Հոդված 33. Հայրության ճանաչման պետական գրանցման կարգը
Հոդված 33. Հայրության ճանաչման պետական գրանցման կարգը
1. Հայրության ճանաչման պետական գրանցումը կատարվում է դիմումը և սույն օրենքով սահմանված փաստաթղթերը ներկայացնելու նույն աշխատանքային օրը:
2. Հայրության ճանաչման ակտային գրանցման հիման վրա երեխայի ծննդի ակտային գրանցման մեջ սույն օրենքով սահմանված կարգով կատարվում են այն բոլոր տվյալների փոփոխությունները, որոնք բխում են հայրության ճանաչման ակտային գրանցման տվյալներից:
3. Երեխայի հայրության ճանաչման պետական գրանցման տեղեկությունները էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով անհապաղ փոխանցվում են սոցիալական ծառայություններ տրամադրող մարմին:
4. Եթե երեխայի ծնունդը գրանցել է օտարերկրյա պետությունը, ապա հայրության ճանաչման պետական գրանցումը կարող է կատարվել Հայաստանի Հանրապետությունում, եթե այլ բան նախատեսված չէ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով: Օտարերկրյա պետության գրանցած ծննդյան ակտային գրանցման հիման վրա կատարված հայրության ճանաչման պետական գրանցման դեպքում դիմողին տրամադրվում է հայրության ճանաչման վկայական, և կատարված հայրության ճանաչման պետական գրանցման մասին հաղորդվում է երեխայի ծննդի ակտային գրանցման վայր՝ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված կարգով: