Հոդված 36. Հանձնաժողովի լիազորությունները
Հոդված 36. Հանձնաժողովի լիազորությունները
1. Հանձնաժողովը`
1) հրապարակային և մրցութային կարգով հատկացնում է վերգետնյա եթերային հաճախություններ.
2) իրականացնում է հեռուստառադիոհեռարձակողների վերգետնյա եթերային հեռարձակման լիցենզավորումը մրցույթի միջոցով և ապահովում մրցույթի արդյունքների մասին ամբողջական տեղեկատվության հրապարակումը.
3) իրականացնում է հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) ցանցով հեռարձակման լիցենզավորումը.
4) իրականացնում է հեռուստառադիոծրագրերի վերահեռարձակման լիցենզավորումը.
5) անցկացնում է մասնավոր մուլտիպլեքսորի գործունեության լիցենզավորման մրցույթ և տրամադրում է մասնավոր մուլտիպլեքսորի գործունեության լիցենզիա.
6) սահմանում է թվային հեռարձակման ցանցի միջոցով հեռարձակելու համար հեռուստաընկերությունների, մրցույթի անցկացման կարգը, մասնավոր մուլտիպլեքսորի գործունեության լիցենզավորման մրցույթի կազմակերպման առանձնահատկությունները.
7) հաստատում է լիցենզիայի ձևերը.
8) տրամադրում է լիցենզիաներ.
9) տարին մեկ հրապարակում է վերգետնյա եթերային հաճախականությունների ամբողջական ցանկը` հիմք ընդունելով լիազորված պետական կառավարման մարմնի կազմած և պարբերաբար իրեն տրամադրվող` Հայաստանի Հանրապետության տարածքում հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման համար նախատեսված վերգետնյա եթերային հաճախությունների ցանկը.
10) կազմում և հրապարակում է լիցենզավորված անձանց ցուցակը, հսկողություն է իրականացնում լիցենզիայում նշված պայմանների կատարման նկատմամբ.
11) թույլատրում է հեռուստառադիոընկերությունների կողմից բաժանորդային հեռարձակումը.
12) հեռուստառադիոհաղորդումների տեսագրությունների և ձայնագրությունների ընտրանքային դիտարկման միջոցով պարզում է դրանց համապատասխանությունը օրենսդրության և լիցենզիայի պահանջներին.
13) վերահսկում է հեռուստառադիոհաղորդումների պատրաստման տեխնիկական չափանիշների, ինչպես նաև տեխնիկական միջոցների համապատասխանությունը գործող ստանդարտներին և տրված հավաստագրին.
14) սույն օրենքի խախտման կամ լիցենզիայի պայմանները կամ իր որոշումները չկատարելու դեպքում կիրառում է պատասխանատվության միջոցներ.
15) վերահսկում է հեռուստաընկերության և ռադիոընկերության կողմից նախընտրական քարոզչության «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքով սահմանված կարգի պահպանումը.
16) նախընտրական քարոզչության սահմանված կարգի խախտումներ հայտնաբերելու դեպքում դիմում է դատարան` տվյալ հեռուստառադիոընկերությանը օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկելու հայցով.
17) ուսումնասիրում և պատասխանում կամ եզրակացություն է տալիս հեռուստառադիոընկերությունների գործունեության վերաբերյալ բողոքներին, առաջարկություններին և հարցումներին.
18) իրականացնում է հեռուստառադիոընկերությունների գործունեության մշտադիտարկում.
19) կարող է ներգրավվել հեռուստատեսության և ռադիոյի բնագավառին առնչվող միջազգային պայմանագրերի և իրավական ակտերի նախագծերի մշակմանը.
20) «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և դեպքերում իրականացնում է ստուգումներ և ուսումնասիրություններ.
21) ուսումնասիրություն է իրականացնում հանրային հեռուստատեսությունում և ռադիոյում տեղեկատվական, կրթական, մշակութային և ժամանցային բնույթի հաղորդումների բազմազանության ապահովման վերաբերյալ.
22) սահմանում է հանրային հեռուստաընկերության և հանրային ռադիոընկերության կողմից սույն օրենքի 26-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված հաշվետվության ներկայացման կարգը և ձևը.
23) սահմանում է ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարելու ժամանակ վարչապետին կամ վարչապետի լիազորած՝ Կառավարության այլ անդամին եթերաժամանակ հատկացնելու կարգը և պայմանները.
24) սահմանում է հանրային հեռուստատեսությամբ և ռադիոյով Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների կյանքի, մշակույթի, այդ թվում՝ իրենց լեզուների մասին հաղորդումների հեռարձակման համար տրամադրվող եթերային ժամանակի նվազագույն ժամաքանակները.
25) սահմանում է մշտադիտարկման արդյունքների վերաբերյալ արձանագրության ձևը.
26) օրենքով սահմանված կարգով ձևավորում է իր աշխատակազմը:
2. Հանձնաժողովն իրավասու մարմիններից, հանրային հեռուստաընկերությունից և հանրային ռադիոընկերությունից, այլ կազմակերպություններից և պաշտոնատար անձանցից պահանջում և ստանում է անհրաժեշտ փաստաթղթեր և այլ տեղեկատվություն:
3. Սույն հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով նախատեսված ուսումնասիրության իրականացման ընթացքում թերություններ հայտնաբերելու դեպքում Հանձնաժողովն իրավասու է հանրային հեռուստաընկերությանը և հանրային ռադիոընկերությանը հանձնարարելու սահմանված ժամկետում վերացնել հայտնաբերված թերությունները:
4. Հանձնաժողովի սահմանած ժամկետում թերությունները չվերացնելու դեպքում Հանձնաժողովն իրավասու է դիմելու Խորհրդին հանրային հեռուստաընկերության կամ հանրային ռադիոընկերության գործադիր տնօրենի հետագա պաշտոնավարման հարցը լուծելու առաջարկով:
5. Հանձնաժողովն իր լիազորություններն իրականացնելիս կարող է հասարակական կամ պայմանագրային հիմունքներով ներգրավել մասնագետների և փորձագետների:
6. Սույն հոդվածի 1-ին մասի 6-րդ, 7-րդ, 22-24-րդ, սույն օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ, 13-րդ հոդվածի 3-րդ մասով, 46-րդ հոդվածի 2-րդ, 49-րդ հոդվածի 3-րդ և 50-րդ հոդվածի 4-րդ մասերով նախատեսված լիազորություններն իրականացնելիս Հանձնաժողովն ընդունում է ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր: