Հոդված 10
Հոդված 10
Անհատական տվյալների (այսուհետ՝ «տվյալներ») փոխանակման և փոխանցվող տվյալների օգտագործման համար կկիրառվեն հետևյալ դրույթները՝
ա) Հասցեատեր Կողմը կարող է օգտագործել տվյալները բացառապես հանցավորության դեմ պայքարի, հասարակական կարգի և անվտանգության ապահովման նպատակներով՝ տվյալները փոխանցող կողմի պայմանների համաձայն։ Նման տվյալները կարող են օգտագործվել այլ նպատակներով, բացառապես տվյալներ փոխանցող Կողմից նախնական գրավոր համաձայնություն ստանալուց հետո և երկու Կողմերի Պետությունների օրենսդրությունների համաձայն։
բ) Գաղտնի տվյալներ կարող են փոխանակվել միայն բացարձակ անհրաժեշտության դեպքում՝ 1981 թ. հունվարի 28-ի «Անձնական տվյալների ավտոմատացված մշակման դեպքում անհատների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի համաձայն։
գ) Տվյալներ փոխանցող կողմի հարցման հիման վրա հասցեատեր կողմը պետք է տրամադրի տեղեկություններ փոխանցված տվյալների օգտագործման և ստացված արդյունքների վերաբերյալ։
դ) Տվյալներ փոխանցող Կողմը պետք է վստահ լինի, որ փոխանցվող տվյալները ճիշտ են և ստուգի, որ փոխանցումն անհրաժեշտ է և համապատասխանում է նպատակին։ Այսպիսով, անհրաժեշտ է հարգել Կողմերի Պետությունների օրենսդրությունը, որով կարող է սահմանափակվել տվյալների փոխանցումը։ Եթե հետագայում պարզվում է, որ փոխանցված տվյալները սխալ են կամ չպետք է փոխանցվեին, ապա հասցեատեր Կողմը պետք է անհապաղ տեղեկացվի։ Հասցեատեր Կողմը պարտավոր է ուղղել սխալ տվյալները կամ ոչնչացնել այն տվյալները, որոնք չպետք է փոխանցվեին։
ե) Յուրաքանչյուր անձ, հարցման հիման վրա, իրավունք ունի տվյալներ վերամշակող պատասխանատու մարմիններից ստանալ իր մասին տեղեկություններ սույն Համաձայնագրի հիման վրա փոխանցված կամ մշակված տվյալների վերաբերյալ, ինչպես նաև իրավունք ունի ուղղել սխալ տվյալները կամ ոչնչացնել անօրինական վերամշակված տվյալները։ Նման տեղեկությունների տրամադրումը կարող է մերժվել միայն Կողմերի Պետությունների օրենսդրությամբ նախատեսված դեպքերում։ Տեղեկատվություն տրամադրելու հարցումը մշակող մարմինը կտրամադրի տեղեկություններ միայն մյուս Կողմի նախօրոք գրավոր համաձայնությամբ։
զ) Տվյալներ փոխանցելիս, փոխանցող Կողմը կարող է իր Պետության օրենսդրության համաձայն մյուս Կողմի համար սահմանել ժամկետ դրանց ոչնչացման համար։ Անկախ ժամկետից տվյալները պետք է ոչնչացվեն, երբ դրանք այլևս անհրաժեշտ չեն։ Սույն Համաձայնագրի դադարեցման դեպքում, անկախ նրանից, թե այն փոխարինվել է նոր միջազգային պայմանագրով կամ այլ փաստաթղթով, որի համաձայն Կողմերի Պետությունները պարտավորություններ են ստանձնել, սույն փաստաթղթի հիման վրա ստացված բոլոր տվյալները պետք է ոչնչացվեն։
է) Կողմերը պետք է գրանցումներ պահեն տվյալների փոխանցման, ստացման և ոչնչացման վերաբերյալ։ Գրանցումները, մասնավորապես, ցույց կտան փոխանցման նպատակը, տվյալների ծավալը, ներգրավված մարմինները և ոչնչացման պատճառները։
ը) Կողմերը պետք է արդյունավետ կերպով պահպանեն փոխանցված տվյալները պատահական կամ անթույլատրելի հասանելիությունից, կորստից, պատահական կամ անթույլատրելի փոփոխությունից, պատահական կամ անթույլատրելի փոխանցումից կամ պատահական կամ անթույլատրելի հրապարակումից։
թ) Կողմերը պետք է համագործակցեն փոխանցված տվյալների պահպանման հարցում, մասնավորապես՝ նրանք պետք է միմյանց տեղեկացնեն սույն հոդվածի «ե» կետով նախատեսված անձանց իրենց իրավունքների պաշտպանության հնարավոր դեպքերի վերաբերյալ։