Հոդված 13. ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԱՐԳԵԼՈՒՄԸ
Հոդված 13. ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԱՐԳԵԼՈՒՄԸ
1. Իրազեկման քննարկման արդյունքում լիազոր մարմնի որոշմամբ զանգվածային հրապարակային միջոցառումն արգելվում է միայն այն դեպքերում, եթե`
1) իրազեկման հետ չեն ներկայացվել սույն օրենքի 11-րդ հոդվածով նախատեսված բոլոր փաստաթղթերը, կամ բացակայում է պարտադիր որևէ տվյալ.
2) նշված օրը, ժամին և նշված վայրում անցկացվելու է մեկ այլ զանգվածային հրապարակային միջոցառում, որը բացառում է տվյալ միջոցառման անցկացումը կամ նշված օրը, ժամին և նշված վայրում անցկացվելու է ոչ զանգվածային հրապարակային միջոցառում կամ այլ միջոցառում, որոնց վերաբերյալ սույն օրենքով սահմանված կարգով տրվել է իրազեկում, և որը բացառում է տվյալ միջոցառման անցկացումը.
3) առկա են հավաստի տվյալներ, որ նշված օրը, ժամին և նշված վայրում միջոցառման անցկացումն իրական (ռեալ) վտանգ է սպառնում անձանց կյանքին կամ առողջությանը.
4) նշված վայրում սույն օրենքով արգելված է անցկացնել զանգվածային հրապարակային միջոցառում.
5) բոլոր կազմակերպիչները, սույն օրենքի համաձայն, իրավունք չունեն կազմակերպելու զանգվածային հրապարակային միջոցառում.
6) անցկացվող երթի պատճառով կկազմալուծվի տվյալ բնակավայրի կամ միջպետական ճանապարհների երթևեկությունը.
7) նշված վայրի անմիջական մոտակայքում նույն օրը և նույն ժամերին տեղի է ունենալու կազմակերպչի ընդդիմադիր անձանց կողմից անցկացվող զանգվածային հրապարակային մեկ ուրիշ միջոցառում, և առկա են հավաստի տվյալներ` ընդդիմադիր ուժերի ընդհարման իրական (ռեալ) վտանգի վերաբերյալ, կամ
8) միջոցառումը հետապնդում է օրենքով արգելված նպատակներ:
2. Զանգվածային հրապարակային միջոցառման անցկացումն արգելելու մասին որոշման մեջ պետք է հիմնավոր և հստակ շարադրվեն զանգվածային հրապարակային միջոցառման անցկացման արգելման պատճառները:
3. Զանգվածային հրապարակային միջոցառման անցկացումն արգելելու մասին որոշումը կարող է բողոքարկվել դատարան: Դատարանը վճիռ է կայացնում 24 ժամվա ընթացքում: Զանգվածային հրապարակային միջոցառման անցկացումն արգելելու մասին որոշումն անվավեր ճանաչելու մասին դատարանի վճիռն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
4. Եթե իրազեկման քննարկման ժամանակ լիազոր մարմինը գտնում է, որ առկա է սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կամ 7-րդ կետերով նախատեսված զանգվածային հրապարակային միջոցառման անցկացումն արգելելու հիմք, ապա լիազոր մարմինը, կազմակերպչի բանավոր դիմումի համաձայն, պարտավոր է կազմակերպչին առաջարկել զանգվածային հրապարակային միջոցառման անցկացման այլ օրեր (իրազեկման մեջ նշված վայրում և ժամին) և այլ ժամեր (իրազեկման մեջ նշված վայրում և օրը), եթե այդպիսի հնարավորությունն առկա է:
Լիազոր մարմնի կողմից առաջարկվող այլ օրը պետք է լինի կազմակերպիչների կողմից առաջարկվող օրվան հաջորդող երկու օրվա ընթացքում:
Լիազոր մարմնի կողմից առաջարկվող այլ օրվա ժամը պետք է համընկնի կազմակերպիչների առաջարկած ժամին կամ կարող է ունենալ մինչև երեք ժամվա տարբերություն:
5. Եթե իրազեկման քննարկման ժամանակ լիազոր մարմինը գտնում է, որ առկա է սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված զանգվածային հրապարակային միջոցառման անցկացումն արգելելու հիմք, ապա լիազոր մարմինը, կազմակերպչի բանավոր դիմումի համաձայն, պարտավոր է կազմակերպչին առաջարկել զանգվածային հրապարակային միջոցառման անցկացման այլ վայր (իրազեկման մեջ նշված օրը և ժամին), եթե այդպիսի հնարավորությունն առկա է:
Լիազոր մարմնի կողմից առաջարկվող այլ վայրը պետք է բավարարի կազմակերպիչների ներկայացրած ողջամիտ պահանջները, մասնավորապես, պետք է ապահովի համապատասխան քանակի մասնակիցների մասնակցության հնարավորությունը, եթե մասնակիցների քանակի մասին իրազեկման մեջ առկա է տեղեկատվություն: Չպետք է առաջարկվեն կազմակերպիչների ընտրած համայնքի տարածքից դուրս, Երևանում` առաջարկված թաղային համայնքի տարածքից դուրս վայրեր: Առաջարկվող վայրը հնարավորինս պետք է մոտ լինի իրազեկման մեջ նշված վայրին:
6. Լիազոր մարմնի և կազմակերպիչների փոխադարձ համաձայնության դեպքում կարող է զանգվածային հրապարակային միջոցառման համար ընտրվել ցանկացած այլ օր, ժամ կամ վայր:
7. Սույն հոդվածի 4-6-րդ մասերով նախատեսված` լիազոր մարմնի առաջարկներից մեկը կազմակերպիչների կողմից ընդունվելու դեպքում այդ մասին լիազոր մարմինը և կազմակերպիչները կազմում են արձանագրություն, որը կազմակերպիչներին հիմք է տալիս անցկացնելու զանգվածային հրապարակային միջոցառումը: