Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2019-07-27-ից մինչև 2019-08-04։Բացել գործող տեքստը
ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԶՐԿԵԼՈՒ ՀԵՏ ՉԿԱՊՎԱԾ ՊԱՏԻԺՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸԳլուխ 6 · ՈՐՈՇԱԿԻ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ԿԱՄ ՈՐՈՇԱԿԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻՑ ԶՐԿԵԼԸ ԿԱՏԱՐԵԼԸ

Հոդված 27. Որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու կատարումը

գործել է մինչև 2019-08-04Բացել ARLIS-ում

Հոդված 27. Որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու կատարումը

1. Որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու` հիմնական պատժի կատարումն ապահովում է որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու դատապարտված անձի մշտական բնակության վայրի պրոբացիայի ծառայության տարածքային մարմինը (սույն գլխում այսուհետ՝ տարածքային մարմին), իսկ մշտական բնակության վայր չունեցող կամ օտարերկրյա քաղաքացի կամ քաղաքացիություն չունեցող դատապարտյալի դեպքում՝ նրա փաստացի բնակության վայրի կամ դատական ակտի մեջ նշված վայրի տարածքային մարմինը:

2. Որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու` լրացուցիչ պատժի կատարումն ապահովում է հիմնական պատիժը կատարող մարմինը կամ հիմնարկը, իսկ հիմնական պատիժը կրելուց հետո՝ տարածքային մարմինը:

3. Որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու դատապարտված անձի (սույն գլխում այսուհետ` դատապարտյալ) կողմից զինվորական ծառայության կամ այլընտրանքային ծառայության անցնելու դեպքում տարածքային մարմինը զինվորական կոմիսարիատ կամ դատապարտյալի ծառայության վայր է ուղարկում դատավճռի պատճենը` ծառայության ընթացքում տվյալ պատժի կրումը շարունակելու նպատակով:

4. Որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու մասին օրինական ուժի մեջ մտած դատական ակտը (սույն գլխում այսուհետ` դատական ակտ) ստանալուց հետո պրոբացիայի ծառայողն անհապաղ, բայց ոչ ուշ, քան մեկ աշխատանքային օրվա ընթացքում պարզում է դատապարտյալի գտնվելու վայրը, նրա հետ կապ է հաստատում, նրան պատշաճ ծանուցում է տարածքային մարմին ներկայանալու վերաբերյալ, կազմում է անձնական գործ, վերահսկողության պլան, լրացնում հաշվառման քարտ: Վերահսկողության սկիզբը հաշվվում է դատապարտյալին հաշվառման վերցնելու պահից:

5. Դատական ակտի հիման վրա և դրա շրջանակներում, ինչպես նաև դատապարտյալի վերաբերյալ ռիսկերի և պահանջմունքների գնահատման հիման վրա պրոբացիայի ծառայողը վերահսկողության պլանում սահմանում է դատապարտյալի վերահսկողության ենթակա գործողությունները և դրանց կատարման ժամկետները, իրավունքներն ու պարտականությունները, դրանք խախտելու համար օրենքով սահմանված պատասխանատվությունը:

6. Դատապարտյալի` տարածքային մարմին չներկայանալու դեպքում պրոբացիայի ծառայողը պարտավոր է այցելել նրա բնակության կամ աշխատանքի վայր՝ պարզելու չներկայանալու պատճառները, որի մասին կազմվում է արձանագրություն: Դատապարտյալի կողմից անհարգելի պատճառով չներկայանալն առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն:

7. Դատապարտյալի` պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայության զորակոչվելու կամ ազատությունից զրկելու հետ կապված պատիժ կրելու դեպքում որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու ձևով պատժի կատարումը զինվորական կամ այլընտրանքային ծառայության կամ ազատությունից զրկելու հետ կապված պատիժը կրելու ժամկետով կասեցման մասին որոշումն ընդունում է տարածքային մարմնի ղեկավարը: Զինվորական կամ այլընտրանքային ծառայության ավարտից կամ ազատությունից զրկելու հետ կապված պատիժը կրելուց հետո որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու կատարման կասեցումը վերացվում է տարածքային մարմնի ղեկավարի որոշմամբ և շարունակվում ընդհանուր հիմունքներով:

8. Պատժի չկրած մասը որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու ձևով պատիժը փոխարինելու դեպքում սկզբնական պատիժը կատարող մարմինը սույն օրենսգրքի 117-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով դատապարտյալից ստորագրություն վերցնելուց հետո ոչ ուշ, քան մեկ աշխատանքային օրվա ընթացքում տարածքային մարմին է ուղարկում դատական ակտի պատճենը և հնգօրյա ժամկետում տարածքային մարմին ներկայանալու մասին դատապարտյալի ծանուցված լինելը հավաստող փաստաթուղթը:

9. Պրոբացիայի ծառայողը դատապարտյալին հաշվառման վերցնելուց հետո եռօրյա ժամկետում հաղորդում է ուղարկում Հայաստանի Հանրապետության ոստիկանություն:

10. Դատական ակտն ստանալուց հետո տարածքային մարմինն անհապաղ դատապարտյալի աշխատավայրի վարչակազմին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեին (այսուհետ` Պետական եկամուտների կոմիտե) է ուղարկում դրա պատճենը և ծանուցում պատժի կատարման մասին:

11. Դատական ակտի պահանջները պարտադիր են դատապարտյալի աշխատավայրի վարչակազմի, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև այն մարմինների կամ կազմակերպությունների համար, որոնք իրավասու են նման գործունեությամբ զբաղվելու թույլտվություն տալու:

12. Պետական եկամուտների կոմիտեն, ստանալով տարածքային մարմնի ուղարկած դատական ակտի պատճենը, համապատասխան նշում է կատարում իր կողմից վարվող տվյալների բազայում, դատապարտյալի աշխատանքի վայրի փոփոխության դեպքում հայտնում է տարածքային մարմին, ինչպես նաև տարածքային մարմնի պահանջով տրամադրում է դատապարտյալի աշխատանքի վայրի վերաբերյալ պահանջվող տեղեկությունը:

13. Տարածքային մարմնի պահանջով Պետական եկամուտների կոմիտեն պարտավոր է տրամադրել դատապարտյալի աշխատանքի վերաբերյալ պահանջվող տեղեկությունները:

14. Վերահսկողության պլանի հիման վրա պրոբացիայի ծառայողն այցելում է դատապարտյալի աշխատավայր՝ դատական ակտի պահանջների կատարման մասին վարչակազմից պարզաբանումներ ստանալու նպատակով, որի արդյունքում կազմվում է արձանագրություն:

15. Որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու կատարումը կարող է իրականացվել էլեկտրոնային հսկողության միջոցների կիրառմամբ կամ առանց դրա:

16. Դատապարտյալի նոր աշխատանքի վայրից տեղեկանք ստանալուց հետո՝ եռօրյա ժամկետում, տարածքային մարմինն այդ մասին ծանուցում է դատական ակտը կայացրած դատարան:

17. Որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու ձևով պատիժը կրելուց հետո տարածքային մարմինը դատապարտյալին տալիս է տեղեկանք՝ պատիժը կրած լինելու մասին, և այդ մասին հայտնում դատական ակտը կայացրած դատարանին, Հայաստանի Հանրապետության ոստիկանություն, իսկ անձնական գործն արխիվացվում է:

(27-րդ հոդվածը փոփ. 08.07.05 ՀՕ-161-Ն, փոփ., լրաց. 17.05.16 ՀՕ-50-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։