Հոդված 12. ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԻՐԱԶԵԿՄԱՆ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ
Հոդված 12. ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԻՐԱԶԵԿՄԱՆ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ
1. Լիազոր մարմինն իրազեկման քննարկումն սկսում է դա ստանալու օրվան հաջորդող աշխատանքային օրը` ժամը 12-ին` ըստ իրազեկումների ստացման հերթականության: Սույն օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված ժամկետների խախտմամբ տրված իրազեկումը համարվում է չտրված և չի քննարկվում:
2. Իրազեկումների քննարկումն իրականացնում և քննարկման արդյունքում լիազոր մարմնի անունից որոշում է ընդունում համայնքի ղեկավարը կամ նրա լիազորած անձը, Երևանում` Երևանի քաղաքապետը կամ նրա լիազորած անձը:
3. Իրազեկման քննարկումը բաց է: Իրազեկման քննարկմանը մասնակցելու իրավունք ունեն կազմակերպիչները և նրանց ոչ ավելի, քան երեք ներկայացուցիչները:
Իրազեկման քննարկումն իրականացվում է անկախ կազմակերպիչների ներկայությունից: Իրազեկման քննարկմանը կարող են մասնակցել լիազոր մարմնի հրավիրած այլ անձինք:
4. Իրազեկման քննարկման ընթացակարգը սահմանում է լիազոր մարմինը, սակայն կազմակերպչին պետք է լիարժեք իրավունք վերապահվի ներկայացնելու իր տեսակետը: Իրազեկման քննարկմանը մասնակցողները ելույթ ունենալու, հարցեր տալու, հարցերին պատասխանելու, առաջարկություններ կամ միջնորդություններ կատարելու, լրացուցիչ փաստաթղթեր, եզրակացություններ կամ այլ տեղեկատվություն ներկայացնելու իրավունք ունեն: Իրազեկման քննարկումը չի կարող մեկ ժամից ավելի տևել: Իրազեկման քննարկումը չի կարող տեղափոխվել հաջորդ օրը:
5. Եթե կազմակերպիչներն իրազեկումը ներկայացրել են թերություններով, ապա լիազոր մարմինը պարտավոր է իրազեկման քննարկման ժամանակ բոլոր առկա թերությունների մասին հայտնել քննարկմանը ներկա կազմակերպիչներին կամ նրանց ներկայացուցիչներին` հստակ նշելով թերությունները: Հնարավորության դեպքում թերությունները շտկվում են անմիջապես, և իրազեկման քննարկումը շարունակվում է:
Իրազեկման քննարկումը կամ որոշման ընդունումը կարող է հետաձգվել միայն կազմակերպիչների խնդրանքով, եթե անհրաժեշտություն է առաջացել շտկելու իրազեկման մեջ առկա թերությունները, կամ եթե անհրաժեշտ է ներկայացնել լրացուցիչ փաստաթղթեր: Իրազեկման քննարկման կամ որոշման ընդունման ժամկետը հետաձգվելու դեպքում սույն հոդվածի 8-րդ մասում նշված ժամկետը չի գործում:
6. Իրազեկման քննարկման արդյունքում ընդունվում է զանգվածային հրապարակային միջոցառման անցկացումն արգելելու կամ իրազեկումն ի գիտություն ընդունելու մասին որոշում:
7. Լիազոր մարմինն իրազեկման քննարկման արդյունքում ընդունված իր որոշման մասին անմիջապես հայտնում է կազմակերպիչներին, ոստիկանություն, ինչպես նաև դա փակցնում է լիազոր մարմնի` դրա համար նախատեսված և բոլորի համար մատչելի ու տեսանելի տեղում: Ընդ որում, լիազոր մարմնի որոշումը պետք է փակցված մնա համապատասխան տեղում մինչև իրազեկման մեջ նշված կամ լիազոր մարմնի հետ համաձայնեցված զանգվածային հրապարակային միջոցառման անցկացման օրվա ժամը 18-ը:
8. Եթե մինչև իրազեկումն ստանալու օրվան հաջորդող աշխատանքային օրվա ժամը 16-ը լիազոր մարմնի որոշմամբ չի արգելվում զանգվածային հրապարակային միջոցառման անցկացումը, ապա կազմակերպիչներն իրավունք ունեն տրված իրազեկման պայմաններով իրականացնելու զանգվածային հրապարակային միջոցառում: