Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2018-04-09-ից մինչև 2020-02-22։Բացել գործող տեքստը
Գլուխ 8 · ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հոդված 61. Լիցենզիայի գործողության դադարեցումը

գործել է մինչև 2020-02-22Բացել ARLIS-ում

Հոդված 61. Լիցենզիայի գործողության դադարեցումը

1. Լիցենզիայի գործողությունը դադարեցվում է, եթե`

1) լիցենզիա ստանալու համար ներկայացված փաստաթղթերում լիցենզիան տալու համար էական նշանակություն ունեցող կեղծ կամ խեղաթյուրված տեղեկատվություն է հայտնաբերվել.

2) լիցենզավորված անձը սույն օրենքի 60-րդ հոդվածի 21-րդ մասով սահմանված հիմքով մեկ տարվա ընթացքում երեք անգամ ենթարկվել է վարչական տույժի (բացառությամբ սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի), որից հետո նույն տարվա ընթացքում կատարել է սույն օրենքի 58-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված որևէ վարչական տույժի նշանակման համար հիմք համարվող արարք.

3) լիցենզավորված անձը սույն օրենքի 60-րդ հոդվածի 21-րդ մասով սահմանված հիմքով սույն օրենքի 60-րդ հոդվածի 7-րդ և 8-րդ մասերի համաձայն` մեկ տարվա ընթացքում մեկ անգամ ենթարկվել է վարչական տույժի, որից հետո նույն տարվա ընթացքում կատարել է սույն օրենքի 58-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված որևէ վարչական տույժի նշանակման համար հիմք համարվող արարք.

4) հեռուստառադիոընկերության տեխնիկական միջոցները չեն համապատասխանում ընդունված ստանդարտներին, որի հետևանքով վտանգ է սպառնում մարդկանց առողջությանը, արգելքներ են ստեղծվում այլ հեռուստառադիոընկերությունների գործունեության համար, չի ապահովվում հեռուստառադիոհաղորդումների տեխնիկական որակը.

5) տեղի է ունեցել լիցենզիայի զիջում ֆիզիկական կամ իրավաբանական այլ անձանց.

6) լիցենզավորված անձն առանց որևէ հիմնավոր պատճառի 24 ժամ շարունակ չի ապահովել հեռուստահաղորդումների հեռարձակում.

7) լիցենզավորված անձը լիցենզիան ստանալու պահից վեց ամսվա ընթացքում չի հեռարձակել հեռուստառադիոհաղորդումներ.

8) այդ մասին կա լիցենզավորված անձի դիմումը.

9) խախտվել են օրենքի 22-րդ հոդվածի պահանջները.

10) ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարելու ժամանակ Հանրապետության նախագահին կամ նրա լիազորած անձին պաշտոնական հայտարարություններ կատարելու համար եթերաժամանակ չի հատկացվել.

11) խախտվել է սույն օրենքի 62-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջը.

12) լիցենզավորված անձը լուծարվել է:

2. Լիցենզիայի գործողությունը դադարեցվում է լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու միջոցով:

3. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 9-րդ, 10-րդ և 11-րդ կետերով նախատեսված հիմքերով լիցենզիայի գործողությունը դադարեցվում է դատական կարգով` Հանձնաժողովի դիմումի համաձայն: Դիմում կարող է ներկայացվել խախտումը կատարվելու օրվանից ոչ ուշ, քան մեկ տարվա ընթացքում, իսկ շարունակվող և տևական խախտման դեպքում` այն բացահայտվելու օրվանից մեկ տարվա ընթացքում, իսկ սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված դեպքերում` կեղծ կամ խեղաթյուրված տեղեկատվությունը հայտնաբերելու օրվանից 15-օրյա ժամկետում:

4. Սույն հոդվածի 1-ին մասի 8-րդ և 12-րդ կետերով նախատեսված հիմքերով լիցենզիայի գործողությունը դադարեցվում է Հանձնաժողովի որոշմամբ:

5. Հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման ընթացքում կատարված տեխնիկական կանոնների խախտման, թերացումների կամ հաղորդումների հեռարձակումը չապահովելու համար լիցենզավորված անձն ազատվում է պատասխանատվությունից, եթե հիմնավորվում է, որ դրանք թույլ են տրվել`

1) պետական լիազորված մարմինների կողմից տեխնիկական կանոնների կամ չափորոշիչների փոփոխության պատճառով.

2) տեխնիկական վերազինման նպատակով, որի մասին դրա իրականացումից առնվազն 30 օր առաջ գրավոր հիմնավորմամբ լիցենզավորված անձը տեղյակ է պահել Հանձնաժողովին և ստացել թույլտվություն.

3) վթարի կամ աղետների հետևանքով:

6. Սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված դեպքերում հեռուստառադիոընկերությունները ողջամիտ ժամկետում վերականգնում են հեռուստառադիոհաղորդումների հեռարձակումը` պահպանելով և ապահովելով լիցենզիայի պայմանները:

7. Սույն հոդվածով սահմանված հիմքերով եթերային հեռարձակում իրականացնելու լիցենզիան ուժը կորցրած ճանաչվելու պահից երեք ամիս հետո Հանձնաժողովը հայտարարում է թվային հեռարձակման ցանցի միջոցով եթերային հեռարձակում իրականացնող համապատասխան սփռման և ուղղվածության հեռուստառադիոընկերության լիցենզավորման արտահերթ մրցույթ և իրականացնում լիցենզավորում սույն օրենքով մրցույթի միջոցով իրականացվող լիցենզավորման համար սահմանված կարգով ու պայմաններով, ընդ որում` որպես լիցենզավորված նոր հեռուստառադիոընկերության լիցենզիայի գործողության ժամկետ սահմանվում է այն ամսաթիվը, որը նշված էր ուժը կորցրած ճանաչված լիցենզիայում:

(61-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-153-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։