Հոդված 261. Շահադիտական նպատակով այլ անձի պոռնկությամբ զբաղվելուն ներգրավելը
Հոդված 261. Շահադիտական նպատակով այլ անձի պոռնկությամբ զբաղվելուն ներգրավելը
1. Շահադիտական նպատակով այլ անձի պոռնկությամբ զբաղվելուն ներգրավելը, եթե բացակայում են սույն օրենսգրքի 132-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշները՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` մինչև երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ մեկից չորս տարի ժամկետով:
2. Նույն արարքը, որը կատարվել է ՝
1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,
2) պաշտոնեական դիրքն օգտագործելով,
3) Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատելով` անձի տեղափոխումը կազմակերպելու միջոցով,
4) ակնհայտ հղի կնոջ նկատմամբ,
5) երկու կամ ավելի անձանց նկատմամբ`
պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ առանց դրա:
3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից՝
պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ առանց դրա:
(261-րդ հոդվածը խմբ. 09.06.04 ՀՕ-97-Ն, 01.06.06 ՀՕ-103-Ն, փոփ. 01.06.06 ՀՕ-119-Ն, խմբ. 01.03.11 ՀՕ-69-Ն)