Հոդված 259. Մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորման վկայականի գործողությունը դադարեցնելու հիմքերը և կարգը
Հոդված 259. Մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորման վկայականի գործողությունը դադարեցնելու հիմքերը և կարգը
1. Մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորման վկայականի գործողությունը դադարեցվում է, եթե`
1) հաստատվում է մաքսային ձևակերպումների մասնագետի` կեղծ փաստաթղթեր օգտագործելու միջոցով որակավորման վկայական ստացած լինելու փաստը.
2) օրինական ուժի մեջ է մտնում մաքսային ձևակերպումների մասնագետի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու վերաբերյալ դատական ակտը.
3) խախտվել են սույն օրենքի 263-րդ հոդվածով սահմանված պահանջները.
4) վկայականը ստացած անձը կորցրել է մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորումը՝ սույն օրենքի 258-րդ հոդվածի 4-րդ մասին համապատասխան.
5) մաքսային ձևակերպումների մասնագետը դատապարտվել է մաքսանենգության, խարդախության կամ զեղծարարության համար, և դատվածությունը սահմանված կարգով մարված կամ վերացված չէ:
2. Մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորման վկայականի գործողությունը դադարեցնելու վերաբերյալ որոշումն ընդունում է մաքսային մարմնի համապատասխան պաշտոնատար անձը։ Նշված որոշման պատճենը թղթային կամ էլեկտրոնային եղանակով տրամադրվում է այն անձին, որի առնչությամբ ընդունվել է այդ որոշումը, այն ընդունելուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում։
3. Մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորման վկայականի գործողության դադարեցման որոշումը կարող է բողոքարկվել վերադասության կարգով կամ դատարան:
4. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերով նախատեսված հիմքով մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորման վկայականի գործողությունը դադարեցված լինելու դեպքում անձը մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորման քննություններին Կոմիտեի սահմանած կարգով կարող է մասնակցել վեց ամսից ոչ շուտ՝ որակավորման վկայականի գործողությունը դադարեցնելու մասին որոշման կայացման օրվանից: