Հոդված 44. Հանձնաժողովի գործունեության կարգը
Հոդված 44. Հանձնաժողովի գործունեության կարգը
1. Հանձնաժողովն իր գործունեությունը կազմակերպում է նիստերի և աշխատանքային քննարկումների միջոցով:
2. Հանձնաժողովի նիստերը հրավիրում է Հանձնաժողովի նախագահը՝ իր նախաձեռնությամբ կամ Հանձնաժողովի առնվազն երեք անդամի պահանջով:
3. Հանձնաժողովի նիստերը դռնբաց են, բացառությամբ օրենքով պահպանվող գաղտնիք պարունակող տեղեկատվության վերաբերյալ հարցերի քննարկման դեպքերի, երբ դրանք Հանձնաժողովի նիստին ներկա անդամների ձայների մեծամասնությամբ ընդունված որոշմամբ անցկացվում են դռնփակ:
4. Հանձնաժողովը զանգվածային լրատվության առնվազն մեկ միջոցով, ինչպես նաև իր կայքում հրապարակում է նիստերի անցկացման տեղը, ժամանակը և օրակարգը:
5. Հանձնաժողովի աշխատակազմի ղեկավարը Հանձնաժողովի նիստին կարող է մասնակցել խորհրդակցական ձայնի իրավունքով:
6. Հանձնաժողովի նիստը վարում է Հանձնաժողովի նախագահը կամ նրան փոխարինող անձը: Նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա է Հանձնաժողովի անդամների կեսից ավելին:
7. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են բաց քվեարկությամբ, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, Հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
8. Հանձնաժողովի նիստում քննարկվող որևէ հարցի վերաբերյալ շահերի բախում ունեցող Հանձնաժողովի անդամը պարտավոր է քննարկումից առաջ Հանձնաժողովի նախագահին և մյուս անդամներին տեղեկացնել շահերի բախման փաստի և բնույթի մասին, որը պետք է արձանագրվի նիստի արձանագրության մեջ:
9. Այդ տեղեկացումից հետո Հանձնաժողովի համապատասխան անդամը՝
1) պարտավոր է հրաժարվել տվյալ հարցի վերաբերյալ դիրքորոշում հայտնելուց և քվեարկությանը մասնակցելուց.
2) չպետք է հաշվառվի այդ նիստի իրավազորության ապահովման նպատակով:
10. Հանձնաժողովի նիստը հետաձգվում է՝
1) քվորում չլինելու,
2) աշխատանքային օրն ավարտվելու,
3) հարցի քննությունը տվյալ նիստում անհնարին դարձնող այլ բացառիկ հանգամանքների առկայության դեպքերում:
11. Հանձնաժողովի նիստերն արձանագրում է Հանձնաժողովի աշխատակազմը: Նիստերի արձանագրություններն ստորագրում է նիստը նախագահողը: Նիստի արձանագրությունը կամ դրա մի մասը Հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ կարող է հրապարակվել: Հանձնաժողովի աշխատակազմը վարում է Հանձնաժողովի որոշումների գրանցամատյան:
12. Հանձնաժողովն ընդունում է աշխատակարգ, որով սահմանվում են Հանձնաժողովի գործառույթների և լիազորությունների իրականացման ընթացակարգերը: