Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2005-08-22-ից մինչև 2006-01-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 11. ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ, ԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

գործել է մինչև 2006-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 11. ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ, ԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

1. Ապահովագրական գործունեություն իրականացնողների կառավարման մարմինների կազմավորման և գործունեության կարգը, նրանց իրավասությունների շրջանակները սահմանվում են օրենսդրությանը համապատասխան և ընկերության կանոնադրությամբ, եթե սույն օրենքով այլ բան սահմանված չէ:

2. Ներքին կազմակերպական կառուցվածքում պարտադիր են`

ա) ապահովագրողի մոտ` վարչության նախագահի կամ գործադիր տնօրենի, գլխավոր հաշվապահի կամ հաշվապահական հաշվառման ստորաբաժանման ղեկավարի, իսկ կյանքի ապահովագրություն իրականացնողների կազմակերպական կառուցվածքում` նաև ակտուարի կամ ակտուարային ստորաբաժանման ղեկավարի հաստիքները, բացառությամբ լիազորված պետական կառավարման մարմնի հետ համաձայնեցված կարգով ակտուարական գործունեությամբ զբաղվող կազմակերպության հետ կնքված պայմանագրի առկայության դեպքի (այսուհետ` ակտուար).

բ) ապահովագրական բրոքերի մոտ` վարչության նախագահի կամ գործադիր տնօրենի, գլխավոր հաշվապահի կամ հաշվապահական հաշվառման ստորաբաժանման ղեկավարի հաստիքները:

3. Ապահովագրական գործունեություն իրականացնողները` նշանակումից կամ փոփոխությունից հետո` 10-օրյա ժամկետում, պարտավոր են լիազորված պետական կառավարման մարմին ներկայացնել գործադիր տնօրենի (վարչության նախագահի) նշանակման մասին ընկերության բաժնետերերի ժողովի կամ մասնակիցների ժողովի որոշման պատճենը, օրենսդրությամբ սահմանված կարգով նրան տրված որակավորման վկայականի պատճենն ու ստորագրության նմուշը և գլխավոր հաշվապահի ստորագրության նմուշն ու նրա նշանակման մասին ընկերության գործադիր տնօրենի (վարչության նախագահի) հրամանի պատճենը, իսկ կյանքի ապահովագրություն իրականացնող ապահովագրողները` նաև ակտուարի ստորագրության նմուշն ու նրա նշանակման մասին ընկերության գործադիր տնօրենի (վարչության նախագահի) հրամանի պատճենը կամ ակտուարական գործունեությամբ զբաղվող կազմակերպության հետ կնքված պայմանագրի պատճենը:

4. Ապահովագրական գործունեություն իրականացնողների իրավասություններն ու պարտականությունները սահմանվում են`

ա) գործադիր տնօրենի (վարչության նախագահի) համար` օրենսդրությամբ և ընկերության կանոնադրությամբ.

բ) գլխավոր հաշվապահի (հաշվապահական հաշվառման ստորաբաժանման ղեկավարի) համար` օրենսդրությամբ:

5. Ակտուարը պատասխանատու է ապահովագրողի կողմից ապահովագրության յուրաքանչյուր տեսակի գծով կիրառվող ապահովագրական սակագնի հիմնավորման համար:

Ապահովագրական սակագների հիմնավորումով փաստաթղթերը լիազորված պետական կառավարման մարմին ներկայացվում են ընկերության գործադիր տնօրենի (վարչության նախագահի) և, առկայության դեպքում, նաև ակտուարի ստորագրությամբ:

6. Լիազորված պետական կառավարման մարմինն իրեն ներկայացվող փաստաթղթերը կարող է չընդունել կամ վերադարձնել ապահովագրողին, եթե դրանց վրա բացակայում են սույն հոդվածի 2-րդ մասով պահանջվող պաշտոնատար անձանց ստորագրությունները, կամ եթե այդ փաստաթղթերի վրա դրված ստորագրությունները տարբերվում են ապահովագրողի կողմից ներկայացված համապատասխան պաշտոնատար անձանց ստորագրությունների նմուշից: Այս դեպքում այդ փաստաթղթերը համարվում են չներկայացված:

7. Ապահովագրական գործունեություն իրականացնողները պարտավոր են իրենց պաշտոնատար անձի կողմից փաստաթղթերն ստորագրելու անհնարինության դեպքում նշանակել փոխարինող պաշտոնակատար անձ և պատշաճ կերպով տեղեկացնել այդ մասին լիազորված պետական կառավարման մարմնին` սույն հոդվածի 3-րդ մասի համաձայն:

8. Ապահովագրական գործունեություն իրականացնողների կանոնադրական կապիտալը համալրելու կամ բաժնեմաս (բաժնետոմս) կամ փայամասնակցություն ձեռք բերելու նպատակով վճարումը պետք է իրականացվի բացառապես դրամական արտահայտությամբ:

9. Ապահովագրական գործունեություն իրականացնողները պարտավոր են իրենց գտնվելու վայրի փոփոխության, ինչպես նաև կանոնադրության փոփոխություններն իրավական ուժ ստանալու դեպքերում 10-օրյա ժամկետում դրանք ներկայացնել լիազորված պետական կառավարման մարմին:

10. Ապահովագրական գործունեություն իրականացնողները կարող են Հայաստանի Հանրապետությունում և նրա տարածքից դուրս Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստեղծել մասնաճյուղ, որն ապահովագրական գործունեություն իրականացնողի գտնվելու վայրից դուրս գտնվող առանձնացված ստորաբաժանում է, գործում է նրա տված լիազորությունների սահմաններում և ապահովագրական գործունեություն է իրականացնում նրա անունից: Ապահովագրական գործունեություն իրականացնողների մասնաճյուղերը ենթակա են հաշվառման լիազորված պետական կառավարման մարմնի կողմից: Ապահովագրական գործունեություն իրականացնողները մասնաճյուղ կարող են ստեղծել այն ստեղծելու վերաբերյալ տնտեսական ծրագիր (հիմնավորում) լիազորված պետական կառավարման մարմին ներկայացնելուց և նրա կողմից հավանության արժանանալուց հետո: Ապահովագրական գործունեություն իրականացնողների մասնաճյուղերի գրանցման կարգը, ինչպես նաև տնտեսական ծրագրի (հիմնավորման) հիմնական սկզբունքներն ու ներկայացման կարգը կարող է սահմանել Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Ապահովագրական գործունեություն իրականացնողները չեն կարող ստեղծել այլ առանձնացված ստորաբաժանումներ, բացի մասնաճյուղերից:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։