Հոդված 48. Հաճախությունների ցանկը
Հոդված 48. Հաճախությունների ցանկը
Պետական կառավարման հեռահաղորդակցության մարմինը, օգտվելով Հեռահաղորդակցության միջազգային միության (International Telecommunication Union-ITU) ներկայացրած ցուցակից, կազմում է Հայաստանի Հանրապետության տարածքում հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման համար նախատեսված եթերային հաճախությունների ցանկը և պարբերաբար տրամադրում է Ազգային հանձնաժողովին:
Ազգային հանձնաժողովը`
ա) ըստ անհրաժեշտության, բայց տարին առնվազն մեկ անգամ, հրապարակում է հաճախությունների ամբողջական ցանկը և հայտարարում ազատ (չզբաղեցված) հաճախությունների մրցույթ: Բոլոր ազատ հաճախությունների միաժամանակյա մրցույթը պարտադիր չէ.
բ) հիմք ընդունելով տվյալ տարվա եթերային հաճախությունների առկա վիճակը՝ մինչև յուրաքանչյուր տարվա հունվարի 20-ը սահմանում է ազատ (չզբաղեցրած) հաճախությունների համար մրցույթի անցկացման կարգը, իսկ մրցույթի պայմանները և ժամկետները հրապարակում է մրցույթի հայտարարումից առնվազն 3 ամիս առաջ.
գ) սահմանում է արտոնագրի (լիցենզիայի) համար վճարի չափը և մուծումների կարգը:
Արտոնագրման (լիցենզավորման) արդյունքների մասին Ազգային հանձնաժողովը տասնհինգօրյա ժամկետում տեղեկացնում է հեռահաղորդակցության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնին:
Ամիսը մեկ, բայց ոչ ուշ, քան հաջորդ ամսվա 15-ը հեռահաղորդակցության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմինը Ազգային հանձնաժողով է ներկայացնում տեղեկատվություն՝ Հայաստանի Հանրապետությունում գործող հեռուստառադիոընկերությունների փաստացի սփռման տարածքների վերաբերյալ:
Հայաստանի Հանրապետության տարածքում հայտնաբերված ապօրինի հեռարձակման կամ ապօրինի չհեռարձակման դեպքերի մասին հեռահաղորդակցության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմինը եռօրյա ժամկետում տեղեկացնում է Ազգային հանձնաժողովին:
(48-րդ հոդվածը լրաց. 03.12.03 ՀՕ-69-Ն, խմբ., լրաց. 28.04.09 ՀՕ-109-Ն)