարար ծառայությունների գլխավոր պաշտոններ զբաղեցնող անձանց, քրեակատարողական և դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունների գլխավոր պաշտոններ զբաղեցնող անձինք, դատախազները, ազգային անվտանգության մարմինների, հարկային, մաքսային ծառայությունների, քննչական կոմիտեի և հատուկ քննչական ծառայության քննիչները, 15 000 և ավելի բնակչություն ունեցող համայնքների ղեկավարները, Երևան քաղաքի վարչական շրջանների ղեկավարները, գնումների բողոքարկման խորհրդի անդամները:
2. Հայտարարատու պաշտոնատար անձը սույն օրենքով նախատեսված կարգով Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացնում գույքի, եկամուտների հայտարարագիր, իսկ բարձրաստիճան պաշտոնատար անձը՝ նաև շահերի հայտարարագիր։
3. Հայտարարատու պաշտոնատար անձինք սույն օրենքով նախատեսված դեպքերում և կարգով Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով են ներկայացնում փոխկապակցված անձանց մասին հայտարարագիր։
4. Սույն օրենքի իմաստով՝ հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի կազմի մեջ մտնող անձինք՝ նրա ամուսինը, անչափահաս զավակը (այդ թվում՝ որդեգրված), հայտարարատու պաշտոնատար անձի խնամակալության կամ հոգաբարձության տակ գտնվող անձը, հայտարարատու պաշտոնատար անձի հետ համատեղ բնակվող յուրաքանչյուր անձ, սույն օրենքով հայտարարատու պաշտոնատար անձի համար սահմանված դեպքերում և կարգով Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով են ներկայացնում իրենց գույքի և եկամուտների հայտարարագիրը: Անչափահաս զավակի հայտարարագիրը ներկայացնում է հայտարարատու պաշտոնատար անձը:
5. Սույն օրենքի իմաստով՝ համատեղ բնակվող է համարվում պաշտոնն ստանձնելու կամ դադարեցնելու օրվան նախորդող կամ հայտարարագրման տարվա ընթացքում 183 և ավելի օր հայտարարատուի հետ բնակվող անձը:
6. Հայտարարատու պաշտոնատար անձի, ինչպես նաև նրա ընտանիքի կազմի մեջ մտնող անձի կողմից հայտարարագրերը սույն օրենքով և Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կողմից սահմանված պահանջների, կարգի և ժամկետների պահպանմամբ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով չներկայացնելն առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն:
7. Հայտարարագրի ներկայացման փաստի ուժով հայտարարատու պաշտոնատար անձը և նրա ընտանիքի կազմի մեջ մտնող անձը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին տալիս են հաշվետու ժամանակահատվածի համար իրենց վարկային պատմությանը և արժեթղթերի, այդ թվում՝ դրանցով կատարված գործարքների վերաբերյալ տեղեկություններին ծանոթանալու համաձայնություն:
(32-րդ հոդվածի 1-ին մասը 23.03.18 ՀՕ-206-Ն օրենքի 54-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն գործում է մինչև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կազմավորման պահը, իսկ 2-7 րդ մասերը համաձայն 23.03.18 ՀՕ-206-Ն օրենքի 54-րդ հոդվածի 4-րդ մասի` մինչև 01.01.20 թվականը:)