Հոդված 12. ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ և ՀԻՄՆԱԴԻՐՆԵՐԸ
Հոդված 12. ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ և ՀԻՄՆԱԴԻՐՆԵՐԸ
1. Ապահովագրական գործունեություն իրականացնողի ղեկավարներն են ընկերության խորհրդի նախագահը և անդամները, գործադիր տնօրենը կամ վարչության նախագահը, վարչության անդամները և գործադիր տնօրենի տեղակալը, գլխավոր հաշվապահը, վերստուգիչ հանձնաժողովի նախագահը (հսկիչը) և անդամները, ինչպես նաև ապահովագրական գործունեություն իրականացնողի մասնաճյուղերի կառավարիչները և գլխավոր հաշվապահները:
2. Ապահովագրական գործունեություն իրականացնողի ղեկավար չեն կարող լինել`
ա) դիտավորությամբ կատարված հանցագործությունների կամ անզգուշությամբ կատարված տնտեսական հանցագործությունների համար դատվածություն ունեցող ֆիզիկական անձինք, եթե դատվածությունն օրենքով սահմանված կարգով հանված կամ մարված չէ.
բ) դատավճռով ֆինանսական, բանկային, հարկային, մաքսային, առևտրային, տնտեսական, իրավական ոլորտներում պաշտոններ վարելու իրավունքից զրկված անձինք.
գ) սնանկ ճանաչված ֆիզիկական անձինք.
դ) այն ֆիզիկական անձինք, որոնց ապօրինի գործողությունները նախկինում հանգեցրել են ապահովագրական գործունեություն իրականացնողների սնանկացմանը, լիցենզիայի գործողության դադարեցմանը կամ այլ իրավաբանական անձանց սնանկացմանը.
ե) անձինք, որոնք, սույն հոդվածի համաձայն, զրկվել են այդ իրավունքից ապահովագրական գործունեություն իրականացնելու ընթացքում.
զ) օրենքով սահմանված դեպքերում այլ անձինք:
3. Ապահովագրական գործունեություն իրականացնողների հիմնադիր կամ մասնակից չեն կարող լինել`
ա) դիտավորությամբ կատարված հանցագործությունների համար դատվածություն ունեցող ֆիզիկական անձինք, եթե դատվածությունն օրենքով սահմանված կարգով հանված կամ մարված չէ.
բ) սնանկ ճանաչված իրավաբանական և ֆիզիկական անձինք, լուծարման գործընթացում գտնվող իրավաբանական անձինք.
գ) ֆիզիկական անձինք, որոնց ապօրինի գործողությունները նախկինում հանգեցրել են ապահովագրական գործունեություն իրականացնողների սնանկացմանը, լիցենզիայի գործողության դադարեցմանը կամ այլ իրավաբանական անձանց սնանկացմանը.
դ) անձը կամ փոխկապակցված անձինք, որոնք անցյալում կատարել են այնպիսի արարք, որը լիազորված պետական կառավարման մարմնի հաստատած ուղեցույցով հիմնավորված` լիազորված պետական կառավարման մարմնի կարծիքով հիմք է տալիս կասկածելու, որ տվյալ անձի` որպես ապահովագրական գործունեություն իրականացնողի բարձրագույն կառավարման մարմնի որոշումների կայացման ժամանակ ձայնի իրավունք ունեցող անդամի, գործողությունները կարող են հանգեցնել ապահովագրողի կամ ապահովագրական բրոքերի սնանկացմանը կամ ֆինանսական վիճակի վատթարացմանը կամ հեղինակության և գործարար համբավի վարկաբեկմանը.
ե) անձինք, որոնք, սույն հոդվածի համաձայն, զրկվել են այդ իրավունքից ապահովագրական գործունեություն իրականացնելու ընթացքում.
զ) օրենքով սահմանված դեպքերում այլ անձինք:
4. Անձը կամ փոխկապակցված անձինք մեկ կամ մի քանի գործարքների հետևանքով ապահովագրական գործունեություն իրականացնողի կանոնադրական կապիտալում կարող են բաժնեմաս (բաժնետոմս) կամ փայամասնակցություն ձեռք բերել միայն լիազորված պետական կառավարման մարմնի նախնական համաձայնությամբ:
Նախնական համաձայնություն ստանալու համար լիազորված պետական կառավարման մարմին ներկայացվող փաստաթղթերի, տեղեկությունների ցանկը և ձևը սահմանում է լիազորված պետական կառավարման մարմինը:
Լիազորված պետական կառավարման մարմինը սույն մասով սահմանված կարգով պահանջվող բոլոր փաստաթղթերն ստանալու օրվանից 30-օրյա ժամկետում քննում է դրանք: Լիազորված պետական կառավարման մարմնի կողմից պահանջվող որոշակի փաստեր պարզաբանելու նպատակով 30-օրյա ժամկետը կարող է լիազորված պետական կառավարման մարմնի որոշմամբ (հրամանով) կասեցվել: Լիազորված պետական կառավարման մարմնի կողմից 30-օրյա ժամկետում դիմումը չմերժելու կամ այդ ժամկետը կասեցնելու մասին անձին չտեղեկացնելու դեպքում համաձայնությունը համարվում է տրված:
Առանց լիազորված պետական կառավարման մարմնի նախնական համաձայնության ապահովագրական գործունեություն իրականացնողների կանոնադրական կապիտալում մասնակցության ձեռքբերման պայմանագիրն առ ոչինչ է:
Սույն հոդվածով սահմանված սահմանափակումները չեն տարածվում «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն հաշվետու թողարկող հանդիսացող ապահովագրողի կանոնադրական կապիտալում մասնակցության ձեռքբերման վրա, եթե դա կատարվել է ֆոնդային բորսայում և չի գերազանցում ապահովագրողի կանոնադրական կապիտալի 20 տոկոսը, իսկ գերազանցելու դեպքում լիազորված պետական կառավարման մարմնի նախնական համաձայնությունը ձեռք է բերվում օրենսդրությամբ սահմանված կարգով:
5. Ապահովագրական գործունեություն իրականացնողների` սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ղեկավարները, ինչպես նաև ակտուարը և գործակալը պետք է ունենան ապահովագրության ոլորտի համապատասխան մասնագետի որակավորում: Մասնագիտական որակավորման պահանջները և որակավորման ստուգման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` լիազորված պետական կառավարման մարմնի ներկայացմամբ:
6. Հայտատուների որակավորման ընթացակարգի կազմակերպումը և ստուգումն իրականացնում է ապահովագրական գործունեությունը կարգավորող և վերահսկողություն իրականացնող լիազորված պետական կառավարման մարմնի ստեղծած որակավորման հանձնաժողովը:
7. Որակավորում ստանալու համար կարող է դիմել տասնութ տարին լրացած և գործունակ ցանկացած ֆիզիկական անձ, որը`
ա) ունի միջնակարգ մասնագիտական կամ բարձրագույն կրթություն.
բ) համապատասխանում է սույն հոդվածի 3-րդ մասի պահանջներին.
գ) որակավորման համար դիմում ներկայացնելու օրվան նախորդող մեկ տարվա ընթացքում սույն հոդվածի 9-րդ մասով սահմանված հիմքերով չի զրկվել որակավորումից.
դ) դիմումի հետ ներկայացրել է նաև օրենսդրությամբ նախատեսված այլ փաստաթուղթ:
8. Որակավորման ստուգման դրական արդյունքների դեպքում որակավորման հանձնաժողովի կողմից տվյալ անձին տրվում է ապահովագրության ոլորտի համապատասխան մասնագետի որակավորման վկայական: Որակավորման վկայականները տրվում են երեք տարի ժամկետով:
9. Որակավորման հանձնաժողովի եզրակացության հիման վրա լիազորված պետական կառավարման մարմնի որոշմամբ (հրամանով) որակավորված անձը կարող է զրկվել որակավորումից, եթե նա`
ա) որակավորման համար նախկինում ներկայացված դիմումում որևէ էական փաստ է խեղաթյուրել կամ բաց թողել.
բ) որակավորումն ստանալուց հետո դատապարտվել է դիտավորությամբ կատարած հանցագործության կամ անզգուշությամբ կատարած տնտեսական հանցագործության համար.
գ) իր գործունեության արդյունքով պատճառ է հանդիսացել ապահովագրական գործունեություն իրականացնողի նկատմամբ մեկ տարվա ընթացքում ոչ պակաս, քան նույն հիմքով երկու կամ տարբեր հիմքերով երեք անգամ, օրենքով սահմանված պատասխանատվության միջոցների կիրառման:
Որակավորումից զրկված անձը պարտավոր է զրկման պահից 10 աշխատանքային օրվա ընթացքում վերադարձնել որակավորման վկայականը:
10. Առանց սույն օրենքին համապատասխան որակավորում ստանալու` արգելվում է ապահովագրական գործունեություն իրականացնողների անունից կամ նրանց կազմում մասնագիտական գործունեություն իրականացնելը:
11. Սույն հոդվածի 9-րդ մասի համաձայն` որակավորումից զրկվելու դեպքում տվյալ անձինք զրկվում են Հայաստանի Հանրապետության տարածքում ապահովագրական գործունեություն իրականացնող ընկերություններում համապատասխան պաշտոն զբաղեցնելու կամ վերջիններիս ծառայություններ մատուցելու իրավունքից և պետք է ազատվեն զբաղեցրած պաշտոնից համապատասխան որոշումը (հրամանը) ստանալու հաջորդ օրվանից: Ապահովագրական գործունեություն իրականացնողը սույն մասով սահմանված դեպքում պետք է նշանակի փոխարինող պաշտոնակատար անձ` սույն օրենքի 11-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն: