Հոդված 20. Ընթացիկ սեյսմիկ վտանգի գնահատումը
Հոդված 20. Ընթացիկ սեյսմիկ վտանգի գնահատումը
1. Ընթացիկ սեյսմիկ վտանգի գնահատումը հնարավոր ուժեղ երկրաշարժի տեղի, ուժի և ժամանակի որոշակի հավանականությամբ կանխատեսումն է:
2. Ընթացիկ սեյսմիկ վտանգի գնահատման նպատակով իրականացվում է ընթացիկ իրավիճակի սեյսմիկ մշտադիտարկում: Ընթացիկ սեյսմիկ վտանգի գնահատման համար Հայաստանի Հանրապետության տարածքում գործում է սեյսմիկ դիտարկումների ազգային բազմապարամետրային ցանց:
3. Սեյսմիկ դիտարկումների ազգային բազմապարամետրային ցանցը բաղկացած է ազգային և միջազգային դիտակայաններից, որոնք կարող են ներգրավվել համաշխարհային գլոբալ ցանցերի մեջ:
4. Բնական երևույթների մասին տեղեկատվության հավաստիությունն ապահովելու և դիտարկումները խանգարումներից խուսափելու նպատակով դիտակայանների շուրջ ստեղծվում են պահպանման գոտիներ:
5. Սեյսմիկ դիտակայաններում կատարված դիտարկումների արդյունքները հաղորդվում են լիազորված մարմնի` տվյալների հավաքման կենտրոն: Սեյսմիկ վտանգի առկայության դեպքում Հատուկ սեյսմիկ իրադրության կամ Արտակարգ սեյսմիկ իրավիճակի դեպքերում լիազոր մարմինը տեղեկատվությունը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության Նախագահին, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահին, Հայաստանի Հանրապետության վարչապետին:
Ընթացիկ սեյսմիկ իրավիճակի մասին տեղեկատվությունը պարբերաբար ներկայացվում է Հայաստանի Հանրապետության բնակչությանը:
6. Ցանցի ստեղծման և զարգացման, դիտարկումների իրականացման, տեղեկատվության հավաքման և հաղորդման կարգը սահմանում է լիազոր մարմինը: