Հոդված 9
Հոդված 9
1. Բանակցային պատվիրակության ղեկավարն իրականացնում է երրորդ կողմին փոխանցվող՝ բանակցային պատվիրակության բանակցային դիրքորոշումը պարունակող փաստաթղթերի նախագծերի գրավոր համաձայնեցումն անդամ պետությունների հետ։
Փաստաթղթերի համապատասխան նախագծերի համաձայնեցումն իրականացվում է անդամ պետությունների կողմից՝ փոխգործակցության կարգով սահմանված ժամկետում։
Հանձնաժողովի կողմից երրորդ կողմից ստացվող նյութերն ուղարկվում են անդամ պետություններ՝ փոխգործակցության կարգով սահմանված ժամկետում։
2. Անհրաժեշտության դեպքում լրացուցիչ համաձայնեցում (բանակցային դիրքորոշում մշակելու նպատակով) կարող է անցկացվել Հանձնաժողովի հարթակում կազմակերպվող՝ անդամ պետությունների միջև խորհրդակցությունների շրջանակներում, ինչպես նաև Հանձնաժողովի կոլեգիային առընթեր համապատասխան խորհրդատվական մարմինների նիստերի շրջանակներում։
Բանակցային պատվիրակության բանակցային դիրքորոշման մշակումն իրականացվում է փոխգործակցության կարգին համապատասխան։
Նշված խորհրդակցությունների շրջանակներում բանակցային պատվիրակության բանակցային դիրքորոշումը համաձայնեցնելու անհնարինության դեպքում համապատասխան հարցը ներկայացվում է Հանձնաժողովի խորհրդի ուսումնասիրմանը։
3. Բանակցությունների փուլերի ընթացքում բանակցային պատվիրակությունը գործում է բացառապես հրահանգների ու անդամ պետությունների կողմից համաձայնեցված՝ բանակցային պատվիրակության բանակցային դիրքորոշման շրջանակներում։
Բանակցային պատվիրակության ղեկավարը բանակցային պատվիրակության անունից պաշտոնապես ներկայացնում է նախաձեռնությունները և պաշտոնապես համաձայնեցնում է անդամ պետությունների կողմից նախնական կարգով հավանության արժանացած՝ երրորդ կողմի առաջարկները։
Բանակցային պատվիրակության ղեկավարն իրականացնում է բանակցային խմբերի աշխատանքը համակարգող փորձագետների գործունեության համակարգումը, այդ թվում՝ անդամ պետությունների հետ համաձայնեցված՝ բանակցային պատվիրակության բանակցային դիրքորոշումը պահպանելու նպատակներով։
4. Բանակցային պատվիրակության ղեկավարը փոխգործակցության կարգով սահմանված ժամկետում բանակցությունների յուրաքանչյուր փուլի արդյունքներով անդամ պետություններ ու Հանձնաժողով է ուղարկում բանակցությունների ընթացքի և միջազգային պայմանագրի նախագծի մասով աշխատանքների արդյունքների վերաբերյալ հաշվետվություն, բանակցությունների նախորդ փուլի արդյունքներով նախապատրաստված՝ միջազգային պայմանագրի նախագիծը, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, այլ նյութեր՝ անդամ պետությունների հարցումով։
5. Փոխգործակցության կարգով սահմանված ժամկետում անդամ պետությունները Հանձնաժողով են ուղարկում առաջարկներ՝ սույն հոդվածի 4-րդ կետում նշված նյութերի մշակման արդյունքների վերաբերյալ։
6. Բանակցությունների արդյունքներով նախապատրաստված՝ միջազգային պայմանագրի նախագիծը, այն լեզվով (լեզուներով), որով (որոնցով) այն համաձայնեցվել է երրորդ կողմի հետ, Միության մարմինների աշխատանքային լեզվով թարգմանության կցմամբ, Հանձնաժողովի կողմից ուղարկվում է անդամ պետություններ՝ ներպետական համաձայնեցում անցկացնելու համար։
Անդամ պետության պահանջով կամ այն դեպքում, երբ անդամ պետության օրենսդրությամբ նախատեսված է, որ միջազգային պայմանագրի նախագծի ներպետական համաձայնեցումն իրականացվում է անդամ պետության պետական լեզվով, կամ այն դեպքում, երբ միջազգային պայմանագիրն ստորագրվում է բոլոր անդամ պետությունների պետական լեզուներով, միջազգային պայմանագրի նախագիծը՝ դրա ներպետական համաձայնեցումն անցկացնելու համար, Հանձնաժողովի կողմից ուղարկվում է այդ անդամ պետությունների պետական լեզուներով թարգմանության կցմամբ։
7. Ներպետական համաձայնեցման արդյունքներով՝ միջազգային պայմանագրի նախագիծը լրամշակվում, համաձայնեցվում է երրորդ կողմի հետ և, Միության մարմինների աշխատանքային լեզվով թարգմանության կցմամբ, ուղարկվում է անդամ պետություններ՝ դրա ստորագրման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն անցկացնելու և Բարձրագույն խորհրդի հետագա ուսումնասիրմանն այն ներկայացնելու համար։
8. Բոլոր անդամ պետությունների պետական լեզուներով միջազգային պայմանագիրն ստորագրելու դեպքում անդամ պետություններն ապահովում են միջազգային պայմանագրի նախագծի՝ սույն հոդվածի 6-րդ կետի երկրորդ պարբերությանը համապատասխան կցված՝ համապատասխան պետական լեզվով թարգմանության լրամշակումը, և այն ուղարկում են Հանձնաժողով՝ միջազգային պայմանագրի ստորագրման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն անցկացնելու արդյունքների վերաբերյալ տեղեկատվությունն ուղարկելուց ոչ ուշ։
Ոչ ուշ, քան միջազգային պայմանագրի նախագծի՝ համապատասխան պետական լեզվով թարգմանությունները յուրաքանչյուր անդամ պետությունից ու երրորդ կողմից ստանալու օրվանից 5 օրացուցային օրվա ընթացքում Հանձնաժողովը նշված թարգմանություններն ուղարկում է մյուս անդամ պետություններ։
Բաժին V
Միջազգային պայմանագրի ստորագրումը