Հոդված 58. Պատասխանատվությունը սույն օրենքի խախտման համար
Հոդված 58. Պատասխանատվությունը սույն օրենքի խախտման համար
Սույն օրենքի դրույթների, Ազգային հանձնաժողովի որոշումների և սույն բնագավառը կարգավորող այլ իրավական ակտերի, ինչպես նաև արտոնագրի (լիցենզիայի) պայմանները չկատարելու կամ խախտելու դեպքում Ազգային հանձնաժողովն այդ մասին գրավոր նախազգուշացնում է տվյալ հեռուստառադիոընկերությանը (հեռուստաընկերությանը կամ ռադիոընկերությանը), որը պարտավոր է ողջամիտ ժամկետում կատարել ներկայացվող պահանջները: Գրավոր նախազգուշացումում ներկայացվող պահանջները չկատարելու դեպքում Ազգային հանձնաժողովն իրավասու է`
ա) տվյալ հեռուստառադիոընկերության (հեռուստաընկերության կամ ռադիոընկերության) նկատմամբ կիրառել վարչական տույժ` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև հինգհարյուրապատիկի չափով.
բ) իր որոշմամբ կասեցնել տվյալ հեռուստաընկերության և(կամ) ռադիոընկերության (բացառությամբ Հանրային հեռուստաընկերության և Հանրային ռադիոընկերության) կամ նրա հաղորդաշարի գործունեությունը` մինչև Ազգային հանձնաժողովի արձանագրած և ներկայացրած խախտումների վերացումը կամ դատարանի կողմից համապատասխան որոշում կայացնելը:
Ազգային հանձնաժողովն իրավասու է սույն օրենքի 55-րդ հոդվածով նախատեսված դեպքերում իր որոշմամբ ուժը կորցրած ճանաչել օրենսդրությունը խախտող հեռուստառադիոընկերության (հեռուստաընկերության կամ ռադիոընկերության) արտոնագիրը (լիցենզիան), բացառությամբ Հանրային հեռուստաընկերության և Հանրային ռադիոընկերության), ինչպես նաև դիմել դատարան` տվյալ հեռուստառադիոընկերությանը (հեռուստաընկերությանը կամ ռադիոընկերությանը) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան այլ պատասխանատվության ենթարկելու հայցով:
Սույն հոդվածով Ազգային հանձնաժողովին լիազորված իրավասությունների կիրառման դեպքերը և կարգը սահմանվում է Ազգային հանձնաժողովի կանոնակարգով:
Հեռուստառադիոընկերությունները (հեռուստաընկերությունը կամ ռադիոընկերությունը) իրավունք ունեն դիմել դատարան` Ազգային հանձնաժողովի որոշումներն անվավեր ճանաչելու կամ փոփոխելու պահանջով: Հայցի առկայությունը չի դադարեցնում գրավոր նախազգուշացման պահանջների կամ վարչական տույժի կիրառման մասին որոշման կատարումը:
Ազգային հանձնաժողովի կողմից հեռուստառադիոընկերության կամ հաղորդաշարի գործունեությունն անհիմն դադարեցնելու դեպքում Ազգային հանձնաժողովը պարտավոր է հատուցել տվյալ հեռուստառադիոընկերությանը պատճառած վնասը:
(58-րդ հոդվածը խմբ., փոփ. 24.10.01 ՀՕ-251, խմբ., լրաց. 28.04.09 ՀՕ-109-Ն)