Հոդված 52. Դատապարտյալների նկատմամբ կիրառվող տույժի միջոցները
Հոդված 52. Դատապարտյալների նկատմամբ կիրառվող տույժի միջոցները
1. Կարգապահական գումարտակի ներքին կանոնակարգով սահմանված պատժի կրման կարգը և պայմանները խախտելու համար դատապարտյալի նկատմամբ սահմանված կարգով կարող են կիրառվել տույժի հետևյալ միջոցները.
1) նկատողություն.
2) խիստ նկատողություն.
3) կարգապահական կալանք՝ մինչև տասնհինգ օր ժամկետով:
2. Կարգապահական կալանքը դատապարտյալը կրում է կարգապահական գումարտակի պատժախցում:
3. Կարգապահական կալանք կրելու ժամանակամիջոցում դատապարտյալին կարող են արգելվել՝
1) դրամական փոխանցումներ ստանալը և կատարելը, բացառությամբ առաջին անհրաժեշտության առարկաներ ձեռք բերելու դեպքերի.
2) հանձնուքներ, ծանրոցներ ու փաթեթներ ստանալը և ուղարկելը, բացառությամբ առաջին անհրաժեշտության առարկաներ ձեռք բերելու դեպքերի.
3) քաղաքացիաիրավական գործարքներին մասնակցելը.
4) տեսակցությունները, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի.
5) հեռախոսակապից օգտվելը:
3.1. Կարգապահական կալանք կրելու ժամանակամիջոցում դատապարտյալին արգելվում է աշխատելը:
3.2. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված սահմանափակումները կիրառվում են տույժի միջոց կիրառելու մասին կարգապահական գումարտակի հրամանատարի կամ նրա պարտականությունները կատարող անձի պատճառաբանված որոշմամբ: Պատժախցում գտնվելու ժամանակամիջոցում կարող է կիրառվել սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված մեկից ավելի սահմանափակում:
3.3. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված յուրաքանչյուր սահմանափակում կիրառելիս պետք է հիմնավորվեն պատճառական կապը կատարած խախտման և կիրառվող սահմանափակման միջև և սահմանափակման կիրառմամբ հետապնդվող իրավաչափ նպատակին հասնելու ողջամիտ անհրաժեշտությունը:
4. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված տույժի միջոցները կիրառվում են ներքին կանոնակարգով նախատեսված դեպքերում և կարգով:
5. Սույն հոդվածում սահմանված տույժի միջոցներից բացի, կարող են կիրառվել զինվորական կանոնագրքերով սահմանված տույժի այլ միջոցներ:
(52-րդ հոդվածը փոփ., լրաց. 01.06.06 ՀՕ-120-Ն, փոփ. 08.04.08 ՀՕ-15-Ն, խմբ., լրաց. 28.06.19 ՀՕ-103-Ն)