Հոդված 29. Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը
Հոդված 29. Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը
Հանրային հեռուստառադիոընկերության ղեկավար մարմինը Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդն է (այսուհետ` Խորհուրդ):
«Խորհուրդը բաղկացած է հինգ անդամներից (առնվազն մեկը` կին անդամ), որոնց, իր հաստատած մրցութային կարգի համաձայն, նշանակում է Հայաստանի Հանրապետության Նախագահը:
Խորհրդի անդամները նշանակվում են վեց տարի ժամկետով: Խորհուրդն իր կազմից ընտրում է Խորհրդի նախագահ և տեղակալ: Խորհրդի առաջին կազմի անդամների պաշտոնավարման ժամկետները սահմանվում են սույն օրենքի անցումային դրույթներում:
Խորհրդի նախագահը և անդամներն իրենց աշխատանքներն իրականացնում են վճարովի հիմունքներով` հանրային հեռուստառադիոընկերության միջոցների հաշվին:
Խորհրդի անդամները պետք է լինեն լրագրության, իրավագիտության, հեռուստառադիոհեռարձակման կառավարման բնագավառի, գիտության, մշակույթի և արվեստի գործիչներ, հեղինակավոր և որակյալ մասնագետներ, ունենան բարձրագույն կրթություն և տիրապետեն հայոց լեզվին:
Խորհրդի անդամ չեն կարող լինել`
ա) կուսակցությունների ղեկավար մարմինների անդամները.
բ) օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք.
գ) հանրային և մասնավոր հեռուստառադիոընկերությունների ղեկավարները.
դ) հեռուստառադիոընկերությունների հետ պայմանագրային հարաբերությունների մեջ մտած անձինք.
ե) անձինք, որոնք դատապարտվել են դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ:
Խորհուրդը գործում է սույն օրենքի, իր կանոնակարգի, այլ նորմատիվ իրավական ակտերի հիման վրա և ինքնուրույն է իր իրավասության շրջանակներում:
Խորհրդի յուրաքանչյուր անդամ իր պաշտոնը ստանձնելիս տալիս է հետևյալ երդումը.
«Ստանձնելով Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի պարտականությունները՝ երդվում եմ, հավատարիմ լինելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը և օրենքներին, պաշտպանել մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները, աջակցել քաղաքացիական հասարակության ձևավորմանը՝ մարդու արտահայտվելու իրավունքի, տեղեկատվության ազատության և բազմակարծության ապահովման միջոցով։
Երդվում եմ, որ պարտականություններս կկատարեմ անաչառ, առավելագույն բարեխղճությամբ և ազնվությամբ, կգործեմ հրապարակայնության, անկողմնակալության և արդարության սկզբունքով՝ անկախ որևէ քաղաքական կամ տնտեսական շահից:
(մասն ուժը կորցրել է 03.12.03 ՀՕ-69-Ն)
(29-րդ հոդվածը լրաց., փոփ. 24.10.01 ՀՕ-251, փոփ. 03.12.03 ՀՕ-69-Ն, փոփ., խմբ., լրաց. 28.04.09 ՀՕ-109-Ն)