Հոդված 36.1. Շահերի հայտարարագրի բովանդակությունը
Հոդված 36.1. Շահերի հայտարարագրի բովանդակությունը
1. Հայտարարագրի՝ «Մասնակցությունը առևտրային կազմակերպություններում» բաժնում նշվում են կազմակերպության անվանումը, որի հիմնադիր կամ առնվազն 10 տոկոսի մասնակից են հանդիսանում բարձրաստիճան պաշտոնատար անձը և (կամ) նրա ընտանիքի կազմի մեջ մտնող անձինք, հասցեն:
2. Հայտարարագրի` «Ներկայացվածությունը առևտրային կազմակերպությունների կառավարման, վարչական կամ վերահսկողական մարմիններում» բաժնում նշվում են այն կազմակերպության անվանումը և հասցեն, որի կառավարման, վարչական կամ վերահսկողական մարմիններում ներկայացված է բարձրաստիճան պաշտոնատար անձը, ինչպես նաև այդ կազմակերպությունում անձի կարգավիճակը:
3. Հայտարարագրի՝ «Բարձրաստիճան պաշտոնատար անձի մասնակցությամբ առևտրային կազմակերպությունում բաժնեմասը հավատարմագրային կառավարման հանձնելը» բաժնում նշվում են այն կազմակերպության անվանումը և հասցեն, որում բարձրաստիճան պաշտոնատար անձի ունեցած բաժնեմասը հանձնված է հավատարմագրային կառավարման, կամ հավատարմագրային կառավարչի անունը, ազգանունը, հայրանունը, անձնագրի տվյալները, ինչպես նաև հավատարմագրային կառավարման պայմանագրի կնքման օրը, ամիսը, տարին, պայմանագրի գործողության ժամկետը:
4. Հայտարարագրի՝ «Անդամակցությունը ոչ առևտրային կազմակերպություններին և ներկայացվածությունը դրանց կառավարման, վարչական կամ վերահսկողական մարմիններում» բաժնում նշվում են ոչ առևտրային կազմակերպության անվանումը, որին բարձրաստիճան պաշտոնատար անձը անդամակցում է կամ ներկայացված է դրա կառավարման, վարչական կամ վերահսկողական մարմիններում, հասցեն, կազմակերպությունում անձի կարգավիճակը:
5. Հայտարարագրի՝ «Անդամակցությունը կուսակցություններին և ներկայացվածությունը դրանց կառավարման, վարչական կամ վերահսկողական մարմիններում» բաժնում նշվում են կուսակցության անվանումը, որին բարձրաստիճան պաշտոնատար անձը անդամակցում է կամ ներկայացված է դրա կառավարման, վարչական կամ վերահսկողական մարմիններում, կուսակցությունում անձի կարգավիճակը:
6. Հայտարարագրի՝ «Բարձրաստիճան պաշտոնատար անձի և նրա ընտանիքի կազմի մեջ մտնող անձանց կողմից, ինչպես նաև նրանց մասնակցությամբ կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության կամ համայնքների հետ կնքված պայմանագրերը» բաժնում նշվում են այն պայմանագրերը, որոնց գինը (արժեքը) գերազանցում է 5.000.000 (հինգ միլիոն) Հայաստանի Հանրապետության դրամը կամ դրան համարժեք արտարժույթը, պայմանագրի տեսակը, կողմերը, նրանց հասցեները, տվյալներ պայմանագրի կնքման գործընթացի մասին, պայմանագրի կնքման օրը, ամիսը, տարին, գործողության ժամկետը, ինչպես նաև գինը (արժեքը):
(36.1-ին հոդվածը լրաց. 09.06.17 ՀՕ-98-Ն)
(36.1-ին հոդվածը 23.03.18 ՀՕ-206-Ն օրենքի 54-րդ հոդվածի 4-րդ մասի գործում է մինչև 01.01.20 թվականը:)