Հոդված 8. ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻ և ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 8. ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻ և ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
1. Լիազոր մարմինը պարտավոր է`
1) նշանակել իր ներկայացուցչին և այդ մասին անհապաղ հայտնել կազմակերպչին.
2) զանգվածային հրապարակային միջոցառման և իր ներկայացուցչի մասին հայտնել համապատասխան ոստիկանության մարմին և համապատասխան մարզպետին.
3) ապահովել իր ներկայացուցչի ներկայությունը զանգվածային հրապարակային միջոցառմանը` զանգվածային հրապարակային միջոցառման ամբողջ ընթացքում:
2. Ոստիկանությունը`
1) պարտավոր է զանգվածային հրապարակային միջոցառման մասին տեղեկատվություն ստանալուց հետո անմիջապես նշանակել իր ներկայացուցչին և այդ մասին հայտնել կազմակերպչին ու լիազոր մարմին.
2) պարտավոր է ապահովել իր ներկայացուցչի ներկայությունը զանգվածային հրապարակային միջոցառմանը` զանգվածային հրապարակային միջոցառման ամբողջ ընթացքում.
3) պարտավոր է ապահովել զանգվածային հրապարակային միջոցառման ընթացքում օրինականությունը և հասարակական կարգի պահպանումը.
4) պարտավոր է զանգվածային հրապարակային միջոցառման անցկացման վայրից հարկադրաբար դուրս բերել այն անձանց, ովքեր կատարում են հակաօրինական արարք կամ խախտում են հասարակական կարգը.
5) պարտավոր է ապահովել հրապարակային միջոցառման անցկացման վայրում գտնվող կամ դրան հարող պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների շենքերի, շինությունների կամ աշխատանքային այլ տարածքների ազատ մուտքն ու ելքը, ինչպես նաև քաղաքացիների տների կամ բնակելի այլ շինությունների ազատ մուտքն ու ելքը հետիոտնի համար նախատեսված ճանապարհով.
6) պարտավոր է իր գործողություններում ղեկավարվել վարչարարության հիմնարար սկզբունքներով.
7) կարող է օրենքով սահմանված դեպքերում և կարգով որոշում ընդունել դադարեցնելու սույն օրենքի պահանջների խախտմամբ անցկացվող հրապարակային միջոցառումը կամ այլ միջոցառումը և պահանջել կազմակերպչից դադարեցնելու հրապարակային միջոցառումը.
8) կարող է օրենքով սահմանված դեպքերում և կարգով հարկադիր դադարեցնել հրապարակային կամ այլ միջոցառումը.
9) իրականացնում է օրենքով նախատեսված այլ գործառույթներ: