Հոդված 29. Արագ արձագանքման համակարգը
Հոդված 29. Արագ արձագանքման համակարգը
1. Սեյսմիկ պաշտպանության ոլորտում արագ արձագանքման համակարգն ընդգրկում է գործողությունների ծրագիրը, ուժերը, անհրաժեշտ միջոցները և ուղղված է տուժած բնակչությանն արագ և արդյունավետ օգնություն ցուցաբերելուն՝ մարդկային և նյութական նվազագույն կորուստների ապահովման նպատակով:
2. Գործողությունների ծրագիրը սահմանված կարգով հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Գործողությունների ծրագիրն ուժեղ երկրաշարժի առկայության պայմաններում համալիր միջոցառումների ցանկ է՝ համապատասխան ժամանակացույցով և պատասխանատու կատարողներով:
3. Երկրաշարժից տուժած շրջաններում արագ արձագանքման ուժերն իրականացնում են՝
1) որոնողափրկարարական աշխատանքներ.
2) երկրաշարժից տուժած բնակչությանն առաջին բժշկական օգնության ցուցաբերում փրկարարների և բնակչության կողմից.
3) բժշկական օգնության ցուցաբերում առողջապահության համակարգի ուժերով.
4) մարդկանց հոգեբանական վիճակի հետազոտում և բնակչության հետ բացատրական աշխատանքների կազմակերպում.
5) կապի և կենսաապահովման այլ ենթակառուցվածքների վերականգնում.
6) տեղեկատվական ծառայության կազմակերպում.
7) նյութատեխնիկական մատակարարման կազմակերպում.
8) հասարակական կարգի ապահովում.
9) վթարային շենքերի վնասազերծում.
10) երկրաշարժի գոտու շենքերի և կառույցների նախնական վնասվածության աստիճանի և հետևանքների գնահատում.
11) երկրաշարժի գոտում սեյսմիկ դիտակայանների խիտ ցանցի տեղադրում, սեյսմաերկրաբանական և մակրոսեյսմիկ հետազոտություններ.
12) ուժեղ երկրաշարժի հետևանքների վերացման այլ աշխատանքներ:
4. Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս տեղի ունեցած երկրաշարժերի հետևանքների վերացման աշխատանքներում արագ արձագանքման ուժերն ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ: