Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2017-05-18-ից մինչև 2020-02-22։Բացել գործող տեքստը
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ ԵՎ ՍԵՅՍՄԻԿ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆԳլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 2. Սույն օրենքի հիմնական հասկացությունները

գործել է մինչև 2020-02-22Բացել ARLIS-ում

Հոդված 2. Սույն օրենքի հիմնական հասկացությունները

1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.

երկրաշարժ` երկրի մակերևույթի տատանումներ՝ պայմանավորված սեյսմիկ ալիքների տարածմամբ.

ուժեղ երկրաշարժ` երկրաշարժ, որի ուժը, ըստ Ռիխտերի մագնիտուդային սանդղակի, մեծ է 5.5 բալից.

սեյսմիկ պաշտպանություն` իրավական, սոցիալական, տնտեսական, կրթական, կազմակերպչական, գիտական, ինժեներատեխնիկական և այլ հատուկ միջոցառումներ` ուղղված պետության և հասարակության սեյսմիկ անվտանգության և կայուն զարգացման ապահովմանը.

սեյսմիկ վտանգ` տարածքում հնարավոր ուժեղ երկրաշարժի սպառնալիք, որը գնահատվում է Հայաստանի Հանրապետության կառավարության և (կամ) այլ իրավական ակտերով սահմանված կարգով.

սեյսմիկ շրջանացում (գոտիավորում)` տարածքում հնարավոր առավելագույն սեյսմիկ վտանգի տարածքային բաշխման քարտեզագրում (ընդհանուր սեյսմիկ շրջանացում, մանրամասն սեյսմիկ շրջանացում, սեյսմամիկրոշրջանացում).

սեյսմիկ իրավիճակ` սեյսմիկ պաշտպանության տեսակետից ընթացիկ սեյսմիկ վտանգի ընդհանուր բնութագիր.

սեյսմիկ ռիսկ` մարդկային, նյութական, մշակութային արժեքների և այլ հնարավոր կորուստներ՝ պայմանավորված ուժեղ երկրաշարժով.

սեյսմիկ ռիսկի նվազեցում` պետության և հասարակության երկարաժամկետ համալիր և բազմաբնույթ գործողություններ (վարչական, իրավական, սոցիալական, տնտեսական, ուսուցողական, կրթական, գիտական, ինժեներատեխնիկական, կազմակերպչական և այլն)` ուղղված ուժեղ երկրաշարժից մարդկային, նյութական, մշակութային արժեքների և այլ հնարավոր կորուստների նվազեցմանը.

սեյսմապաշտպանության ակտիվ համակարգ՝ սեյսմիկ պաշտպանություն իրականացնող պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների փոխհամաձայնեցված գործողությունների ամբողջություն.

սեյսմիկ պաշտպանության բնագավառի հատուկ նշանակության օբյեկտներ` պետության բնականոն գործունեությունը և աղետների կառավարումն ապահովող շենքեր և շինություններ, որոնց գործունեության խափանումը կարող է հանգեցնել բնակչության և շրջակա միջավայրի համար անկանխատեսելի հետևանքների.

սեյսմիկ պաշտպանության բնագավառի կարևոր նշանակության օբյեկտներ` բնակչության բնականոն կենսագործունեությունն ապահովող շենքեր և շինություններ.

սեյսմիկ պաշտպանության բնագավառի ընդհանուր նշանակության օբյեկտներ` հատուկ և կարևոր նշանակության օբյեկտների շարքը չդասվող շենքեր և շինություններ.

շենքերի և շինությունների սեյսմիկ պաշտպանություն` շենքերի, շինությունների սեյսմակայունության ապահովում.

սեյսմիկ խոցելիություն՝ տարբեր ուժի երկրաշարժերի դեպքում շենքերի և շինությունների վնասման և փլուզման, մարդկային ու նյութական արժեքների կորստի հավանականություն.

սեյսմիկ խոցելիության գնահատում՝ շենքերի և շինությունների սեյսմիկ խոցելիության գնահատում (շենքերի, շինությունների հնարավոր վնասվածության աստիճանի կանխատեսում ուժեղ երկրաշարժի դեպքում) և մարդկային ու նյութական արժեքների կորստի հավանականության գնահատում.

սեյսմիկ պաշտպանության արագ արձագանքման ուժեր` ուժեղ երկրաշարժի կամ դրա սպառնալիքի դեպքում բնակչությանն անհապաղ օգնություն ցուցաբերելու նպատակով սեյսմիկ պաշտպանության ոլորտում մասնագիտացված բազմապրոֆիլային կազմավորումներ.

վաղ ահազանգում` բնակչության անվտանգությունն ապահովելու նպատակով նրա բնականոն կենսագործունեության ժամանակավոր խախտման մասին ազդարարում.

սեյսմիկ անվտանգություն` իրավիճակ, որի դեպքում բացակայում է սեյսմիկ ռիսկը.

սեյսմամշտադիտարկում (սեյսմամոնիտորինգ)` ընթացիկ սեյսմիկ իրադրության (իրավիճակի) մշտադիտարկում սեյսմոլոգիական սարքավորումների միջոցով.

սեյսմիկ ռիսկի գնահատման քարտեզ` սեյսմիկ ռիսկի գնահատման արդյունքում մշակված քարտեզ.

սեյսմաշրջանացման աշխատանքներ՝ տարածքում հնարավոր առավելագույն սեյսմիկ վտանգի տարածքային բաշխման քարտեզագրման նպատակով իրականացվող սեյսմաբանական, երկրաֆիզիկական, երկրաբանական, երկրաձևաբանական և այլ համալիր աշխատանքներ.

Հայաստանի Հանրապետության տարածքի սեյսմիկ շրջանացում (գոտիավորում)՝ Հայաստանի Հանրապետության տարածքի գոտիավորում՝ ըստ գրունտների հորիզոնական առավելագույն արագացումների արժեքների.

օբյեկտների տարածքների սեյսմամիկրոշրջանացում՝ օբյեկտների տարածքների միկրոգոտիավորում՝ ըստ գրունտների հորիզոնական առավելագույն արագացումների արժեքների.

առաջնային սեյսմիկ վտանգ՝ գրունտի ցնցումներ, ճեղքվածքների, երկրակեղևի խզվածքների առաջացում, այսինքն` երկրաշարժ.

երկրորդային սեյսմիկ վտանգ՝ երկրաշարժով պայմանավորված բնական և տեխնածին վտանգավոր երևույթներ.

սեյսմամիկրոշրջանացման քարտեզներ՝ հողերի օգտագործման սխեմաների, համայնքների (բնակավայրերի) գլխավոր հատակագծերի, բնակավայրերի, դրանց առանձին մասերի, բնակավայրերի սահմաններից դուրս գտնվող կառուցապատված կամ կառուցապատման ենթակա տարածքների գոտիավորման նախագծերի, կառուցապատման բարձրագույն ռիսկայնության օբյեկտների (5-րդ կատեգորիա) նախագծերի մշակման ժամանակ կիրառվող՝ տարածքների միկրոգոտիավորման արդյունքում կազմված քարտեզ.

Հատուկ սեյսմիկ իրադրություն՝ Հայաստանի Հանրապետության տարածքում կամ նրա հարակից տարածքում ուժեղ երկրաշարժի սպառնալիք, որը կարող է հանգեցնել Հայաստանի Հանրապետության տարածքում մարդկային զոհերի, զգալի նյութական կորուստների և մարդկանց կենսագործունեության բնականոն պայմանների խախտման.

Արտակարգ սեյսմիկ իրավիճակ՝ Հայաստանի Հանրապետության տարածքում կամ նրա հարակից տարածքում ուժեղ երկրաշարժ, որը հանգեցրել է Հայաստանի Հանրապետության տարածքում մարդկային զոհերի, զգալի նյութական կորուստների և մարդկանց կենսագործունեության բնականոն պայմանների խախտման.

մարդկային կորուստներ և վիրավորներ՝ զոհեր և մարդկանց առողջությանը պատճառված վնասներ.

վտանգավոր սեյսմիկ պրոցեսներ և երևույթներ՝ առաջնային և երկրորդային սեյսմիկ վտանգ.

նյութական, ֆինանսական միջոցների պաշարներ (ռեզերվներ)՝ նյութական արժեքների գերատեսչական հատուկ նշանակության պահուստ (որը ներառում է սննդամթերքի, դեղորայքի, էներգակիրների, անհատական պաշտպանության միջոցների և այլ նյութերի ու ապրանքների պաշարներ) և արտաբյուջետային ֆինանսական միջոցներ (հիմնադրամներ), որոնք նախատեսված են արտակարգ սեյսմիկ իրավիճակում օգտագործելու համար.

սեյսմիկ ռիսկի գնահատում՝ ուժեղ երկրաշարժով պայմանավորված՝ մարդկային, նյութական, մշակութային արժեքների և այլ հնարավոր կորուստների գնահատում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։