Հոդված 12
Հոդված 12.
Հերթական եռօրյա նիստերի յուրաքանչյուր երեքշաբթի, ժամը 17.30-ից մինչև ժամը 18.00 պատգամավորներն ըստ հերթագրման հաջորդականության կարող են հանդես գալ մինչև 3 րոպե տևողությամբ հայտարարություններով: Անհրաժեշտության դեպքում նախագահողը կարող է նիստը երկարաձգել մինչև 15 րոպե:
Պատգամավորը Սահմանադրության 80 հոդվածին համապատասխան իրավունք ունի հարցերով դիմել կառավարությանը:
Հերթական նստաշրջանի յուրաքանչյուր չորեքշաբթի օրվա նիստում, ժամը 16.30-ից մինչև ժամը 18.00, վարչապետը և կառավարության անդամները պատասխանում են պատգամավորների հարցերին:
Հարցերը տրվում են գրավոր կամ բանավոր: Գրավոր հարցը պատգամավորը հանձնում է Ազգային ժողովի աշխատակազմ: Աշխատակազմը նույն օրն այն հանձնում է կառավարությանը: Պատգամավորի գրավոր հարցին մեկ ամսվա ընթացքում Ազգային ժողովի նիստում պատասխանում է վարչապետը կամ, վերջինիս հանձնարարությամբ` համապատասխան նախարարը: Միաժամանակ պատգամավորին է ներկայացվում պատասխանի գրավոր տեքստը: Յուրաքանչյուր պատգամավոր մեկ ամսվա ընթացքում կարող է մեկ հարց տալ: Նիստում պատգամավորները բանավոր հարցերով կարող են դիմել կառավարությանը, եթե գրավոր հարցերին պատասխանելուց հետո մինչև նիստի ավարտը ժամանակ է մնացել: Բանավոր հարցեր տալու համար կատարվում է հերթագրում նույն նիստում:
Գրավոր հարցերի պատասխանները կառավարության կողմից տրվում են ըստ աշխատակազմում դրանց գրանցման հաջորդականության` պատասխանի պատրաստ լինելուն պես: Բանավոր հարցերի պատասխանները տրվում են ըստ հերթագրման հաջորդականության:
Պատգամավորը նիստում, երկու րոպեի ընթացքում, խոսափողից կրկնում է կառավարությանն ուղղված իր գրավոր հարցը կամ շարադրում բանավոր հարցը:
Կառավարությունը ներկայացնում է իր պատասխանը երեք րոպեի ընթացքում: Այնուհետև հարցի հեղինակը իրավունք ունի մեկ րոպեի ընթացքում շարադրել իր կարծիքը կառավարության պատասխանի վերաբերյալ, որին կառավարությունը կարող է արձագանքել մինչև մեկ րոպե տևողությամբ պատասխանով:
Դահլիճից բացակայող պատգամավորի հարցը հանվում է հարցերի ցուցակից:
Կառավարությանն ուղղված գրավոր հարցերը սահմանված ժամկետում սպառելու նպատակով նախագահողը երկարաձգում է նիստը:
Ազգային ժողովի նիստի` սույն հոդվածով կանոնակարգված մասն ամբողջությամբ հաղորդվում է հեռուստատեսությամբ: Բացառիկ դեպքերում, Ազգային ժողովի նախագահի համաձայնությամբ, հեռարձակումը կարող է հետաձգվել մինչև երեք օր: Հեռարձակումը սկսվում է ժամը 21.00-ին:
Սույն հոդվածով սահմանված կարգը չի սահմանափակում պատգամավորի իրավունքը Ազգային ժողովի նիստերից դուրս հարցերով դիմել կառավարությանը և օրենքով սահմանված կարգով ստանալ պատասխան:
(12-րդ հոդվածը լրաց. 27.05.97 ՀՕ-115)