Հոդված 16. ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՀԱՏՈՒՑՈՒՄԸ ԿԱՄ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՒՄԱՐԸ
Հոդված 16. ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՀԱՏՈՒՑՈՒՄԸ ԿԱՄ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՒՄԱՐԸ
1. Ապահովագրական հատուցումը (ապահովագրական գումարի վճարումը) իրականացվում է ապահովագրողի կողմից ապահովագրության պայմանագրին և օրենսդրությանը համապատասխան` հիմք ընդունելով ապահովադրի (ապահովագրված անձի, շահառուի) հայտարարությունը, վթարային հավաստագիրը, գույքային ապահովագրության դեպքում` նաև վնասների պատճառները և չափը հավաստող` համապատասխան լիազորված մարմինների կողմից հաստատված փաստաթղթերը: Վնասի չափը կարող են հավաստել նաև համապատասխան մասնագիտացված կազմակերպությունները: Եթե դա նախատեսված է օրենսդրությամբ, գույքային ապահովագրության դեպքում, որպես ապահովագրողի կողմից ապահովագրական հատուցում վճարելու համար հիմք հանդիսացող` վնասների պատճառները և չափը հավաստող փաստաթուղթ կարող է դիտարկվել համապատասխան անկախ փորձագետի եզրակացությունը:
2. Վթարային հավաստագիրը կազմում է ապահովագրողը կամ նրա լիազորած անձը, որն իրավունք ունի ապահովագրական պատահարի հետ կապված լրացուցիչ տվյալներ հավաքագրել իրավապահ մարմիններից, բանկերից, առողջապահական հիմնարկներից, պետական կառավարման մարմիններից և այն անձանցից, որոնք տնօրինում են ապահովագրական պատահարի առաջացման հանգամանքների մասին տեղեկատվությունը, ինչպես նաև իրավունք ունի պարզել ապահովագրական պատահարի առաջացման պատճառները և հանգամանքները:
3. Ապահովագրողն ապահովագրական հատուցում (ապահովագրական գումար) վճարելու (մերժելու) որոշումն ընդունելու համար օրենսդրությամբ սահմանված անհրաժեշտ բոլոր փաստաթղթերն ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, ապահովադրին (ապահովագրված անձին, շահառուին) տալիս է գրավոր եզրակացություն` ապահովագրական հատուցումը (ապահովագրական գումարը) վճարելու կամ այն մերժելու վերաբերյալ:
4. Ապահովագրական հատուցումը կամ ապահովագրական գումարը վճարվում է միանվագ` դրա վերաբերյալ ապահովագրողի տված եզրակացության օրվանից 30-օրյա ժամկետում, եթե ապահովագրության պայմանագրով այլ բան նախատեսված չէ:
5. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինները, ինչպես նաև իրավաբանական և ֆիզիկական անձինք պարտավոր են իրենց դիմելուց հետո` 30 օրվա ընթացքում, ապահովագրողին հայտնել ապահովագրական պատահարի հետ կապված, այդ թվում` առևտրային գաղտնիք համարվող տեղեկությունները` օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով: Ապահովագրողը պատասխանատվություն է կրում ստացված` առևտրային և բանկային գաղտնիք համարվող տեղեկությունների հրապարակման համար, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
6. Միայն ապահովագրության օբյեկտի ամբողջական կորստի դեպքում ապահովագրական հատուցման գումարը համապատասխանում է ապահովագրական գումարին:
7. Ապահովագրական հատուցման վճարումից հետո գույքային ապահովագրության պայմանագրով նախատեսված ապահովագրական գումարը պակասեցվում է վճարված հատուցման չափով, եթե ապահովագրության պայմանագրով այլ բան նախատեսված չէ: Ապահովագրողներն իրավունք ունեն, ապահովադրի համաձայնությամբ և նրա կողմից լրացուցիչ ապահովագրավճար մուծելու դեպքում, վերականգնել ապահովագրական գումարի նախնական չափը:
8. Ապահովագրողի կողմից ապահովագրական հատուցման կամ ապահովագրական գումարի վճարումը մերժելու հիմք է հանդիսանում`
ա) ապահովադրի կամ ապահովագրված անձի կամ շահառուի կողմից ապահովագրական պատահարի առաջացմանն ուղղված դիտավորյալ գործունեությունը.
բ) ապահովադրի կողմից ապահովագրողին ապահովագրության օբյեկտի վերաբերյալ դիտավորյալ ոչ հավաստի տեղեկություններ ներկայացնելը, բացառությամբ այն դեպքերի, որոնք էական նշանակություն չեն ունեցել ապահովագրական ռիսկի գնահատման համար.
գ) օրենքով նախատեսված այլ դեպքեր:
9. Ապահովագրության պայմանագրով կարող են նախատեսվել ապահովագրական հատուցման կամ ապահովագրական գումարի վճարումը մերժելու նաև այլ դեպքեր, եթե դրանք չեն հակասում օրենքներին:
10. Ապահովագրական հատուցման կամ ապահովագրական գումարի վճարման մերժումը կարող է բողոքարկվել դատական կարգով:
11. Ապահովագրական հատուցման կամ ապահովագրական գումարի վճարումը կարող է հետաձգվել, եթե ապահովադրի (ապահովագրված անձի կամ շահառուի) նկատմամբ հարուցվել է քրեական գործ` կապված ապահովագրական պատահարի առաջացման հետ, ինչպես նաև ապահովագրության պայմանագրով նախատեսված այլ դեպքերում: