Հոդված 11. ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԻՐԱԶԵԿՄԱՆ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ և ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ
Հոդված 11. ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԻՐԱԶԵԿՄԱՆ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ և ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ
1. Զանգվածային հրապարակային միջոցառում անցկացնելու մասին իրազեկման մեջ նշվում է`
1) զանգվածային հրապարակային միջոցառման անցկացման վայրը, իսկ եթե նախատեսվում է նաև երթ, ապա երթի ուղին և ժամանակացույցը.
2) զանգվածային հրապարակային միջոցառման սկիզբը և ավարտի մոտավոր ժամանակը:
2. Զանգվածային հրապարակային միջոցառում անցկացնելու մասին իրազեկման մեջ կարող են նշվել զանգվածային հրապարակային միջոցառման մասնակիցների նախատեսվող մոտավոր թվաքանակը, ինչպես նաև այլ տեղեկություններ, որոնք կազմակերպիչների կարծիքով անհրաժեշտ են զանգվածային հրապարակային միջոցառման ժամանակ հասարակական կարգի պահպանման կամ միջոցառման մասնակիցների անվտանգության ապահովման համար:
3. Իրավաբանական անձի կողմից զանգվածային հրապարակային միջոցառում կազմակերպվելու դեպքում իրազեկման հետ ներկայացվում են նաև իրավաբանական անձի կնիքով և ղեկավարի ստորագրությամբ հաստատված հետևյալ փաստաթղթերը.
1) զանգվածային հրապարակային միջոցառում անցկացնելու մասին իրավաբանական անձի իրավասու մարմնի համապատասխան որոշումը.
2) իրավաբանական անձի պետական գրանցման վկայականի պատճենը.
3) կազմակերպչի (կազմակերպիչների) անունը, ազգանունը, հաշվառման հասցեն, անձնագրի պատճենը.
4) կազմակերպչի (կազմակերպիչների) գրավոր համաձայնությունը:
4. Քաղաքացու կողմից զանգվածային հրապարակային միջոցառում կազմակերպվելու դեպքում իրազեկման հետ ներկայացվում են նաև զանգվածային հրապարակային միջոցառում կազմակերպող քաղաքացու (քաղաքացիների) անունը, ազգանունը, հաշվառման հասցեն, անձնագրի պատճենը:
Մինչև 18 տարեկան այն քաղաքացիները, ովքեր օրենքով սահմանված կարգով չեն ճանաչվել լրիվ գործունակ, պետք է ներկայացնեն նաև ծնողների կամ օրինական այլ ներկայացուցիչների գրավոր համաձայնությունը:
Իրազեկումն անձամբ ներկայացնելու դեպքում կազմակերպչի, ծնողների կամ օրինական այլ ներկայացուցիչների ստորագրության իսկությունը պետք է վավերացված լինի իրազեկումն ընդունող պաշտոնատար անձի կողմից, հակառակ դեպքում պետք է վավերացված լինի նոտարական կարգով:
5. Լիազոր մարմիններ տրված զանգվածային հրապարակային միջոցառումների անցկացման իրազեկումները մուտքագրվում են այդ նպատակով վարվող հատուկ գրանցամատյանում` ըստ դրանք ստանալու հերթականության, իսկ դրանց պատճենները փակցվում են լիազոր մարմնի վարչական շենքում` բոլորի համար մատչելի ու տեսանելի տեղում: