Հոդված 34. Գույքի հայտարարագրման բովանդակությունը
Հոդված 34. Գույքի հայտարարագրման բովանդակությունը
1. Հայտարարատու պաշտոնատար անձի և նրա ամուսնու գույքի հայտարարագիրը պետք է ներառի նրանց սեփականության իրավունքով պատկանող`
1) այն անշարժ գույքը՝ հողամասը, ընդերքի մասը, մեկուսի ջրային օբյեկտը, անտառը, բազմամյա տնկին, շենքը, շինությունը, հողին ամրակայված այլ գույք (այսուհետ՝ անշարժ գույք), որն օտարվել կամ ձեռք է բերվել հարկային տարում.
2) այն շարժական գույքը՝ ավտոմոբիլային տրանսպորտի միջոցը, անիվավոր, թրթուրավոր, ինքնագնաց մեքենան կամ մեխանիզմը, օդային, ջրային փոխադրամիջոցը (այսուհետ՝ շարժական գույք), որը օտարվել կամ ձեռք է բերվել հարկային տարում: Ավտոմոբիլային տրանսպորտի միջոցների շարքին են դասվում այն տրանսպորտային միջոցները, որոնց շարժիչների աշխատանքային ծավալը գերազանցում է 50 խոր. սմ-ը, իսկ առավելագույն արագությունը գերազանցում է 50 կմ/ժ-ը, ինչպես նաև տարբեր բեռնատարողությամբ կցորդները կամ կիսակցորդները.
3) այն արժեթուղթը (պարտատոմսը, չեկը, մուրհակը, բաժնետոմսը և Հայաստանի Հանրապետության օրենքներով արժեթղթերի թվին դասվող այլ փաստաթուղթը, բացառությամբ բանկային վկայագրի) և (կամ) այլ ներդրումը հավաստող փաստաթուղթը (բաժնեմասը, փայաբաժինը) (այսուհետ՝ արժեթուղթ և (կամ) այլ ներդրում), որը օտարվել կամ ձեռք է բերվել հարկային տարում.
4) այն փոխառությունը, որը հայտարարատուն հանձնել է, կամ որը նրան վերադարձվել է հարկային տարում: Սույն օրենքի իմաստով փոխառություն է համարվում հայտարարատուի կողմից այլ սուբյեկտի սեփականությանը դրամի (փոխառության գումարի) կամ տեսակային հատկանիշներով որոշվող այլ գույքի հանձնումը՝ միևնույն գումարի դրամ կամ ստացված գույքին հավասար քանակի և նույն տեսակի ու որակի գույք վերադարձնելու պայմանով (այսուհետ՝ փոխառություն).
5) սույն մասի 1-4-րդ կետերում չնշված` 8 միլիոն դրամից կամ դրան համարժեք արտարժույթից ավելի արժեք ունեցող ցանկացած գույք (այսուհետ՝ թանկարժեք գույք), որն օտարվել կամ ձեռք է բերվել հարկային տարում.
6) դրամական միջոցները (այդ թվում՝ բանկում ունեցած)։
2. Հայտարարատու պաշտոնատար անձի գույքի հայտարարագրին պետք է կցվի նաև իր կողմից ստորագրված ցանկը, որում ներառվում են իր ամուսնու, իր ընտանիքի կազմի մեջ մտնող՝ սույն օրենքի 32-րդ հոդվածի 4-րդ մասում նշված այլ անձանց անունը, հայրանունը, ազգանունը, ազգակցական կապը, ծննդյան տարեթիվը։
3. Հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի կազմի մեջ մտնող՝ սույն օրենքի 32-րդ հոդվածի 4-րդ մասում նշված այլ անձանց հայտարարագիրը պետք է ներառի նրանց սեփականության իրավունքով պատկանող`
1) անշարժ գույքը, եթե հարկային տարում անշարժ գույքի ձեռքբերման գործարքների ընդհանուր գինը (արժեքը) կամ օտարման գործարքների ընդհանուր գինը (արժեքը) գերազանցել է 50 միլիոն դրամը: Ընդ որում, ձեռքբերման գործարքների ընդհանուր գինը (արժեքը) կամ օտարման գործարքների ընդհանուր գինը (արժեքը) 50 միլիոն դրամը գերազանցելու դեպքում հայտարարագրման ենթակա են անշարժ գույքի ձեռքբերման և օտարման բոլոր գործարքները.
2) շարժական գույքը, եթե հարկային տարում շարժական գույքի ձեռքբերման գործարքների ընդհանուր գինը (արժեքը) կամ օտարման գործարքների ընդհանուր գինը (արժեքը) գերազանցել է 8 միլիոն դրամը: Ընդ որում, ձեռքբերման գործարքների ընդհանուր գինը (արժեքը) կամ օտարման գործարքների ընդհանուր գինը (արժեքը) 8 միլիոն դրամը գերազանցելու դեպքում հայտարարագրման ենթակա են շարժական գույքի ձեռքբերման և օտարման բոլոր գործարքները.
3) արժեթուղթը և (կամ) այլ ներդրումը, եթե հարկային տարում արժեթղթերի ձեռքբերման և (կամ) այլ ներդրման գործարքների ընդհանուր գինը (արժեքը) կամ օտարման գործարքների ընդհանուր գինը (արժեքը) գերազանցել է 8 միլիոն դրամը: Ընդ որում, ձեռքբերման և (կամ) այլ ներդրման գործարքների ընդհանուր գինը (արժեքը) կամ օտարման գործարքների ընդհանուր գինը (արժեքը) 8 միլիոն դրամը գերազանցելու դեպքում հայտարարագրման ենթակա են արժեթղթերի ձեռքբերման և (կամ) այլ ներդրման և օտարման բոլոր գործարքները.
4) փոխառությունը, եթե հարկային տարում փոխառության հանձնման գործարքների ընդհանուր գումարը (չափը) կամ վերադարձման գործարքների ընդհանուր գումարը (չափը) գերազանցել է 8 միլիոն դրամը: Ընդ որում, փոխառության հանձնման գործարքների ընդհանուր գումարը (չափը) կամ վերադարձման գործարքների ընդհանուր գումարը (չափը) 8 միլիոն դրամը գերազանցելու դեպքում հայտարարագրման ենթակա են փոխառության հանձնման և վերադարձման բոլոր գործարքները.
5) թանկարժեք գույքը, որն օտարվել կամ ձեռք է բերվել հարկային տարում։
4. Սույն հոդվածում նշված հայտարարագրման ենթակա գույքի գինը (արժեքը) կամ արտարժույթով եկամուտը որոշելիս արտարժույթի համարժեքը հաշվարկվում է` ելնելով գործարքի օրվա համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հրապարակած՝ արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքից, իսկ բնամթերքով իրականացրած գործարքի գինը (արժեքը)՝ ելնելով բնամթերային (ոչ դրամական) եկամուտը կամ գույքը հայտարարագրում արտացոլելու կարգով որոշվող գնից (արժեքից)։
5. Գույքը հայտարարագրելիս պետք է նշվեն՝
1) անշարժ գույքի դեպքում՝ անշարժ գույքի տեսակը, գտնվելու վայրի հասցեն, առկայությունը հարկային տարվա սկզբին և վերջին, ձեռքբերման կամ օտարման գինը (արժեքը) և արժույթը.
2) շարժական գույքի դեպքում՝ շարժական գույքի տեսակը, մակնիշը և սերիան, առկայությունը հարկային տարվա սկզբին և վերջին, ձեռքբերման կամ օտարման գինը (արժեքը) և արժույթը.
3) արժեթղթի և (կամ) այլ ներդրման դեպքում՝ արժեթղթի և (կամ) այլ ներդրման արժույթը, գինը (արժեքը) հարկային տարվա սկզբին և վերջին, ձեռքբերման կամ օտարման գինը (արժեքը).
4) փոխառության դեպքում՝ պարտապանի անվանումը կամ ազգանունը, անունը և հայրանունը, հասցեն, փոխառության արժույթը, փոխառության գումարը (չափը) հարկային տարվա սկզբին և վերջին, հարկային տարում հանձնված և վերադարձված փոխառության գումարը (չափը).
5) թանկարժեք գույքի դեպքում՝ գույքի անվանումը, առկայությունը հարկային տարվա սկզբին և վերջին, գույքի ձեռքբերման կամ օտարման գինը (արժեքը) և արժույթը.
6) դրամական միջոցի դեպքում՝ դրամական միջոցի արժույթը, չափը հարկային տարվա սկզբին` հունվարի 1-ին, ավարտին` դեկտեմբերի 31-ին։
(34-րդ հոդվածը փոփ. 09.06.17 ՀՕ-98-Ն)
(34-րդ հոդվածը 23.03.18 ՀՕ-206-Ն օրենքի 54-րդ հոդվածի 4-րդ մասի գործում է մինչև 01.01.20 թվականը:)