Հոդված 38
Հոդված 38.
Արտոնագրի գործողության կասեցումը
(վերնագիրը փոփ. 01.06.06 ՀՕ-105-Ն)
1. Փաստաբանի արտոնագրի գործողությունը կասեցվում է, եթե փաստաբանը`
1) ընտրվել է պետական ընտրովի մարմիններում, համայնքի ղեկավարի կամ ավագանու պաշտոնում` իր լիազորությունների ժամկետով.
2) զորակոչվել է ժամկետային պարտադիր զինվորական ծառայության մինչև ծառայության ժամկետի լրանալը.
3) մեկ տարուց ավելի ժամանակով առողջական վիճակի պատճառով ի վիճակի չէ կատարելու իր մասնագիտական պարտականությունները, եթե առկա են առողջական վիճակը հավաստող համապատասխան փաստաթղթեր, բայց ոչ ավելի, քան 5 տարի ժամկետով.
4) անցել է հանրային ծառայության` հանրային պաշտոն զբաղեցնելու, պետական ծառայության, համայնքային ծառայության մեջ գտնվելու ժամկետով: Զբաղեցրած պաշտոնից ազատվելուց կամ ծառայությունը դադարեցվելուց հետո` մեկ տարվա ընթացքում, փաստաբանի արտոնագրի գործողությունը վերականգնելու համար դիմում չներկայացվելու դեպքում փաստաբանի արտոնագրի գործողությունը դադարեցվում է.
5) օրենքով սահմանված կարգով ճանաչվել է անհայտ բացակայող:
2. Փաստաբանի արտոնագրի գործողությունը կարող է կասեցվել դատարանի կողմից փաստաբանի նկատմամբ բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ նշանակվելու դեպքում:
3. Սույն հոդվածի 1-ին մասի 1-4-րդ կետերով նախատեսված հիմքերի առկայության մասին փաստաբանը պարտավոր է տասնօրյա ժամկետում տեղյակ պահել փաստաբանների պալատի խորհրդին:
4. Փաստաբանի արտոնագրի գործողությունը կասեցնում է փաստաբանների պալատի խորհուրդը:
5. Փաստաբանի արտոնագրի գործողության կասեցումը հանգեցնում է տվյալ փաստաբանի նկատմամբ սույն օրենքով նախատեսված երաշխիքների կասեցման:
6. Արտոնագիրը կասեցված պալատի անդամն իրավունք չունի մասնակցելու պալատի մարմինների և նախագահի ընտրություններին:
7. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերը վերանալուց հետո փաստաբանի արտոնագրի գործողությունը վերականգնվում է փաստաբանների պալատի խորհրդի որոշմամբ` այն փաստաբանի դիմումի հիման վրա, որի արտոնագրի գործողությունը կասեցվել էր:
8. Փաստաբանի արտոնագրի գործողությունը վերականգնելը մերժելու մասին որոշումը կարող է բողոքարկվել դատական կարգով:
9. Արտոնագիրը վերականգնած փաստաբանը պարտավոր է անցնել վերապատրաստման դասընթացներ` փաստաբանների պալատի խորհրդի սահմանած ժամաքանակով:
(38-րդ հոդվածը փոփ. 01.06.06 ՀՕ-105-Ն, խմբ. 08.12.11 ՀՕ-339-Ն, 21.01.20 ՀՕ-27-Ն)