Հոդված 80. Դատապարտյալին կարճաժամկետ մեկնում տրամադրելը
Հոդված 80. Դատապարտյալին կարճաժամկետ մեկնում տրամադրելը
1. Դատապարտյալին կարող է տրամադրվել կարճաժամկետ մեկնում անձնական բացառիկ հանգամանքների (մերձավոր ազգականի մահ կամ կյանքին սպառնացող ծանր հիվանդություն, տարերային աղետ, որը զգալի նյութական վնաս է պատճառել դատապարտյալին կամ նրա ընտանիքին) դեպքում, ինչպես նաև սոցիալական վերականգնման նպատակով: Կյանքի դժվարին իրավիճակում գտնվող երեխա ունեցող դատապարտյալին կարող է տրամադրվել կարճաժամկետ մեկնում՝ երեխային մանկատանը կամ ազգականի մոտ տեղավորելու նպատակով:
2. Կարճաժամկետ մեկնում տրամադրվում է մինչև յոթ օր տևողությամբ` չհաշված մեկնելու և վերադարձի համար անհրաժեշտ ժամանակը, որը չի կարող գերազանցել երեք օրը: Սոցիալական վերականգնման նպատակով բաց ուղղիչ հիմնարկում պատիժ կրող դատապարտյալին կարճաժամկետ մեկնում կարող է տրամադրվել մինչև մեկ ամիս տևողությամբ` չհաշված մեկնելու և վերադարձի համար անհրաժեշտ ժամանակը, որը չի կարող գերազանցել երեք օրը: Կիսաբաց, կիսափակ կամ փակ ուղղիչ հիմնարկում պատիժ կրող դատապարտյալին կարճաժամկետ մեկնում տրամադրվում է տարվա ընթացքում երկու անգամից ոչ ավելի:
3. Մեղսունակությունը չբացառող հոգեկան հիվանդությամբ տառապող կամ առաջին կամ երկրորդ կարգի հաշմանդամ դատապարտյալին, որը առողջության պատճառով անընդհատ խնամքի կարիք ունի, ինչպես նաև անչափահաս դատապարտյալին կարճաժամկետ մեկնում տրամադրվում է միայն ազգականի կամ այլ անձի ուղեկցությամբ։
4. Բացիլազատ պալարախտով հիվանդ, ալկոհոլամոլությունից, թմրամոլությունից և սեռական ճանապարհով փոխանցվող և շրջապատի համար վտանգ ներկայացնող այլ վարակիչ ու մակաբուծային հիվանդություններից բուժման ամբողջ կուրսը չանցած, մարդու իմունային անբավարարության վարակով վարակակիր դատապարտյալին, ինչպես նաև ուղղիչ հիմնարկում հակահամաճարակային միջոցառում անցկացնելու ընթացքում կարճաժամկետ մեկնում կարող է տրամադրվել, եթե բժշկի, հոգեբույժի կամ համապատասխան մասնագետի եզրակացությամբ նա հասարակության կամ իր համար վտանգ չի ներկայացնում, կամ նման վտանգը վերացվում է նրան ուղեկցելու միջոցով, ինչը պետք է փոխհատուցի դատապարտյալը:
5. Բացասական բնութագրվող դատապարտյալին կարճաժամկետ մեկնում տրամադրվում է միայն ուղղիչ հիմնարկի վարչակազմի ներկայացուցչի կամ ներկայացուցիչների ուղեկցությամբ:
6. Կարճաժամկետ մեկնում տրամադրվելու դեպքում դատապարտյալը կարող է կրել իր առօրյա կամ այլ հագուստ:
(80-րդ հոդվածը փոփ. 03.06.19 ՀՕ-52-Ն)