Հոդված 2. Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը
Հոդված 2. Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը
1. Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը (այսուհետ` հարկադիր կատարման ծառայություն) ապահովում է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դատական ակտերի հարկադիր կատարումը:
2. Հարկադիր կատարման ծառայությունը պետական ծառայության հատուկ տեսակ է, որի առանձնահատկությունները սահմանվում են սույն օրենքով:
Հարկադիր կատարման ծառայությունում ծառայող քաղաքացին պետական ծառայող է:
3. Ծառայությունը հարկադիր կատարման ծառայությունում իրականացվում է օրինականության, մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, պատիվն ու արժանապատվությունը հարգելու, մարդասիրության ու հրապարակայնության սկզբունքների պահպանմամբ` միանձնյա ու կենտրոնացված ղեկավարման միջոցով:
4. Հարկադիր կատարման ծառայությունը գործում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության համակարգում:
Հարկադիր կատարման ծառայության համակարգը կազմված է կառուցվածքային ստորաբաժանումներից և տարածքային մարմիններից: Հարկադիր կատարման ծառայության կառուցվածքային ստորաբաժանումներն են`
- վերահսկողության և օրենսդրության կատարելագործման վարչությունը.
- հարկադիր կատարման ծառայության կենտրոնական մարմինը:
Հարկադիր կատարման ծառայության կառուցվածքային ստորաբաժանումները կարող են ունենալ բաժիններ: Հարկադիր կատարման ծառայության կենտրոնական մարմնի բաժինները սպասարկում են նաև վերահսկողության և օրենսդրության կատարելագործման վարչությանը:
Գլխավոր հարկադիր կատարողը կարող է ունենալ օգնականներ, որոնք համարվում են կենտրոնական մարմնի ծառայողներ:
Հարկադիր կատարման ծառայության տարածքային մարմիններն են հարկադիր կատարման մարզային (Երևանի քաղաքային) բաժինները, որոնց կազմում գործում են բաժանմունքներ:
Հարկադիր կատարման ծառայության կառուցվածքը և հաստիքացուցակը հաստատում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը:
5. Հարկադիր կատարման ծառայության առանձնահատկություններից ելնելով` ծառայությունում կարող են աշխատանքի ընդունվել նաև քաղաքացիական ծառայողներ` քաղաքացիական ծառայության հարաբերությունները կարգավորող օրենսդրությանը համապատասխան:
(2-րդ հոդվածը խմբ. 16.12.05 ՀՕ-29-Ն)