Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2026-04-18-ից մինչև 2026-07-19։Բացել գործող տեքստը
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 3 · ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ՝ ԸՍՏ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԻ

Հոդված 11. Մաքսային մարմինների կողմից ապրանքների դասակարգման վերաբերյալ նախնական որոշումների ընդունումը և պարզաբանումները

գործել է մինչև 2026-07-19Բացել ARLIS-ում

Հոդված 11. Մաքսային մարմինների կողմից ապրանքների դասակարգման վերաբերյալ նախնական որոշումների ընդունումը և պարզաբանումները

1. Մաքսային մարմինը հայտարարատուի կամ նրա լիազորած անձի դիմումի հիման վրա ապրանքների՝ ըստ ԱՏԳ ԱԱ-ի դասակարգման վերաբերյալ կարող է ընդունել նախնական որոշում՝ Միության մաքսային օրենսգրքի 3-րդ գլխին և սույն հոդվածով սահմանված դրույթներին համապատասխան:

2. Միության մաքսային օրենսգրքի 21-րդ հոդվածի 6-րդ կետին համապատասխան՝ մաքսային մարմինները կարող են ընդունել ապրանքների առանձին տեսակների դասակարգման որոշումներ և տալ պարզաբանումներ՝ Կոմիտեի սահմանած կարգով: Սույն մասով սահմանված որոշումները կամ պարզաբանումները հրապարակվում են Կոմիտեի պաշտոնական կայքում՝ այդպիսի որոշումների կամ պարզաբանումների տրամադրմանը հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում:

3. Կոմիտեն իր պաշտոնական կայքում հրապարակում է Հայաստանի Հանրապետության տարածքում անձանց համար, Միության մաքսային օրենսգրքի համաձայն, մաքսային մարմինների ընդունած նախնական և այլ որոշումներում ներառված տեղեկատվությունները, բացառությամբ շահագրգիռ անձին վերաբերող` պետական, առևտրային, բանկային և օրենքով պահպանվող այլ գաղտնիք կազմող տեղեկությունների:

4. Միության մաքսային օրենսգրքի 24-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան՝ այն դեպքում, երբ մաքսային մարմնի կողմից ապրանքների դասակարգման վերաբերյալ նախնական որոշում ընդունելու համար դիմումատուի ներկայացրած տեղեկությունները բավարար չեն, մաքսային մարմինը ոչ ուշ, քան ապրանքների դասակարգման վերաբերյալ նախնական որոշման ընդունման համար ներկայացված դիմումի գրանցումից հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում, դիմում ներկայացրած անձին էլեկտրոնային եղանակով կամ թղթային կրիչով հարցում է ուղարկում լրացուցիչ տեղեկություններ տրամադրելու անհրաժեշտության մասին` գրավոր ներկայացնելով այն տեղեկությունների ցանկը, որոնք պահանջվում են նախնական որոշում կայացնելու համար:

5. Եթե դիմում ներկայացրած անձը լրացուցիչ տեղեկություններ չի տրամադրում, կամ տրամադրված տեղեկությունները բավարար չեն նախնական որոշում կայացնելու համար, ապա մաքսային մարմինը նախնական որոշում չի ընդունում և այդ մասին ծանուցում է դիմողին:

6. Ապրանքների դասակարգման վերաբերյալ նախնական որոշումը մաքսային մարմինն ընդունում է ոչ ուշ, քան ապրանքների դասակարգման վերաբերյալ նախնական որոշման ընդունման համար ներկայացված դիմումի գրանցումից հետո՝ 30 օրվա ընթացքում, դիմումատուի կողմից Միության մաքսային օրենսգրքով և սույն օրենքով սահմանված՝ պահանջվող ամբողջ տեղեկատվությունը ներկայացվելու դեպքում:

7. Անկախ սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված ժամկետից՝ այն դեպքում, երբ անհրաժեշտություն է առաջանում առավել երկար ժամկետում ուսումնասիրելու ապրանքների դասակարգման վերաբերյալ նախնական որոշման ընդունման համար ներկայացված փաստաթղթերը և տեղեկությունները, ինչպես նաև այն դեպքում, երբ անհրաժեշտություն է առաջանում նշանակելու համապատասխան փորձաքննություն, ապրանքների դասակարգման վերաբերյալ նախնական որոշումը մաքսային մարմինն ընդունում է ոչ ուշ, քան ապրանքների դասակարգման վերաբերյալ նախնական որոշման ընդունման համար ներկայացված դիմումի գրանցումից հետո՝ 90 օրվա ընթացքում՝ այդ մասին ծանուցելով դիմումատուին:

8. Սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված հարցումն ուղարկելու դեպքում մաքսային մարմինների կողմից ապրանքի դասակարգման նախնական որոշման տրամադրման համար սույն հոդվածի 6-րդ և 7-րդ մասերով նախատեսված ժամկետները կասեցվում են մաքսային մարմնի կողմից լրացուցիչ տեղեկատվության ներկայացման անհրաժեշտության մասին հայտարարատուին կամ նրա լիազորած անձին ծանուցելու օրվանից մինչև պահանջվող տեղեկատվությունը ներկայացնելը և վերսկսվում են այդպիսի տեղեկատվությունը մաքսային մարմնի կողմից ստանալու օրվանից:

9. Կառավարությունը, Միության մաքսային օրենսգրքի 25-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան, կարող է սահմանել այն դեպքերը կամ ապրանքների ցանկը, որոնց համար մաքսային մարմնի տրամադրած՝ ապրանքների դասակարգման վերաբերյալ նախնական որոշման գործողության ժամկետը կազմում է դրա ընդունման օրվանից հինգ տարի:

10. Միության մաքսային օրենսգրքի 26-րդ հոդվածի 6-րդ կետի 4-րդ ենթակետով նախատեսված հիմքով ապրանքների դասակարգման վերաբերյալ նախնական որոշման հետկանչի մասին որոշումն ընդունվում է Համաշխարհային մաքսային կազմակերպության ընդունած՝ ապրանքների դասակարգման որոշումների հիման վրա և կիրառվում է ընդունման օրվանից:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։