Հոդված 1
Հոդված 1
Սույն համաձայնագրի նպատակներով օգտագործվում են հետևյալ սահմանումները.
ապրանք ՝ առարկա, որը բավարարում է հանրային որևէ պահանջ և արտադրված է վաճառքի ու փոխանակման համար, այսինքն՝ ունի այլ ապրանքների հետ դրա փոխանակման գործընթացում սահմանված արժեք,
ապրանքային նշան ՝ նշագիր, որը պահպանվում է սույն համաձայնագրի մասնակից պետությունների օրենսդրությանը և այն միջազգային պայմանագրերին համապատասխան, որոնց մասնակիցներն են իրենք, և որը ծառայում է քաղաքացիական շրջանառության որոշ մասնակիցների ապրանքները քաղաքացիական շրջանառության մյուս մասնակիցների ապրանքներից առանձնացնելու համար,
աշխարհագրական նշում ՝ նշագիր, որի նկատմամբ իրավունքները ծագել են սույն համաձայնագրի մասնակից պետությունների օրենսդրությանը համապատասխան, և որով ապրանքը նույնականացվում է որպես սույն համաձայնագրի մասնակից պետությունների տարածքներից, շրջանից կամ այդ տարածքների տեղանքից ծագող ապրանք, եթե ապրանքի որակը, համբավը կամ այլ բնութագրեր առավելապես պայմանավորված են դրա աշխարհագրական ծագմամբ։
Կողմերն ընդունում են, որ աշխարհագրական նշումները կարող են պահպանվել որպես ապրանքների ծագման վայրերի անվանումներ՝ սույն համաձայնագրի մասնակից պետությունների օրենսդրությանը համապատասխան,
կեղծ ապրանքային նշան՝ նշագիր, որի զետեղումն ապրանքի վրա խախտում է համապատասխան ապրանքային նշանների իրավատերերի իրավունքները և (կամ) կարող է սպառողներին մոլորության մեջ գցել ապրանքի որակի, ծագման կամ այլ բնութագրերի առումով,
կեղծ աշխարհագրական նշում ՝ նշագիր, որի զետեղումն ապրանքի վրա խախտում է համապատասխան աշխարհագրական նշումների իրավատերերի իրավունքները և (կամ) կարող է սպառողներին մոլորության մեջ գցել ապրանքի որակի, ծագման կամ այլ բնութագրերի առումով։