Անցնել բովանդակությանը
ՊԱՏԺԻՑ ԱԶԱՏԵԼԸ: ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՏԺԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԻԺԸ ՊԱՅՄԱՆԱԿԱՆՈՐԵՆ ՉԿԻՐԱՌԵԼՈՒ ԴԵՊՔԵՐՈՒՄԳլուխ 19 · ՊԱՏԺԻՑ ԱԶԱՏԵԼԸ

Հոդված 115. Որոշակի ժամկետով կամ ցմահ ազատազրկման դատապարտված անձին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու ներկայացման կարգը

գործել է մինչև 2022-07-01Բացել ARLIS-ում

Հոդված 115. Որոշակի ժամկետով կամ ցմահ ազատազրկման դատապարտված անձին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու ներկայացման կարգը

(վերնագիրը խմբ. 13.11.07 ՀՕ-268-Ն)

1. Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու նպատակով դատապարտյալը պատժի ժամկետի՝ օրենքով սահմանված մասը լրանալուց ոչ շուտ, քան երեք ամիս առաջ իրավունք ունի գրավոր դիմում ներկայացնելու պատիժը կատարող հիմնարկի վարչակազմին: Պատիժը կատարող հիմնարկի վարչակազմը սույն մասով նախատեսված ժամկետը լրանալուց մեկ ամիս առաջ պարտավոր է դատապարտյալին գրավոր ծանուցել դիմում ներկայացնելու կարգի մասին:

2. Դատապարտյալը դիմումով կարող է հիմնավորել պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու համար դիմելու պատճառները:

3. Դատապարտյալի գրավոր դիմումն ստանալու պահից երեք աշխատանքային օրվա ընթացքում պատիժը կատարող հիմնարկի վարչակազմն այդ մասին պաշտոնապես ծանուցում է պրոբացիայի ծառայությանը: Դատապարտյալի գրավոր դիմումն ստանալուց հետո արդարադատության ոլորտում Կառավարության քաղաքականությունը մշակող նախարարի սահմանած ժամկետում և կարգով պատիժը կատարող հիմնարկի վարչակազմն այդ մասին պաշտոնապես ծանուցում է քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնին (այսուհետ՝ քրեակատարողական ծառայություն)՝ կցելով դատապարտյալի անձնական գործի ամփոփ տեղեկանքը և անհրաժեշտ այլ փաստաթղթեր:

4. Քրեակատարողական ծառայությունը և պրոբացիայի ծառայությունը պաշտոնական ծանուցումն ստանալուց հետո՝ 80 օրվա ընթացքում, կազմում և ներկայացնում են Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 76-րդ հոդվածի 1.1-ին և 1.2-րդ մասերով նախատեսված հանգամանքների վերաբերյալ զեկույցներ (այսուհետ՝ զեկույցներ): Դատապարտյալի կողմից սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ժամկետը չպահպանվելու դեպքում զեկույցները կազմվում են պաշտոնական ծանուցումն ստանալուց հետո՝ 80 օրվա ընթացքում:

5. Եթե քրեակատարողական ծառայության և պրոբացիայի ծառայության զեկույցները դրական են, ապա պատիժը կատարող հիմնարկի վարչակազմը դատապարտյալի նկատմամբ նշանակված պատժի ժամկետի՝ օրենքով սահմանված մասը լրանալուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, ընդունում է դատապարտյալին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցը դատարան ներկայացնելու մասին որոշում և յոթ աշխատանքային օրվա ընթացքում միջնորդագրով ներկայացնում դատարան:

6. Եթե քրեակատարողական ծառայության և պրոբացիայի ծառայության զեկույցներից մեկը բացասական է, ապա պատիժը կատարող հիմնարկի վարչակազմը դատապարտյալի նկատմամբ նշանակված պատժի ժամկետի՝ օրենքով սահմանված մասը լրանալուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, ընդունում է դատապարտյալին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցը դատարան ներկայացնելու մասին որոշում, եթե դատապարտյալը տալիս է գրավոր համաձայնություն և յոթ աշխատանքային օրվա ընթացքում միջնորդագրով ներկայացնում դատարան:

7. Եթե քրեակատարողական ծառայության և պրոբացիայի ծառայության զեկույցներից մեկը բացասական է, ապա պատիժը կատարող հիմնարկի վարչակազմը դատապարտյալի նկատմամբ նշանակված պատժի ժամկետի՝ օրենքով սահմանված մասը լրանալուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, ընդունում է դատապարտյալին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցը դատարան չներկայացնելու մասին որոշում, եթե դատապարտյալը չի տալիս գրավոր համաձայնություն: Սույն մասով նախատեսված դեպքում պատիժը կատարող հիմնարկի վարչակազմը դատապարտյալին գրավոր ծանուցում է պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցը կրկին քննարկելու կարգի մասին:

8. Եթե քրեակատարողական ծառայության և պրոբացիայի ծառայության զեկույցները բացասական են, ապա պատիժը կատարող հիմնարկի վարչակազմը դատապարտյալի նկատմամբ նշանակված պատժի ժամկետի՝ օրենքով սահմանված մասը լրանալուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, ընդունում է դատապարտյալին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցը դատարան չներկայացնելու մասին որոշում: Սույն մասով նախատեսված դեպքում պատիժը կատարող հիմնարկի վարչակազմը դատապարտյալին գրավոր ծանուցում է պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցը կրկին քննարկելու կարգի, ինչպես նաև պատիժը կատարող հիմնարկի վարչակազմի որոշումը բողոքարկելու իրավունքի մասին: Որոշումը կարող է բողոքարկվել առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան որոշումն ստանալուց հետո՝ տասնօրյա ժամկետում:

9. Պատիժը կատարող հիմնարկի վարչակազմը դատապարտյալին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցը դատարան ներկայացնելու կամ չներկայացնելու մասին որոշման և զեկույցների պատճենները, դատապարտյալի անձնական գործի ամփոփ տեղեկանքը որոշումը կայացնելուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, ուղարկում է պատժի կիրառման օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին: Սույն հոդվածի 7-րդ և 8-րդ մասերով սահմանված կարգով կայացված որոշումն օրենսդրությանը հակասող համարելու դեպքում Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը կամ նրա տեղակալը նշված ակտը վերացնելու միջնորդագիր է ներկայացնում արդարադատության ոլորտում Կառավարության քաղաքականությունը մշակող նախարարին: Վերջինս միջնորդագրի քննության արդյունքների մասին տեղեկացնում է միջնորդագրի հեղինակին: Եթե միջնորդագրի քննության ընթացքում պարզվում է, որ դատապարտյալը սույն հոդվածի 8-րդ մասով նախատեսված դեպքում բողոքարկել է պատիժը կատարող հիմնարկի վարչակազմի որոշումը, ապա արդարադատության ոլորտում Կառավարության քաղաքականությունը մշակող նախարարը միջնորդագիրը վերադարձնում է միջնորդագրի հեղինակին:

10. Դատապարտյալին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցը դատարան ներկայացնելիս միջնորդագրին կցվում են զեկույցները, դատապարտյալի անձնական գործի ամփոփ տեղեկանքը և դատապարտյալի կողմից ներկայացված նյութերը (առկայության դեպքում):

11. Դրական զեկույցների դեպքում` մինչև զեկույցները դատարան ներկայացնելը, իսկ զեկույցներից առնվազն մեկի բացասական լինելու դեպքում՝ մինչև պատիժը կատարող հիմնարկի վարչակազմի կողմից որոշում ընդունելը, դատապարտյալն իրավունք ունի`

1) իրեն մատչելի ձևով, այդ թվում՝ համապատասխան մասնագետի միջոցով ծանոթանալու իր վերաբերյալ կազմված նյութերին և անվճար ստանալու դրանց պատճենները.

2) ներկայացնելու բացատրություններ և փաստաթղթեր, հանդես գալու հայտարարություններով.

3) հայտնելու իր կարծիքը իրեն վերաբերող հարցերի քննարկման ժամանակ.

4) ստանալու իր վերաբերյալ կազմված զեկույցները.

5) հայերենին չտիրապետելու դեպքում պետության միջոցների հաշվին օգտվելու թարգմանչի ծառայություններից.

6) օրենքով նախատեսված դեպքերում՝ այլ իրավունքներ:

12. Սույն հոդվածի 7-րդ և 8-րդ մասերով նախատեսված դեպքերում դատապարտյալի՝ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու վերաբերյալ հարցը կարող է կրկին քննարկվել համապատասխան որոշման ընդունումից հետո՝ երեք ամիս անց, եթե դատապարտյալը նշված ժամկետը լրանալուց ոչ շուտ, քան 40 օր առաջ ներկայացրել է դիմում, բացառությամբ սույն օրենսգրքի 116-րդ հոդվածով նախատեսված դեպքերի: Դատապարտյալի կողմից կրկին դիմում ներկայացվելու դեպքում զեկույցները կազմվում են դիմումն ստանալուց հետո՝ մեկամսյա ժամկետում:

13. Դատարանի կողմից պատժից պայմանական վաղաժամկետ ազատելը կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելը մերժելու մասին որոշում կայացնելու դեպքում դատապարտյալի՝ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու վերաբերյալ հարցը կարող է կրկին քննարկվել վերջնական դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո՝ վեց ամիս անց, եթե դատապարտյալը նշված ժամկետը լրանալուց ոչ շուտ, քան 40 օր առաջ ներկայացրել է դիմում, բացառությամբ սույն օրենսգրքի 116-րդ հոդվածով նախատեսված դեպքերի: Դատապարտյալի կողմից կրկին դիմում ներկայացվելու դեպքում զեկույցները կազմվում են դիմումն ստանալուց հետո՝ մեկամսյա ժամկետում:

14. Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու վերաբերյալ զեկույցը կազմելու կարգը սահմանում է արդարադատության ոլորտում Կառավարության քաղաքականությունը մշակող նախարարը:

15. Պետության միջոցների հաշվին թարգմանչի ծառայություններից օգտվելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

(115-րդ հոդվածը խմբ. 13.06.06 ՀՕ-66-Ն, խմբ., փոփ. 13.11.07 ՀՕ-268-Ն, խմբ. 20.05.09 ՀՕ-129-Ն, խմբ., լրաց., փոփ. 01.03.17 ՀՕ-63-Ն, խմբ. 23.05.18 ՀՕ-333-Ն)

(հոդվածի 05.02.08 ՍԴՈ-733 որոշմամբ ճանաչված Սահմանադրությանը հակասող դրույթը համապատասխանեցվել է Սահմանադրությանը 20.05.09 ՀՕ-129-Ն օրենքի 1-ին հոդվածի փոփոխությամբ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։