Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2019-07-27-ից մինչև 2019-08-04։Բացել գործող տեքստը
ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԶՐԿԵԼՈՒ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՊԱՏԻԺՆԵՐԸ ԿԱՏԱՐԵԼԸԳլուխ 16 · ՈՐՈՇԱԿԻ ԺԱՄԿԵՏՈՎ ԿԱՄ ՑՄԱՀ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ ԱՆՁԻ ԱՇԽԱՏԱՆՔԸ, ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՎՈՂ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԼՈՒՍԱՎՈՐՉԱԿԱՆ, ԿՐՈՆԱԿԱՆ ԵՎ ՄԱՐԶԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

Հոդված 92. Դատապարտյալի կապն ընտանիքի և արտաքին աշխարհի հետ

գործել է մինչև 2019-08-04Բացել ARLIS-ում

Հոդված 92. Դատապարտյալի կապն ընտանիքի և արտաքին աշխարհի հետ

1. Ուղղիչ հիմնարկի վարչակազմն ստեղծում է համապատասխան պայմաններ՝ ընտանիքի և արտաքին աշխարհի հետ դատապարտյալի կապն ապահովելու նպատակով: Այդ նպատակով ուղղիչ հիմնարկում ստեղծվում են կարճատև և երկարատև տեսակցությունների սենյակներ, կապի հնարավոր միջոցների հանգույցներ, լրատվական միջոցներից օգտվելու հնարավոր պայմաններ:

2. Մերձավոր ազգականների կամ այլ անձանց հետ կարճատև տեսակցություն տրամադրվում է ամսվա ընթացքում առնվազն մեկ անգամ` մինչև չորս ժամ տևողությամբ, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: Միայն մերձավոր ազգականների հետ երկարատև տեսակցություն տրամադրվում է երկու ամսվա ընթացքում առնվազն մեկ անգամ` մինչև երեք օր տևողությամբ: Երկարատև տեսակցություն տրամադրվում է նաև դատապարտյալի հետ ամուսնության մեջ չգտնվող այն անձի հետ, որի հետ դատապարտյալն ունի համատեղ երեխա: Դատապարտյալի խնդրանքով երկարատև տեսակցությունը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի կարող է փոխարինվել կարճատև տեսակցությամբ: Առանձնապես ծանր հանցագործության համար որոշակի ժամկետով ազատազրկման կամ ցմահ ազատազրկման դատապարտված անձանց տրամադրվում է տարվա ընթացքում առնվազն վեց կարճատև և երկու երկարատև տեսակցություն: Նշված սահմանափակումը վերանում է, եթե դատապարտյալը փաստացի կրել է պատժի` Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատում կիրառելու համար սահմանված ժամկետը: Կարճատև և երկարատև տեսակցություններ տրամադրելու կարգը սահմանվում է ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգով:

3. Դատապարտյալին թույլատրվում է ստանալ և իր հաշվին ուղարկել ծանրոցներ, հանձնուքներ կամ փաթեթներ, առանց սահմանափակման կատարել և ստանալ դրամական փոխանցումներ, ինչպես նաև իր հաշվին վարել նամակագրություն՝ առանց նամակների, հեռագրերի թվի սահմանափակման: Ծանրոցները, հանձնուքները, փաթեթներն ու նամակներն ուղարկելու և ընդունելու, ինչպես նաև դրանք դատապարտյալին հանձնելու կարգը սահմանվում է ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգով:

4. Կապի միջոցներից, այդ թվում՝ հեռախոսակապից, օգտվելու կարգը և քանակը սահմանվում են ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգով:

5. Նամակագրությունն իրականացվում է ուղղիչ հիմնարկի վարչակազմի միջոցով և, առանց նամակագրության բովանդակությանը ծանոթանալու, ենթակա է արտաքին զննման՝ արգելված առարկաների կամ նյութերի փոխանցումը բացառելու նպատակով: Դատապարտյալի բացակայությամբ ստացված նամակներն ուղարկվում են նրա գտնվելու նոր վայր:

6. Ուղղիչ հիմնարկի վարչակազմն ստեղծում է համապատասխան պայմաններ՝ թերթերից, ամսագրերից և այլ գրականությունից օգտվելու համար:

7. Դատապարտյալի լուսանկարահանումը, ինչպես նաև տեսանկարահանումը և հարցազրույցն իրականացվում են նրա համաձայնությամբ` ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգով սահմանված կարգով: Համաձայնությունը կարող է կրել գրավոր բնույթ։

(92-րդ հոդվածը լրաց. 15.11.06 ՀՕ-182-Ն, 08.04.08 ՀՕ-15-Ն, խմբ. 12.07.18 ՀՕ-368-Ն, փոփ. 03.06.19 ՀՕ-52-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։