Հոդված 6
Հոդված 6
ՄՓՕ-ի պատասխանատվությունը
1. ՄՓՕ-ի պատասխանատվությունը տարածվում է իր կողմից բեռը ստանալու պահից մինչև բեռը ստացողին փոխանցելու պահը:
2. Բացի դա՝ սույն Համաձայնագրի հիման վրա.
ա. ՄՓՕ-ն պատասխանատվություն է կրում իր գործակալների կամ աշխատակիցների գործողությունների կամ անգործության համար, եթե այդ գործակալները կամ աշխատողները գործում են իրենց ծառայողական պարտականությունների շրջանակներում:
բ. ՄՓՕ-ն պատասխանատվություն է կրում յուրաքանչյուր այլ անձի գործողության համար, որի ծառայություններից ինքն օգտվում է փոխադրման պայմանագրի կատարման համար, այնպես, ինչպես պատասխանատվություն կկրեր, եթե նման գործողությունը կամ անգործությունը կատարված լիներ հենց իր կողմից:
3. Սույն Համաձայնագրի համաձայն ՄՓՕ-ի կողմից իր վրա վերցված պարտավորությունները կարող են սահմանվել որպես կա՛մ բեռն առաքելու, կա՛մ դրա առաքումն ապահովող գործողություններ:
4. Սույն Համաձայնագրի դրույթների համաձայն` բեռը կարող է փոխանցվել բեռն ստացողին հետևյալ ձևերով.
ա. եթե մուլտիմոդալ փոխադրման փաստաթուղթը տրված է փոխանցման իրավունքով և կազմված է որպես փաստաթուղթ՝ ըստ «ներկայացող անձի», ապա բեռը հանձնվում է այն անձին, ով ներկայացնում է մուլտիմոդալ փոխադրման փաստաթղթի բնօրինակը, կամ
բ. եթե մուլտիմոդալ փոխադրման փաստաթուղթը տրված է փոխանցման իրավունքով և կազմված է որպես օրդերային արժեթուղթ, բեռը հանձնվում է այն անձին, ով ներկայացնում է մուլտիմոդալ փոխադրման փաստաթուղթը` պատշաճ կերպով հաստատված, կամ
գ. եթե մուլտիմոդալ փոխադրման փաստաթուղթը տրված է փոխանցման իրավունքով և կազմված է որպես անվանական արժեթուղթ, բեռը հանձնվում է այն լիազորված անձին, ով ներկայացնում է իր անձը հաստատող փաստաթուղթը և նշված փաստաթղթի բնօրինակը. իսկ եթե նշված բնօրինակը արդեն հանձնվել է հրամանի համաձայն կամ ձևաթղթով՝ առանց հատուկ անուն նշելու, ապա կիրառվում են սույն հոդվածի «բ» կետի դրույթները, կամ
դ. եթե փաստաթուղթը տրված է առանց փոխանցման իրավունքի, ապա փաստաթղթում նշված բեռը հանձնվում է ստացող հանդիսացող անձին, եթե նա ներկայացնում է իր անձը հաստատող փաստաթուղթ, կամ
ե. եթե մուլտիմոդալ փոխադրման փաստաթուղթը չի տրամադրել ՄՓՕ-ն, ապա հանձնվում է առաքողի կողմից նշված անձին կամ այն անձին, որին փոխանցվել են բեռն ուղարկողի կամ բեռն ստացողի՝ մուլտիմոդալ փոխադրման պայմանագրին համապատասխան հրահանգներ տալու իրավունքները: