Հոդված 31. Օրենսգրքի 135-րդ հոդվածի տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
Հոդված 31. Օրենսգրքի 135-րդ հոդվածի տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«1. Մաքսային հայտարարագրում փոփոխություններ և լրացումներ կարող են կատարվել մինչև դրա ընդունումը:
Մաքսային հայտարարագրի ընդունումից հետո դրանում առկա անճշտությունները և (կամ) սխալները կարող են ճշտվել մաքսային հայտարարագիրն անվավեր համարելով և սույն հոդվածի 8-րդ կետով նախատեսված դեպքում՝ նոր մաքսային հայտարարագիր ներկայացնելով:
2. Եթե մաքսային հայտարարագրի ընդունումից հետո պարզվում է, որ դրանում կա անճշտություն կամ սխալ, ապա՝
ա) եթե կան մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործերի վարույթ սկսելու հիմքեր, ապա մաքսային մարմինը սկսում է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործի վարույթը: Մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործի քննման արդյունքում սույն օրենսգրքի 221-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված որոշում ընդունած պաշտոնատար անձը՝ սույն հոդվածի 5-րդ կետով նախատեսված հիմքերի առկայության դեպքում, որոշումն ընդունելու օրվան հաջորդող օրը մաքսային հայտարարագրի անվավեր համարման միջնորդություն է ներկայացնում մաքսային մարմնի ղեկավարին.
բ) եթե մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործերի վարույթ սկսելու հիմքեր չկան, ապա հայտարարագիրն անվավեր է համարվում սույն հոդվածի 5-րդ կետում նշված հիմքերի առկայության դեպքում` սույն հոդվածի 6-րդ կետին համապատասխան:
3. Ընդունված մաքսային հայտարարագիրն անվավեր համարելու խնդրանքով հայտարարատուն կարող է դիմել մաքսային հայտարարագիրն ընդունած մաքսային մարմին:
4. Հայտարարագրի անվավեր համարման դիմումն ստանալու հաջորդ օրը, եթե սույն հոդվածի 2-րդ կետի համաձայն մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործի վարույթ չի սկսվել, ապա մաքսային մարմնի ղեկավարը կայացնում է հայտարարագրի անվավեր համարման մասին որոշում, իսկ եթե դիմումի ուսումնասիրման արդյունքում չեն բացահայտվում ընդունված մաքսային հայտարարագրի անվավեր համարելու` սույն հոդվածի 5-րդ կետում նշված հիմքերը, ապա դիմումը մերժվում է՝ գրավոր ներկայացնելով մերժման պատճառները:
5. Մաքսային հայտարարագիրը կարող է անվավեր համարվել, եթե ընդունված մաքսային հայտարարագրում կա անճշտություն կամ սխալ, կամ հայտարարագրված ապրանքները և (կամ) տրանսպորտային միջոցները փաստացի չեն տեղափոխվել Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով, և այդ հանգամանքը հանգեցրել է կամ, հայտարարագիրն անվավեր չհամարելու դեպքում, կարող է հանգեցնել մաքսային կանոնների խախտման:
6. Մաքսային հայտարարագիրը կարող է անվավեր համարվել հայտարարատուի և մաքսային մարմնի փոխհամաձայնության դեպքում մաքսային մարմնի կողմից կամ դատական կարգով:
7. Անվավեր համարված հայտարարագրերը վերադաս մաքսային մարմնի սահմանած կարգով հանվում են փաստաթղթաշրջանառությունից և տվյալների բազայից:
8. Եթե անվավեր համարված մաքսային հայտարարագիրը մաքսային մարմիններին ներկայացված է եղել Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով փաստացի տեղափոխված ապրանքների և (կամ) տրանսպորտային միջոցների համար կամ այդպիսի ապրանքների և տրանսպորտային միջոցների նկատմամբ նախկինում կիրառված մաքսային ռեժիմը փոխելու համար, ապա հայտարարատուն պարտավոր է այդ ապրանքների և (կամ) տրանսպորտային միջոցների համար ներկայացնել նոր մաքսային հայտարարագիր՝ մաքսային հայտարարագիրն անվավեր համարելու օրվան հաջորդող տասնօրյա ժամկետում, ընդ որում, մինչև նոր մաքսային հայտարարագրի հիման վրա բացթողումն անվավեր համարված մաքսային հայտարարագրով հայտարարագրված ապրանքները և (կամ) տրանսպորտային միջոցները գտնվում են մաքսային հսկողության տակ:»: