Անցնել բովանդակությանը

Հոդված 2

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 2.

Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները`

տեխնիկական ստուգումներ` էներգատեղակայանքների փաստացի տեխնիկական վիճակի, կատարված կառուցման, վերակառուցման և հավաքակցման աշխատանքների ու նախագծի համապատասխանության հաստատման նպատակով իրականացվող ակնադիտական, ինչպես նաև տեխնիկական կանոնակարգերով և նորմատիվ իրավական այլ ակտերով սահմանված նորմերին էներգատեղակայանքների համապատասխանությունը հաստատող փորձարկումների ու չափումների փաստաթղթերի ուսումնասիրություններ.

պետական տեխնիկական վերահսկողություն՝ սույն օրենքով նախատեսված դեպքերում տեխնիկական ստուգումների միջոցով վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի կողմից իրականացվող գործընթաց, որն ուղղված է էներգատեղակայանքների գործարկման ժամանակ, ինչպես նաև շահագործման, սպասարկման ընթացքում և տեղի ունեցած պատահարների դեպքում տեխնիկական կանոնակարգերի և նորմատիվ իրավական այլ ակտերի նորմերի պահանջների խախտումների հայտնաբերմանն ու դրանց վերացմանը.

էներգատեղակայանքներ՝ տեխնիկական կանոնակարգերով և նորմատիվ իրավական այլ ակտերով սահմանված էլեկտրական մեքենաների, սարքերի, խողովակաշարերի, էլեկտրահաղորդման գծերի, ենթակայանների, գազային, ջերմային կարգավորիչ ու բաշխիչ հանգույցների և այլ սարքավորումների համախումբ, որոնք նախատեսված են էլեկտրական և ջերմային էներգիայի արտադրության, էլեկտրական էներգիայի կերպափոխման, էլեկտրական, ջերմային էներգիայի ու բնական գազի հաղորդման (փոխադրման), բաշխման և սպառման համար.

վերակառուցվող էներգատեղակայանք` գործող էներգատեղակայանք, որտեղ լրացուցիչ էլեկտրասարքավորումների տեղադրման ու հավաքակցման և (կամ) էներգատեղակայանքի հանգույցի ապահավաքակցման կամ փոխարինման արդյունքում տեխնիկական անձնագրի, տեխնիկական պայմանների, նախագծի փոփոխության անհրաժեշտություն է առաջացել.

գործարկման եզրակացություն՝ տեխնիկական կանոնակարգերի և նորմատիվ իրավական այլ ակտերի նորմերին էներգատեղակայանքների համապատասխանությունը հաստատող փաստաթուղթ, որը տալիս է պետական տեխնիկական վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը և հավաստում էներգետիկայի բնագավառում գործունեություն իրականացնող անձի կամ սպառողի էներգատեղակայանքների` տվյալ պահին գործարկմանը պատրաստ լինելու մասին.

պատահար՝ էներգատեղակայանքների բնականոն աշխատանքի խաթարում, այդ թվում՝ մարդկանց կյանքին, գույքին և շրջակա միջավայրին վնասի պատճառմամբ: Պատահարների դասակարգումը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

(2-րդ հոդվածը փոփ., լրաց., խմբ. 08.12.05 ՀՕ-1-Ն, փոփ. 09.07.20 ՀՕ-372-Ն, 10.12.21 ՀՕ-381-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։