Հոդված 145. Բժշկական գաղտնիք փոխանցելը
Հոդված 145. Բժշկական գաղտնիք փոխանցելը
(վերնագիրը խմբ. 06.05.20 ՀՕ-270-Ն)
1. Բժշկական գաղտնիք պարունակող տվյալները, օրենքով նախատեսված անձնական տվյալներ մշակողի կողմից առանց անձի կամ նրա օրինական ներկայացուցչի գրավոր համաձայնության, օրենքով չնախատեսված դեպքերում փոխանցելը՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ երկուսից չորս տարի ժամկետով, կամ կալանքով՝ մեկից երկու ամիս ժամկետով:
2. Բժշկական գաղտնիք պարունակող տվյալները, օրենքով նախատեսված անձնական տվյալներ մշակողի կողմից առանց անձի կամ նրա օրինական ներկայացուցչի գրավոր համաձայնության, օրենքով չնախատեսված դեպքերում զանգվածային լրատվության միջոցներով հրապարակելը կամ տեղեկատվական հաղորդակցման ցանցերում տեղադրելը՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից յոթհարյուրապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ երկուսից հինգ տարի ժամկետով, կամ կալանքով՝ երկուսից երեք ամիս ժամկետով:
3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքները կատարելը, եթե դրանք անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ՝
պատժվում են ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:
(145-րդ հոդվածը խմբ. 06.05.20 ՀՕ-270-Ն)