Հոդված 10
Հոդված 10.
Փաստաբանների պալատի խորհուրդը
1. Փաստաբանների պալատի խորհուրդը փաստաբանների պալատի գործադիր, ինչպես նաև կարգապահական վարույթ իրականացնող մարմինն է:
2. Փաստաբանների պալատի խորհրդի անդամների քանակը սահմանվում է փաստաբանների պալատի կանոնադրությամբ, որը չի կարող պակաս լինել տասներկու անդամից` չհաշված խորհրդի նախագահին:
3. Փաստաբանների պալատի խորհրդի անդամները (բացառությամբ խորհրդի նախագահի) վարկանիշային կարգով ընտրվում են ընդհանուր ժողովի կողմից չորս տարի պաշտոնավարման ժամկետով, բացառությամբ սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված դեպքերի:
4. Փաստաբանների պալատի խորհրդի անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման դեպքում այդ անդամի փոխարեն ներգրավվում է փաստաբանների պալատի խորհրդի անդամների վերջին ընտրության տվյալներով վարկանիշային հաջորդ առավել «կողմ» ձայներ ստացած, սակայն չընտրված փաստաբանը՝ նախորդ անդամի սահմանված ժամկետի մնացած ժամանակահատվածի համար` փաստաբանների պալատի կանոնադրությամբ սահմանված կարգով:
5. Փաստաբանների պալատի խորհուրդը`
1) նշանակում է հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարին.
2) մշակում և փաստաբանների պալատի ընդհանուր ժողովի հաստատմանն է ներկայացնում նոր խմբագրությամբ կանոնադրությունը, կանոնադրության փոփոխությունները կամ լրացումները.
3) մշակում և փաստաբանների պալատի ընդհանուր ժողովի հաստատմանն է ներկայացնում փաստաբանի վարքագծի կանոնագիրքը.
4) կազմավորում է հաշվիչ հանձնաժողովը.
5) կազմավորում է որակավորման հանձնաժողովը.
6) իրավասու պետական մարմիններ առաջարկություններ է ներկայացնում օրենքների և իրավական այլ ակտերի փոփոխությունների, լրացումների, դրանց ընդունման վերաբերյալ, ինչպես նաև իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ կարծիք է տալիս նախագիծ մշակող մարմիններին.
7) հաստատում է փաստաբանների պալատի տարեկան բյուջեն` փաստաբանների պալատի նախագահի ներկայացմամբ.
8) կազմում և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության միջոցով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն է ներկայացնում անվճար իրավաբանական օգնության տրամադրման փոխհատուցման ֆինանսական հայտերը.
9) որոշում է ընդունում փաստաբանի հավակնորդներին (այսուհետ` հավակնորդ) փաստաբանական գործունեության արտոնագիր տրամադրելու վերաբերյալ` սույն օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված կարգով.
10) որոշում է ընդունում փաստաբանի արտոնագիրն ուժը կորցրած ճանաչելու մասին.
11) որոշում է ընդունում փաստաբանի արտոնագրի գործողությունը կասեցնելու կամ վերականգնելու մասին.
12) սահմանում է փաստաբանի անդամավճարի և հավակնորդի մուտքի ու այլ վճարների, ինչպես նաև փաստաբանների վերապատրաստման համար անհրաժեշտ վճարների չափերը, ինչպես նաև դրանք վճարելու կարգը.
13) հաստատում է փաստաբանների պալատի աշխատակազմի հաստիքացուցակը.
14) լուծում է փաստաբանին պատասխանատվության ենթարկելու և կարգապահական տույժ նշանակելու հարցը.
15) իրականացնում է սույն օրենքով և փաստաբանների պալատի կանոնադրությամբ սահմանված այլ լիազորություններ:
6. Փաստաբանների պալատի խորհրդի նիստերը հրավիրում է փաստաբանների պալատի նախագահը՝ ըստ անհրաժեշտության, սակայն տարեկան չորս անգամից ոչ պակաս: Փաստաբանների պալատի խորհրդի նիստերը կարող են հրավիրվել նաև պալատի խորհրդի անդամների մեկ երրորդի կամ փաստաբանների պալատի երեսուն անդամների նախաձեռնությամբ: Կարգապահական գործ քննելու նպատակով փաստաբանների պալատի խորհրդի նիստի գումարման հետ կապված առանձնահատկությունները սահմանվում են սույն օրենքի 39.6-րդ հոդվածով:
7. Փաստաբանների պալատի խորհրդի նիստն իրավազոր է, եթե նիստին մասնակցում է անդամների առնվազն կեսը: Փաստաբանների պալատի խորհրդի նիստն անցկացվում է խորհրդի անդամների ներկա լինելու միջոցով:
Փաստաբանների պալատի խորհրդի նիստերին փաստաբանների պալատի խորհրդի անդամը քվեարկում և իր այլ լիազորություններն իրականացնում է անձամբ:
8. Փաստաբանների պալատի խորհրդի նիստերի որոշումներն ընդունվում են նիստին ներկա անդամների ձայների պարզ մեծամասնությամբ, եթե ձայների մեծամասնությամբ նախատեսված չէ փաստաբանների պալատի կանոնադրությունով:
(10-րդ հոդվածը խմբ. 08.07.05 ՀՕ-141-Ն, փոփ. 01.06.06 ՀՕ-105-Ն, խմբ. 08.12.11 ՀՕ-339-Ն)